You are currently viewing Հերմինե Ավագյանի «Ճռռացող լռություն» շարքը

Հերմինե Ավագյանի «Ճռռացող լռություն» շարքը

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարան

____________________________________________________

Սույն հոդվածում վերլուծված են Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՜ր» պատմվածքների ժողովածուի «Ճռռացող լռություն» շարքը։ Հերմինե Ավագյանի պատմվածքների լեյտմոտիվը կարոտն է։ Մարդկային ապրումների խտացումն է ժողովածուն, որի մեջ մեզանից յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն ու իր շուրջն ապրող մարդկանց։ Հերմինե Ավագյանը հոգեբանին բնորոշ նուրբ դիտողականությամբ է բացում իր հերոսների ներաշխարհը, հաճախ մի քանի բառով, նախադասությամբ գծագրում տառապանքի այն ուղին, որի միջով նրանք անցնում են կյանքի ընթացքում։

Բանալի բառեր՝ պատմվածքների ժողովածու, ճռռացող լռություն, կարոտ, ողբերգություն, գյուղական կյանք, չակերտավոր խաղաղություն, սպասում, պատերազմ, հայրենիք, մենություն։

________________________________________________________

Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՜ր…» պատմվածքների ժողովածուն պայմանականորեն բաժանված է երեք բաժինների՝ «Ճռռացող լռություն», «Հաջորդ կանգառը՝ մանկություն» և «Ժպի՜տ, նկարում եմ» վերնագրերով։

Արձակագիր Հերմինե Ավագյանի լեզուն պարզ է, անմիջական։ Թվում է՝ բարձրաբերձ լեռներից սկիզբ առնող զուլալ աղբյուրի ջուր ես խմում, խմում ու չես հագենում։ Ուզում ես անվերջ կարդալ նրա պատմվածքները։ Չասված խոսքերի արանքում ուշադիր ընթերցողը կարդում է չապրված կյանքի պարապը, որը ներկայացնելու համար Հերմինեն պարզապես լռում է։ Տողատակերում ամեն միտք ասված ու հասկացված է։

Հերմինեի տողերում անձնավորված, շնչում ու կարոտում, սիրում ու տառապում են օջախի պատերը, գյուղի սարերն ու ձորերը, ծառերն ու ծաղիկները։ Կարոտից ճաք են տալիս անգամ տան պատերը։

«Մի բուռ չամիչ՝ մի բուռ կարոտ» պատմվածքը վերհուշ է. երանելի ու արևոտ օրերի վերհուշ, երբ Արուս տատի «հինգ երեխաները դեռ փոքր էին ու աշխույժ վազվզում էին նույն տանձենու տակ»։ Արուսը չիր ու չամիչ էր բաժանում երեխաներին։ Հիշողության մեջ տարածվում է չամիչի բույրը։

Ողբերգությունը չի վրիպում արձակագրի աչքից։ Հինգ զավակի տեր Արուսը կարոտից նիհարել, «չամիչ էր դարձել»։ Նա փորձում էր մենությունը փարատել՝ ապավինելով չամչահոտ հուշերին։ Արցունքները սրբում, տանում են ամեն հուշ ու հիշողություն։

Արուսի որդին երեսուն տարվա բացակայությունից հետո տուն է դառնում, ավելի ճիշտ՝ հայրենի տուն են բերում հոգեվարքի մեջ։ Նա չի ճանաչում անգամ հարազատ մորը։ Արուսի հոգու տունը վաղուց դատարկվել ու ճաք էր տվել։ Եվ միայն գյուղի կապի աշխատողի անակնկալ լուրը, թե՝ Արուսի թոռը գալիս է, նորից անասելի ուրախությամբ է լցնում մի ամբողջ կյանք որդիների դարձին սպասող մոր սիրտը։ Պարզվում է՝ որդին ամուսնացած է եղել, իսկ ինքը չգիտեր։

«Դարպասը ճռռոցով բացվեց։ Արուսը վեր թռավ ուրախությունից, ու չամիչի բույրը տարածվեց շուրջ բոլորը։

