You are currently viewing Իմ սերն աճում է երկրաչափական պրոգրեսիայով/ Միշա Մանուկյան

Իմ սերն աճում է երկրաչափական պրոգրեսիայով/ Միշա Մանուկյան

Իմ սերն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։
Ոչ մեկ չգիտի,
որ քո մասին
մի ամբողջ բանաստեղծություն եմ
լռում…

Այն հին օրերի մղձավանջն
այսօր խառնվել է
իմ ներկային,
անբովանդակ մտքի նման
անհասկացողականություն է միայն սփռում,
Քո մասին հաճախ խորհելուց
ուրվագծվում է հայացքը բաժանումի…

Բայց ափսոսում եմ,
որ չգիտեի՝
վերջին անգամ եմ
քեզ գրկում,
վերջին անգամ են մատներս քո մատներին հպում։
Եթե իմանայի` բաց չէի թողնի…

Հիմա, երբ քո մատներն ուրիշինն են,
ու երբ դու էլ իմը չես,
ճամփաբաժան եմ որոնում,
որ բաժանի իմ մտքերին` անվերջ դեպի քեզ ձգվող…

***

Չսպասելդ
իմ վերադարձի
պատճառը դարձավ։

Ինձ չսպասելը ցավապատեց ու
ստիպեց փոխել սիրո կանոնները։

Ես չգիտեի,
թե ով ես և
որտեղից ես եկել,
բայց այնքան էի
կապկպվել քեզ,
որ չէի ուզում հեռանայիր։

Հիմա թվում է,
թե դու երբեք
իմը չես եղել
ու չեն հպվել մեր հայացքներն իրար
այն անմեղ այգիներում,
որտեղ լցվում էինք իրարով.
մի հավերժություն էր։
Այսօր ինձ մի հավերժություն ես պարտք։
Ես այդ հավերժությանը կսպասեմ մի ամբողջ
հավերժություն։

Չսպասեցիր,
Եկա… ու իմ գալը
ոչինչ փոխել չկարողացավ։