You are currently viewing «Մարդկային ճակատագրերի նկատմամբ անտարբերությունը ոչնչով չի արդարացվում»

«Մարդկային ճակատագրերի նկատմամբ անտարբերությունը ոչնչով չի արդարացվում»

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ «ՍՊԱՍՈՒՄ» ԳՐՔԻ ԱՌԹԻՎ


Երբ ակնհայտ կոչումով ես աշխարհ գալիս, եւ ազգային գոյի շարունակականության ապահովումը գերագույն նպատակ է, ու լինելդ սրբագույն պարտավորություններ է պարունակում, դու, կամա թե ակամա, դառնում ես քո բարդ ու ողբերգական ժամանակի պարտադիր վավերագրողը՝ գեղարվեստական խոսքով լինի, թե՛ օրագրությամբ։ Սա Նանար Սիմոնյանի պարագայում է, ում մասնագիտական կողմնորոշումը փաստացի հստակեցված է. Նանարը բանասիրական գիտությունների թեկնածու է, տասնյակ գրականագիտական հոդվածների, մենագրության («Հակոբ Կարապենց») հեղինակ եւ ոչ մի հավակնություն չունենալով բանաստեղծ կամ արձակագիր կոչվելու՝ վերջերս հրատարակել է «Սպասում» բանաստեղծությունների եւ հուշապատումների ժողովածուն։ Գիրքը խմբագրել եւ առաջաբանով ընթերցողին է ներկայացրել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը՝ Նանարի բանաստեղծական աշխարհը բնութագրելով որպես մարդկային ամենանուրբ զգացումների խոսքափունջ։


Գրքում ամփոփված բանաստեղծական խոսքը ծնվել, ամբողջացել ու հստակ ասելիք է դարձել մեր ժողովրդի համար եղերական, ծայրահեղ ծանր 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած անորոշության ժամանակում։ Ծանր ժամանակի դրոշմն իրեն զգացնել է տալիս գրեթե բոլոր բանաստեղծություններում եւ հուշագրության մեջ։ Գիրքն ամբողջության մեջ սթափության կոչ է նախ մեզ՝ որպես ազգի եւ հավաքական ուժի, հետո՝ մարդկային ցավին անտարբեր աշխարհին։


Փոթորիկ է մտնել հոգիս,
Պատեպատ է զարնվում…
Արթնանում է վրեժի ծովը
Եւ սպառնում է խժռել ինձ…
Փրկության է հասնում բառը,
Աղոթք դարձած’ փրկում ինձ…


Սակայն փրկությունը պայմանական է։ Պատերազմի հրեշավոր երախն իր ճանապարհին մոխրացնում է ամեն ինչ՝ տեղը թողնելով ցասում ու մռնչյուն, մարդուն փոխակերպելով հրեշավոր մարդակերի։ Եւ քչերն են կարողանում ընդհանուր արհավիրքի մեջ ամուր պահել կենսունակության բջիջն ու հավատալ ապրել-արարելով կորցրածը ետ բերելու իմաստնությանը. /Ճանապարհն ինձ/ մտքի թելերով, /արյան հետքերով/ Արցախ է տանում/։
Պատերազմական դժխեմ օրերի մեջ փորձարկման է դրվում մարդու մարդ մնալու պարագան։ Ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ ետաճ է ապրում. շահերի ետնաբեմում տարրալուծվում է մարդը՝ հանգելով ոչնչության’ եզրակացնում է բանաստեղծուհին։
Ն. Սիմոնյանի բանաստեղծական մտորումները ինքնաբուխ են, առանց հատուկ ճգնումների։ Դրանք սիրո, տագնապի, նվիրումի խոստովանություններ են։ Ու խոստովանությունները՝ բացարձակորեն իրար միաձույլ, նույն հասցեն ունեն՝ Հայրենիքն իր բոլոր անտրոհելի սրբություններով։ Մարդուց ամեն ինչ հնարավոր է խլել՝ երջանկություն, հույս, ծննդավայր, բայց ո՛չ հիշողություն։ Հիշողության մեջ մեր կորուսյալ սրբությունները մերն են, մեր սիրո, ժպիտների, հեքիաթային ձմեռների ու սիրառատ ամառների հանգրվանակետերը («Իմ Շուշի»):
Նայելով բանաստեղծությունների թվագրումներին ու խորհրդածելով ասելիքի նրբություններում՝ երիցս համոզվում ես, որ պատերազմը զինադադարով չի ավարտվում, շարունակվում է. Անտիրությունն/ իր անտես թեւերն է/ տիրաբար տարածում/ Անդամահատված բնօրրանիս/ մահահոտ մթնոլորտում/(«Դժբախտությունն իր թեւերն է…»): Պատերազմի մահասարսուռ լլկումների մեջ մարդն ակամայից վեր է ածվում՝ «Ապրել — մեռնելու խաչմերուկներում դանդաղ մեռնողի» («Ես լռելու չափ…»):
Պատերազմի դաժանությունների ժխտումը հույս ու հավատի, ապրել-արարելու իմաստնություն է ծնում, հող ու հայրենիքի պաշտամունք, օտար ու գայթակղիչ հեռուներով տարվելու մոլուցքի ժխտման պատգամախոսություն («Տունդարձի ճամփան», «Մենք նույն լուսնին…»):
Արնոտ աշխարհի խիղճը մաքուր չէ։ Մարդկային ճակատագրերի նկատմամբ անտարբերությունը ոչնչով չի արդարացվում։ Մարդկային բարոյականության ետաճի այս պարագաներում բանաստեղծուհին չի տրվում կյանքի ունայնախոսության երանգներին, այդ ամենը նրա մոտ հաղթահարվում է հայրենիքի հավերժության հանդեպ ունեցած սիրով ու հավատով։
Տարաժամն ու իրականության անորոշությունը հակամետ զգացողություններ են ծնում։ Վաղուց խելագարված աշխարհը՝ որպես գործող հրաբուխ, գնում է դեպի ինքնակործանում.


Արցախյան երրորդ պատերազմով
Աշխարհի վերջի
սկիզբն ազդարարվեց։


Դժվարանում ես բանաստեղծուհու հետ համակարծիք չլինել։
Նանարի բանաստեղծությունների առաջին ժողովածուն պետք է առլեցուն լիներ անձնական սիրո բոցավառումներով, տարիքը թույլ է տալիս, սակայն՝ ոչ: Ժամանակը նրան պարտադրում է ինքն իրենից հասուն լինել։



Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