Կարոտը նոր չամիչ ուտող էր գտել» («Վազում եմ, սպասի՜ր…», Պատմվածքներ|Հերմինե Ավագյան: -Եր: Անտարես, 2020, էջ 11) [1] ։

«Թող նորից երգեն գորտերը» պատմվածքը գյուղական կյանքի խճանկար է։ Գորտերն ու կանայք իրարից առաջ անցնելով ու իրար հերթ չտալով՝ առօրյայի անցուդարձերից են բամբասում։ Արշալույսի ամուսինը հարևան Սաթիկի հետ «ման է գալիս», իսկ բանից անտեղյակ Արշալույսն ընկերություն է անում Սաթիկի հետ ու սուրճ խմում։ Ոչխարի հոտը հանդից տուն է դառնում, «գիշերը փռում է իր աստղավոր գոգնոցը», իսկ Արշալույսի քունը չի տանում, մարդը դեռ չի եկել։ Անհանգիստ են նաև գորտերը։ Թվում է՝ նրանք հետևում են գյուղի մարդկանց, որ առավոտյան կռռալու ու բամբասելու համար թեմա ունենան։

Արձակագիրը հիշեցնում է, որ իր նպատակը գորտերի մասին պատմություն գրելը չէր, պարզապես երբեմն հիշում է նրանց, որովհետև այլևս չկան։ Գյուղի առօրյան ու մթնոլորտն ամբողջացնում են երեխաների խոսակցությունները։ Երեխաներից մեկը (հեղինակը) սիրում է ոչխարներ հաշվել, մյուսը՝ տան մեծերի օրինակով հնդկական սերիալների մոլի սիրահար է։ Այս բուռն օրերի նկարագրություններին հաջորդում են աստիճանաբար դատարկվող գյուղի սիրտ ճմլող տեսարանները։ Գյուղի ավոբուսի մեջ ընդամենը երկու ուղևոր կա, կանանց նստարանը դատարկ է, չի լսվում գորտերի աշխույժ կռկռոցը… Հազարաթև կարոտը Հերմինե Ավագյանի ականջին հին ու երանելի օրերի հեքիաթն է հյուսում։ «Երևի մեկը կախարդել է գյուղը՝ ինչպես հեքիաթներում է լինում։ Գուցե գորտերը նորից պիտի կռռա՞ն, որ կախարդանքը վերանա։

…Ահա գիշերը նորից եկավ, որ փռի իր գոգնոցը, ու չգիտեմ՝ քո՞ւն է բաժանելու տներով, թե՞ մի քանի կարոտ, որ գրկելու են ժանգոտ դարպասները», («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 15) — սրտի աննկարագրելի ցավով արձանագրում է արձակագիրը։ «Թող նորից երգեն գորտերը», այսինքն՝ թող նորից հետ գան երբեմնի շեն գյուղի աշխուժությունն ու աղմկոտ կյանքը։

Գեղագիտական հաճույք ես ստանում Հերմինե Ավագյանի պատկերաստեղծման վարպետությունից։ Ասվածի հերթական վկայությունը «Ծերության երգը աշնան ականջներում» պատմվածքն է։ Գյուղը օր-օրի դատարկվում է։ «Մենք ենք մեր սարերը» [2] հուշակոթողի պապիկի ու տատիկի մանրակերտերը լինեն, ասես, դեմ-դիմաց նստած Հարություն պապն ու Մանիկ տատը։ Ծերության ուրվականը հանգիստ տեղավորվել էր նրանց երկուսի դեմքերի ու ձեռքերի ակոսներում։ Գյուղը լքելու միտքը տանջում է երկուսին էլ։ Մի քանի ժամ հետո թեժ վառարանից այլևս ծուխ չի բարձրանա, տան պատերը կարոտից ճաք կտան և գյուղում կավելանա ևս մեկ կողպված դարպաս։ Հարություն պապն ինքն իրեն մենախոսում է. «Կոտրվեն ոտքերդ, Հարությո՜ւն, քո սև օրն է, սև՛ օրը, հորդ գերեզմանը թողես, գնաս փեսուդ ձեռքին նայես»։ Կինը հանդիմանում է և ասում, որ իրենք սեփական աղջկա տուն են գնում, ուստի դժգոհելու պատճառ չունեն։ Բայց Հարություն պապը շարունակում է. «Ասա՝ գնում ես աքլորի պես հինգերորդ հարկում թառես։ Համա թե աքլորը գոնե կանչում է, ես ձենս կտրած պիտի նստեմ» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 16)։

