You are currently viewing Արցախում ծնվող պոեզիան` գերմաներեն

Արցախում ծնվող պոեզիան` գերմաներեն

Աշնանային թաց երեկոն, ձմեռնամուտի առաջին ձյունն ակամայից ստեղծել են գրականությանը տրվելու տրամադրություն և երազական պահեր: Բայց դա խաբուսիկ տպավորություն էր: Կերպավորվել էր խորհելու, կարոտելու, թախծելու, սիրելու, աշխարհն ու իրականությունը բաց նյարդով զգալու, մտքերն իրար տալու, հակասելու, սթափվելու միջավայր: Նորին մեծություն գրականությունը գտել էր իրենով տարվածներին: Մտքի թևեր շոյող կապույտը համախմբել էր ստեղծագործողների, թարգմանիչների, ընթերցողների:

«Կապույտը շոյում է մտքիս թևերը» գրքի շնորհանդեսն առիթ դարձավ բացահայտել նաև նոր անուններ, որոնք ներկայանալու համարձակություն ունեցան: Իսկ գիրքը ժողովածու է, որտեղ հայերեն և գերմաներեն լեզուներով ներկայացված են 16 արցախցի հեղինակների բանաստեղծություններ: Գիրքը լույս է ընծայվել Եվրոպայում: Այն տպագրվել է գերմանական «Glare Verlag» հրատարակչությունում: Խմբագիրն ու թարգմանիչը գերմանաբնակ մեր հայրենակից Ագապի Մկրտչյանն է: Թումանյանի, Չարենցի, Տերյանի լեզվով գրված ստեղծագործությունները Գերմանիայում կընթերցվեն Հայնեի, Գյոթեի, Շիլլերի լեզվով:

— Արցախի բանաստեղծների ստեղծագործությունները գերմաներեն թարգամանելը հոգու պահանջ էր և պարտքի զգացում, Արցախին ծառայելու իմ ձևը,- ասաց Ագապի Մկրտչյանը: — Այն բոլոր գործերը, որոնք տեղ են գտել գրքում, իմ աչքերով, գերմաներեն լեզվի իմ ընկալումով, շատ լավն են, ամեն մեկը՝ յուրովի:

Թարգմանչուհին որոշել է գիրքը ներկայացնել Գերմանիայի տարբեր քաղաքներում և հիմնականում գերմանացի ընթերցողին: Դրանով նա նպատակ ունի վերաարթնացնել այն իրողությունը, որ գոյություն ունի մի փոքրիկ երկիր, որի անունն Արցախ է: Երկիր, որտեղ պատերազմ է, բայց որտեղ ստեղծագործում են, ունեն մշակույթ:

Ագապի Մկրտչյանը, որպես «Կապույտը շոյում է մտքիս թևերը» գրքի վերջաբան, տեղադրել է գերմանացի գիտնական, հայագետ, ցեղասպանագետ Թեսա Հոֆմանի պատմաճանաչողական ակնարկն Արցախի մասին:

— Վերցնելով գիրքը՝ գերմանացին պետք է անպայման ծանոթանա Արցախի պատմությանը, ճանաչի Արցախը,- նկատեց թարգմանչուհին:- Հոֆմանի ակնարկը լավագույն տարբերակն էր դա անելու համար: Դա արել ենք գերմանացու շուրթերով, բայց հայի հոգու միջով, որովհետև դրանք այն ճիշտ տեղեկություններն են, որոնք կարող են ստանալ գերմանացիներն Արցախի մասին: Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում գործող «Sanremo» սրճարան երիտասարդներին հրավիրել էին շնորհանդեսի նախաձեռնողներ Զարինե Սառաջյանը, Ալիսա Բաղդասարյանը, Սոնա Համբարձումը: Բանասիրական գիտությունների թեկնածու- դասախոսներն ուզում են միասնական տեսնել արցախցի երիտասարդներին բոլոր հարթակներում՝ սկսած երկրի պաշտպանությունից մինչև մշակութային ու կրթական: Այդ երիտասարդներն ԱՊՀ, ՄՄՀ և ԳՆՀ գրքասեր ու գրականասեր ուսանողներն էին, որոնք կարդացին գրքում ներկայացված ստեղծագործություններից:

Ոմանք նաև հեղինակային թոթովանքներ ներկայացրին: Իսկ Սայաթ- Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողները երեկոյին միացել էին երաժշտական մասնակցությամբ: Գրով ու գրականությամբ հարուստ երեկոյի տաք հույզերն արդյո՞ք կվերածվեն տողերի՝ արձակ կամ չափածո: Երեկոն նաև այս նպատակը չէր հետապնդո՞ւմ…

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