You are currently viewing Մինչև նորից ինձ կտեսնես…/ Նարեկ Կոսմոս

Մինչև նորից ինձ կտեսնես…/ Նարեկ Կոսմոս

Զգա՞մ պակասությունդ անկողնումս.․.
սենյակիս օդը անվերջ 
բացակայությունդ է թարգմանում, 
կարոտի բոլոր լեզուներով…
ես այնքան եմ ատում ինձ,
երբ կողքիս չես…
ու երբ կողքիս չես,
մատներս ստիպված
ճանկռում են օդը սենյակիս,
հույսով, որ կերևաս 
որևէ մոլեկուլի մեջ…
թթվածնի էն կտորը,
որ շնչել ես դու, 
ես կպահեմ դարակումս
ու երբ չլինենք մոտիկ, 
ես շնչածդ թթվածնի
կտորներից
ինձ վերմակ կկարեմ, 
որ մի քիչ զգամ քեզ, 
մի քիչ…
ձեռքս հանցագործ, 
ձեռքդ ոստիկան,
ձեռքդ միշտ բռնում է ձեռքս…
մնա,
որպես միակ կատու,
ով գիտի մնալ…
անշոր ու սպիտակ
թող մնան ուսերդ, 
որտեղ միշտ կապրի
դողը,
ու մարմինդ միշտ 
թող փշաքաղվի
իմ ամեն երգից…
իսկ ես փշերը կքաղեմ
ամեն անգամ, երբ նվագեմ քո մասին…
Զգա՞մ բացակայությունդ անկողնումս…
ախր ես արտագրում եմ տաքությունդ
մաշկիս վրա,
ախր ես քո մասին գրվող ամեն բան 
համարում եմ գողություն քեզնից…
որովհետև ես կտոր-կտոր քեզ 
գողանալու եմ, 
հոգիդ իմն եմ պահելու, 
մարմինդ էլ, 
երբ որոշես գնալ.
մնա…
երբ որոշես գնալ.
մնա…
Ես սավանիս նկարում եմ քեզ…
անընդհատ… անընդհատ…
ես չեմ ուզում քեզ կորցնել
անընդհատ ու անընդհատ…
չեմ ուզում զգալ բացակայությունդ
ոչ մի տեղ…
ես կգնեմ տիեզերքը 
քեզնով։ 
Ես տիեզերքը կփոխարինեմ քեզ հետ, 
աստղերին կուղարկեմ արձակուրդ,
լուսնին կուղարկեմ թոշակի,
(սպիտակել է վաղուց…)
միայն թե տիեզերքից դուրս
հարմար մի տուն գտնեմ
տան վարձը չտալու
անպատասխանավությամբ 
ու քեզ անընդհատ մոտ լինելու 
սրտով…
Օրերն ինքնակամ ցած են
թափվում օրացույցից,
երբ իմանում են,
որ չեմ տեսել քեզ…
Վայրկյանները 
կախվում են րոպեներից, 
ինքնասպան են լինում,
երբ դու չկաս
ու երբ ես էլ չկամ…
Մնա, մնա…
եթե գնալու ես,
մնա՛…
մենակ թե մաշկիդ հոտը փակիր շշում,
տուր ինձ, 
որ աշխարհում 
սիրտս լաց լինի
ու ոչ մի օղի ինձ չբավարարի
խմեմ հոտդ։ 
Որ խայտառակ լինեմ
պատահած մենակությանս մեջ, 
որ մնամ, 
որ մնամ…

Տուր ինձ քեզ, 
դու գնա…
տուր ինձ քեզ ու գնա…
դուռը փակիր ու 
մի արի հետևիցդ…

Ես քեզ կպահեմ 
միակ կատու,
կպահեմ գաղտնիքի պես։ 
Ցածրաձայն կխոսեմ,
ցածրաձայն կգոռամ քո մասին…
բայց 
թափրտվիր սենյակումս, 
բոթասներդ մահճակալի տակ, շորերդ պատուհանագոգին,
աչքերդ` աչքերիս…

Տուր ինձ քեզ 
ու դու գնա…

***

Ես քո ափսեի հատակին դեմք առած նախշ եմ,
իսկ դու պատառաքաղով
անվերջ խազում ես գոյությունս…

Գիտեմ, որ ափսեն դատարկ չի մնա
ու դեռ կլողամ քեզ կշտացնող ապուրներում…

Բայց երբ ձանձրանաս
ու
սովդ սիրո վերածվի,
խազի՛ր գոյությունս,
ես պատրաստ եմ անվերջ
լողալ քեզ կշտացնող ապուրներում…

Թե մի օր էլ
ապուրը կիսատ թողնես
ու սոված մնաս,
ես կխեղդվեմ…
Կեր մինչև վերջ,
մինչև նորից ինձ կտեսնես…