Այս անգամ առած-ասացվածքների արժեք ստացած ժողովրդական իմաստությունները հնչում են Հարություն պապի ու Մանիկ տատի շուրթերով։ Բերենք օրինակներ. «Տղամարդը մենակ հաց կուտի՞, էդ հացը բկովս կանցնե՞ր», «Բկիդ կանգնածը ուրիշ բան է, ծերությունդ է, ծե-րու-թյու-նըդ… Էդ անտերը կուլ տալ չի լինի, անհամ-անմարս բան է։ Բայց դե… Մի օր պիտի կուլ տանք պրծնենք», «Մարդիկ էս տանը հազար անգամ աղ ու հաց են կերել, ո՞նց կարող են էս տան աղ ու հացը գետնովը տալ» և այլն։

Գյուղից հեռանալու նախապատրաստությունների ժամանակ տեղի ունեցող խոսակցություններից պարզվում է, որ Հարություն պապի ու Մանիկ տատի որդին Մոսկվայում խառն է իր բիզնեսներով ու չի հասցնում անգամ ծնողների որպիսությամբ հետաքրքրվել։ Հարևան Ալեքսանը Հարություն պապին է մեղադրում, որ որդու համար Մոսկվայում տուն է առել, մեքենա, «գործն էլ դրել գրպանումը»։ Ալեքսանի կծու խոսքերին ի՞նչ պատասխան տար Հարություն պապը։ Այս խոսքերին ի պատասխան՝ ձեռքերն է՛լ ավելի սկսեցին դողալ ու ճակատը պատվեց սառը քրտինքով։ Հերմինե Ավագյանն իր հերոսների հոգու հմուտ նկարիչն է։ Մի քանի բառ և ամենաանտանելի ցավն իր ողջ դաժանութամբ գծագրվում է ընթերցողի աչքի առաջ։ «Այնքան կուզեր, որ ցավն էլ քրտինքի պես լիներ, սրբեր ու դներ գրպանը։ Դներ ու էլ չհաներ… Բայց չէ, ցավն արդեն իր մեջ էր և իզուր էր դուրս գալու անցք որոնում» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 20)։

Բանալիները հանձնում են հարևաններին և աղջկա ու փեսայի հետ ճանապարհվում քաղաք։ Մի վերջին անգամ Հարություն պապը նայում է իր տան ու այգու կողմը։ «Արցունքները թունդ օղու պես այրեցին կոկորդը. այդքան թունդ օղի դեռ չէր խմել…» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 22)։ Հարություն պապը նկատեց, որ աշունը վաղուց գյուղամեջ է հասել։ Լսեց թափվող տերևների խշխշոցը։ Թվում էր՝ այդ խշխշոցն իր սրտի խորքերից է գալիս։

Անվանի արձակագիր Սերո Խանզադյանի «Սպիտակ գառը» [3] պատմվածքի Նավասարդ ապոր բախտակիցներին հանդիպում ենք Հերմինե Ավագյանի այս և մի շարք այլ պատմվածքներում։ Մեծ դժվարությամբ, արյուն-քրտինքով պահած, մեծացրած, ուսման տված որդիները, ճակատագրի չար հեգնանքով, մոռանում են ծնողների գոյության մասին։ Փողի ու փառքի իշխանությունը կուրացնում, սպանում է նրանց մեջ ամենանվիրական զգացմունքներն անգամ։ Ե՛վ Սերո՛ Խանզադյանի, և՛ Հերմինե Ավագյանի տողերում այս մարդկանց կարեկցում, նրանց հետ արտասվում ու տառապում են հեղինակները։ Այդ արցունքներից ընթերցողի սիրտն է մղկտում։

