You are currently viewing Քահանայական ձեռանդրություն Ստեփանակերտի Մայր Տաճարում

Քահանայական ձեռանդրություն Ստեփանակերտի Մայր Տաճարում

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում քահանայական անդրանիկ ձեռնադրության խորհրդավոր արարողությունը սկսվել է նոյեմբերի 12-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին։ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարվել է ընծայման կարգ։ Նորընծան ՊԲ գնդերեց, ԱԹ Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանն էր:

Հաջորդ օրը կիրակնօրյա պատարագի ընթացքում Գոռ սարկավագն արժանացել է քահանայության աստիճանի։ Նա անվանակոչվել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյան։

— 25 տարի առաջ նոյեմբերի 13-ին հիմնադրվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը։ Գոռ սարկավագը, որն այսօր սրբալույս մյուռոնի դրոշմով օծվեց քահանա, յոթ տարի իր ծառայությունն է բերել ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը,- քարոզում ասաց ձեռնադրող հոգևորականը՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։- ՊԲ գնդերեցը տնօրինել է նաև ԱԹ ՔԴՔԿ-ն։ Նորաօծ քահանան՝ Տեր Վաչագան Գյուրջյանը, ստանձնում է այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ հոգևոր առաքելությունը շարունակելու պարտավորությունը։ Աղոթենք, որպեսզի Տերը զորացնի նրան իր նվիրյալ ծառայության մեջ, և նա կարողանա արդարացնել բոլորիս հույսերը։

Սրբազան Հայրը տեղի ունեցածն այսպես է մեկնաբանել ներկաներին․

— Բոլորիդ աչքի առաջ հին մարդը գնաց, նոր մարդը եկավ։ Աստծո աներևույթ ներկայությամբ, մեր հայրերի սրբազան կաննոների համաձայն, աղոթքների և շարականների ներքո Սուրբ Հոգու շնորհներն իջան նվիրյալի ամբողջ էության վրա։ Փոխվեց մարդու ինքնությունը։ Փոխվեց մարդ արարածը։ Կերպարանափոխվեց։ Անվանափոխվեց։ Զգեստափոխվեց։ Սա կոչվում է խորհուրդ։

Վրթանես Սրբազանն անդրադարձել է նաև նորաօծ ձեռնադրյալի անվանը։ Իր սիրելի քրիստոնյա առաջնորդներից մեծագույնն է Վաչագան թագավորը, որը որպես անվան վրադիր կրում էր Բարեպաշտ տիտղոսը։ Թեմակալ առաջնորդը հույս է հայտնել, որ ընդառաջելով մեր խնդրանքներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մի օր կսրբացնի Վաչագան Բարեպաշտին։

Վրթանես Սրբազանը շնորհավորել է բոլորին՝ ձեռնարդրված հոգևորականի ծնողներին, կնոջը, փոքրիկ դստերը, հարազատներին ու մերձավորներին, հորդորել լծակից և աղոթակից լինել տեր հորը՝ նրա անշեղ ծառայության ընթացքում։

Պատարագի ընթացքում նորաօծ Տեր Վաչագան քահանան իր առաջին օրհնությունն է փոխանցել ներկաներին։ Փոխանցել է նաև իր հոգեապրումները, որոնք խիստ հակասական էին ու խորհրդավոր։

— Ինձ այսօր տրվեց Վաչագան անունը։ Վաչագանը Հայոց Արևելից կողմանց (Արցախ և Ուտիք) պետության թագավորն էր 480-ական թվականների վերջերից, որի իշխանության օրոք Արցախն իր հզորության գագաթնակետին էր հասել,- օրվա ապրումներից այս դրվագն է առանձնացրել նորաօծ տեր Վաչագան քահանան։- Ըստ աղբյուրների նա տարվա օրերի քանակով եկեղեցիներ է կառուցել Արցախում, իր պետությունը դարձրել հոգևոր անառիկ ամրոց։ Իմ զենքն այսուհետ կլինի Ավետարանի խոսքը և ուղեկիցը՝ Վաչագան Բարեպաշտ արքայի կերպարը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանան ծառայության կկոչվի իրեն վստահված թեմում ու եկեղեցում։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