«Ճռռացող լռություն» պատմվածքում ինքնակենսագրական տարրերը միահյուսվում են մի ողջ ժողովրդի ցավի պատմությանը՝ 2006 թվականի Ապրիլյան պատերազմին։ Երևանի ծննդատներից մեկում է հեղինակը։ Նա բալիկի է սպասում։ Առողջական խնդիրներից (հայմորիտ) ջերմում է։ Բժշկուհու հանդիմանությանը, թե ինչու շուտ չի եկել, երիտասարդ կինը (հեղինակը) ասում է, որ ընկերուհու կողքին էր, վերջինիս եղբայրն էր զոհվել։ Ինքը սպասում էր հրադադարին, որ հանգիստ խղճով պառկի հիվանդանոցում։ Հիվանդասենյակում պատերազմի ծանր հետևանքները ցմրուր խմած կանայք են՝ Անահիտը, ով հենց հրադադարի օրն էր վիժել (հղիությունը հինգ ամսական էր)։ Բժիշկները եզրակացնում են, որ նկուղի խոնավությունից է։ Մյուս հիվանդը Մարիամն է, ում մոտ վաղաժամ ծննդաբերության վտանգ կա։ Արկերի պայթյուններից ու վախից ուշաթափվել էր։ Մարիամի եղբայրը զոհվել է, բայց նրա բալիկի կյանքը փրկելու համար գույժը չեն հայտնում խեղճ աղջկան։ «Մարիամը միացնում է հեռուստացույցը (թեև հիվանդասենյակի կանայք ասել էին, որ այն չի աշխատում)։ Հաղորդավարն ասում է, որ ամեն տեղից կամավորներ են ժամանել Արցախ, թեև արդեն զինադադար է։

Չակերտավոր զինադադար։ Ո՞վ է տեսել չակերտավոր զինադադար, չակերտավոր խաղաղություն, չակերտավոր մանկություն, չակերտավոր երջանկություն, չակերտավոր կյանք։ Ով պատերազմ չի տեսել՝ չի ճանաչի այդ չակերտները» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 26),-ընհանրացնում է Հերմինե Ավագյանը։ Այդ չակերտավոր բառերը մեզ՝ հայերիս համար ծանոթ ու հայտնի իրողություններ են, հատկապես՝ չակերտավոր զինադադարն ու չակերտավոր խաղաղությունը։ Այսօր էլ չակերտավոր զինադադարը շատ փխրուն է։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեր հայրենիքի 75%-ը կորցնելուց ու հազարավոր կյանքեր հայրենիքի փրկության զոհասեղանին դնելուց հետո, գրեթե ամեն օր զոհ ենք ունենում։ Գրեթե ամեն օր մեր ունեցած փշրված երջանկությունն ու խաղաղությունն ավելի ու ավելի չակերտավոր են դառնում…

Ուլտրաձայնային հետոզոտությունից պարզվում է, որ հեղինակը զույգ բալիկների է սպասում։ Թվում է՝ «ուղեղի դատարկ թվացող պարկը լցվում է» ջերմությամբ, բայց ուրախությունը երկար չի տևում։ Հիվանդասենյակի Մարիամը կորցնում է փոքրիկին։ Կյանքի անարդարություններին ու համատարած ցավին ականատես հեղինակն իրեն մեղավոր է զգում։ Չասված խոսքերի ու ապրումների արանքում ճռռում է լռությունը։

«Ճռռացող լռության» տրամաբանական շարունակությունն է, ասես, «Կոնֆետները մնացին հեռվում» պատմվածքը։ Կյանքը հոսում է, բայց մեր շուրջը կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ սպասում են ռազմաճակատ մեկնած իրենց հարազատներին։ Նրանք չեն համակերպվում կորստի հետ։ Այդպիսին է նաև վերոնշյալ պատմվածքի հերոսուհին։ Նրա աչքերի մեջ մշուշոտ սպասում կա։ Աղջիկը հիշում է, որ ռազմաճակատից տուն դարձող հայրն իր հետ ցնծություն էր բերում, ինքն ու եղբայրները կախվում էին հոր թևերից, հոտոտում էին զինվորական հագուստը, պաչպչում։ Ամեն անգամ հայրը զինվորական հագուստից երեք կոնֆետ էր հանում և բաժանում երեխաներին։ «Աշխարհի ամենահամով կոնֆետները զինվորական թաց համազգեստի գրպանում են լինում՝ պատերազմի հոտով, բայց խաղաղության համով։ Չգիտեմ՝ կերե՞լ եք, թե՞ ոչ, բայց ես շատ եմ կերել։ Դրանք ուտելիս պատկերացնում ես, որ մերոնք ահագին առաջ են գնացել, թշնամու տասնյակ դիրք են գրավել և ուր որ է՝ մեկը բարձրախոսով պիտի հայտարարի.

— Կռիվն ավարտվել է («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 32)։ Յուրաքանչյուր անձրևոտ օր հերոսուհու մեջ սպասման դառը հիշողություններ է ծնում։ Այդ օրը հայրը պիտի գար, բայց այդպես էլ չեկավ։ Ավելի ուշ նրան բերեցին, գրպանում երեք կոնֆետ կար… Արձակագիրը փնտրում է պատերազմ խմբագրող խմբագիր։ Ամենամեծ խմբագիրը՝ Աստված, խմբագրում է ամեն բան, միակ բանը, որ խմբագրում, բայց չի վերջանում, պատերազմն է։ «Պատերազմը լեզվական որևէ կանոնի չի ենթարկվում, այն մերժում է ուղղագրության բոլոր կանոնները, ջնջում է բոլոր վերջակետերն ու անգամ ստորակետերը, այն միայն բազմակետեր է դնում և երկարացման նշաններ թափում տեքստերի մեջ, նրա գրած պատմությունը ոչ մի ժանրի չի պատկանում ու չի ավարտվում…»,- եզրակացնում է Հերմինե Ավագյանը («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 33)։

Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքի հերոսների բախտակիցն է Հերմինե Ավագյանի «Տխուր մարդը»։ Տխրություն բառ-բնութագիրն այնքան ամբողջական է մարդու ճակատագիրն ու կյանքի «ծուռ» ընթացքը ներկայացնելու համար, որ արձակագիրը չի նշում հերոսի անունը։ Կնոջ մահից հետո մենությունն իր թևերն է տարածում տխուր մարդու հոգում։ Բարեկամների՝ նոր կին բերելու խնդրանք- հորդորը կտրականապես մերժում է Տխուր մարդը։ Նա որոշում է միայնակ մեծացնել իր երեքամյա որդուն։ «Խորթ մայր… Մայրն ինչպե՞ս կարող է խորթ լինել. եթե խորթ է, ապա էլ ի՞նչ մայր։ Այդ երկու բառերը չի կարելի իրար կողքի դնել։ Խորթը հարազատ չի կարող դառնալ, դրանք հականիշներ են» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 37),- երկար մտատանջությունից հետո հայտարարում է նա։

Տխուր մարդը ստիպված է լինում երկու տեղ աշխատել, որպեսզի հասցնի պահանջկոտ որդու ցանկությունները կատարել։

Օրերից մի օր էլ, նոր ու լավ կյանք գտնելու հույսով, որդին հեռանում է հայրենի տնից ու այլևս չի վերադառնում։

«Ծովը հարցեր չի տալիս» պատմվածքը բացում է Ռուսաստանում ապրող շահումյանցի տղամարդու ընտանիքի ողբերգությունը։ 1992 թվականին Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանի 20.000-ից ավելի հայ ազգաբնակչությունը տարհանվել է, նրանց մեծ մասը բռնել է պանդխտության ճամփան։ Եվ ահա Ռուսաստանում հանդիպում են երկու արցախցիներ՝ հանգստի մեկնած կինը և Շահումյանից գաղթած տղամարդը, ով աշխատում է որպես տաքսու վարորդ։ Ծավալվում է խոսակցություն երկու հայերի միջև։ «Այդ օրը մեր գյուղի բնակիչները ճարահատ դուրս եկան գյուղից, որ թուրքի ձեռքը չընկնեն։ Ամենաանորոշ ճանապարհը գաղթի ճանապարհն է, հասցե չունի, բայց տանում է քեզ։ Հայրս հանկարծ հիշեց՝ տան դուռը չի կողպել։ Կանգ առավ ու ինքն իրեն թե. «Ասատո՛ւր, քեզ սազական բան չէ, հետ գնա, դուռդ կողպիր, գել-գազան կմտնեն։

… Լաց ու կոծը չօգնեց։

Մնացինք անգլուխ՝ ինչպես ժողովուրդը կասեր»,- պատմում է տղամարդը։ Սա հազարավոր տեղահանվածներից մեկի կյանքի պատմությունն է։ Օտար հողում հայը ուրիշի ծառան է։ Սա է ողջ ճշմարտությունը։ Կինը հորդորում է վերադառնալ հայրենիք ու հավաստիացնում է, որ յուրաքանչյուր վերադարձողի սպասող կա։ Վարորդը կես կատակ-կես լուրջ ասում է, որ Նիկոլի նման շուրջերկրյա ճանապարհորդություն է անելու ու երկրի հակառակ կողմով է վերադառնալու հայրենիք։

Երբեք հեռացող մեքենայի ձայնը չի ստիպել հեղինակ-հերոսին տխրել այսպես։ Այդ տխրությունը վարորդի տխրությունն էր՝ անհասցե ու անհայրենիք։ «Կանգնում եմ մարդաշատ ծովափին, ու ինձ թվում է՝ մենք երկուսով ենք՝ ես ու տխրությունը։ Երկուսով քայլում ենք ծովի ափով ու ոչինչ չենք խոսում։ Հետո նա կտրուկ կանգ է առնում, շրջվում է, վազում դեպի ծովը, խառնվում ալիքներին ու կորչում։

Նայում եմ կապույտին։ Ուզում եմ մի քանի հարց տալ, բայց փոշմանում եմ. հո՞ գիժ չեմ, ծովը հարցեր չի սիրում, ծովը միայն կանչում է…» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 46)։

Մեծ քաղաքի (Երևան) ամենամեծ փողոցում քայլում է Անտարբերությունը՝ իր հետևից տանելով մարդկանց ամբոխը («Անտարբերությունը երկու ոտք ունի»)։ Մեր օրերի իրապատումն է պատմվածքը, երբ Անտարբերությունն իրեն տեր ու տիրակալ է զգում ամենուր։

«Իմն է ժամանակը» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 47),- հայտարարում է Անտարբերությունը և վստահ շարունակում իր երթը։

Կիսատ մնացած սիրո ու երազանքների խտացումն է «Մենության համանվագ» պատմվածքը։ Տղան երազում էր «հավաքել աղջկա լռությունը և դնել իր համբույրի ծաղկամանում» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 50)։ Բայց ինչպե՞ս խիզախել, եթե այդ լռությունն իրեն չի պատկանում։ Այդ լռության մեջ աղջկա սպասումն է, նրա երազանքներն ու երջանիկ ապագայի տեսլականը։ Այդ լռության տերն ուրիշն է, ով պիտի հաղթահարի ամեն փորձություն ու մի օր աղջկա գիրկը դառնա։ Սակայն կյանքն իր չգրված օրենքներն ունի։ «Ժամանակը դարձավ գետ, ծով, օվկիանոս, փոթորկվեց, առագաստներ պոկեց, նավեր շպրտեց…( «Վազում եմ, սպասի՜ր…», էջ 51)։

Տղան փոթորկից հետո գետափին դարձյալ տեսավ աղջկան, բայց «չհամարձակվեց համբուրել իրեն չպատկանող լռությունը։

-Եկա՞վ,-ասաց տղան։

-Կգա,- պատասխանեց աղջիկը («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 51)։ Տղան պատրաստ էր իմաստավորել աղջկա կյանքը, նոր գույն ու բույր հաղորդել այդ կյանքին, արևի նման ջերմացնել նրան, բայց աղջիկն իր սպասման գերին է։ Նա «երկար նայեց հոսող գետին ու զգաց, որ ալիքներից քամի է փչում, փաթաթվեց երազանքով ու մնաց կանգնած։ Երազանքները շատ սառն էին, բայց նրան թվում էր՝ ինչ-որ մեկը հեռու ափերում առագաստներ է շինում, որ ճամփա ընկնի…» («Վազում եմ, սպասի՜ր…», էջ 52)։

Հերմինե Ավագյանը հոգեբանին բնորոշ նուրբ դիտողականությամբ է բացում իր հերոսների ներաշխարհը, հաճախ մի քանի բառով, նախադասությամբ գծագրում տառապանքի այն ուղին, որի միջով նրանք անցնում են կյանքի ընթացքում։ Մարդկային ապրումների խտացումն է «Վազում եմ, սպասի՜ր…» ժողովածուն, որի մեջ մեզանից յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն ու իր շուրջն ապրող մարդկանց։

ЦИКЛ РАССКАЗОВ ГЕРМИНЕ АВАГЯН «ПИСКЛЯВАЯ ТИШИНА»

РЕЗЮМЕ: В статье мы проанализировали авторский цикл «Мелькающая тишина» в сборнике рассказов Эрмине Авагян «Бегу, постой»! Лейтмотив рассказов Эрмине Авагян – тоска. Сборник является совакупностью человеческих страданий, в которой каждый из нас может найти себя и окружающих людей. Эрмине Авагян раскрывает внутренний мир своих героев со свойственной психологу тонкой наблюдательностью, часто в нескольких словах и предложениях раскрывает путь страданий, через который они проходят в течении своей жизни.

Ключевые слова: сборник рассказов, писклявая тишина, тоска, трагедия, сельская жизнь, неугасимый покой, ожидание, война, родина, одиночество.

HERMINE AVAGYAN’S «CRYING SILENCE» SERIES

SUMMARY: In the article, we have analyzed the author’s series «Flickering Silence» in Hermine Avagyan’s collection of short stories «I run, wait». The leitmotif of Hermine Avagyan’s stories is longing. The collection of human feelings is the collection in which each of us can find himself and the people around him. Hermine Avagyan opens the inner world of her heroes with the subtle observation typical of a psychologist, often in a few words, in a sentence, draws the path of suffering through which they pass during life.

Keywords: collection of stories, squeaky silence, longing, tragedy, rural life, unquenchable peace, waiting, war, homeland, loneliness.

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Ավագյան Հերմինե, Վազում եմ, սպասի՜ր…, Պատմվածքներ, Եր., «Անտարես» հրատ., 2020, 168 էջ։
  2. Խանզադյան Սերո, Սպիտակ գառը, 14/12/2015 , Գրական Թերթ։
  3. https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://hy.m.wikipedia.org/wiki/%25D5%2584%25D5%25A5%25D5%259B%25D5%25B6%25D6%2584_%25D5%25A5%25D5%25B6%25D6%2584_%25D5%25B4%25D5%25A5%25D6%2580_%25D5%25BD%25D5%25A1%25D6%2580%25D5%25A5%25D6%2580%25D5%25A8_(%25D5%25AF%25D5%25B8%25D5%25A9%25D5%25B8%25D5%25B2)&ved=2ahUKEwjP2tXF0JH3AhW6Q_EDHaeCDdsQFnoECAsQAQ&usg=AOvVaw2TAkTU3mz-ltxsSfZKF0Yc