You are currently viewing Սուրբ Հակոբավանքում Արցախի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել

Սուրբ Հակոբավանքում Արցախի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել

Մարտակերտի շրջանի Քոլատակի Սուրբ Հակոբավանք կամ Մեծառանից վանքն Արցախի թեմի՝ Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցիներից հինն է, որը, ըստ գրավոր աղբյուրների, վերակառուցել են Հասան Ջալալ Դոլայի բարեպաշտ ծնողները՝ Վախթանգն ու Խորիշահը։ Երկրորդը՝ Ստեփանակերտի սուրբ Հակոբը, անհամեմատ նոր է կառուցվել. շուրջ 15 տարի առաջ։

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և ձեռամբ դեկտեմբերի 17-ին, Մարտակերտի շրջանի Քոլատակի Սուրբ Հակոբավանքում է մատուցվել ուխտի պատարագ։ Ստեփանակերտի համանուն եկեղեցու պատարագիչը տեր Մինաս քահանա Մովսիսյանն էր։

Հասան Ջալալի մայրը՝ Խորիշահը, մի արձանագրության մեջ գրել էր. «…վերստին շինեցի զեկեղեցին Մեծառանից ի փրկութիւն հոգոյ իմոյ, ի բարէխաւս յիշեցէք»։ Հասան Ջալալի ծնողների հոգու փրկության համար վերակառուցված Հակոբա կամ Մեծառանից վանքում այսօր մատուցված պատարագի ժամանակ միասնական աղոթք բարձրացվեց հանուն հայրենիքի և հայ ազգի, ի բարեխոս հիշվեցին սրբատան հիմնադիրների, հայրենիքի ու հավատի համար մարտիրոսված հայորդիների անունները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնն այս տարի հայտարարվել էր համազգային ուխտի օր։ Նորին Սրբության օրհնությամբ էլ առաջին անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հերկրպագություն Արցախի հավատացյալ հոտի՝ Հակոբավանք պիտի բերվեր Սուրբ Հակոբ Մծբնայի մասունքակիր աջը: Սակայն առկա իրողությունների պատճառով մասունքը չհասավ Արցախ:

-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելը տնտեսական, ֆիզիկական, հոգեբանական տեռոր է, այն նաև կրոնական տեռորի շեշտադրում ունի, որովհետև մեր հավատացյալների ցանկությունը չկարողացանք ի կատար ածել՝ Սուրբ Հակոբ Մծբնայի մասունքակիր աջն Արցախ բերել չհաջողվեց,-ասում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։-Իսկ քանի որ մեր ժողովուրդն ապրում է շրջափակման մեջ, նշանակում է՝ մենք լուրջ մտածելու տեղ ունենք և պետք է լուրջ անդրադարձ ունենանք մեր մտածելակերպին, հոգեկերտվածքին ու կենցաղավարությանը։ Անդրադարձ ունենանք այն ամենին, ինչ որ բաց ենք թողել, վերարտադրենք նորից, վերալիցքավորվենք, նոր մարդ ձևավորենք մեր մեջ և կարողանանք համարժեք պատասխան տալ այս ամենին։

Սրբավայր եկած ուխտավորներին օրվա խորհրդի շուրջ համախմբել էր պատարագչի քարոզը: Պարթևական ծագմամբ սուրբը Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր, ով կյանքի ճանապարհ է դարձրել Քրիստոսի շավիղը: «Սքանչելագործ», «հրաշագործ» Սուրբ Հակոբ Մծբնան սրբերի դասում իր դիրքն ամրապնդել է Տիրոջ խոսքն ու փառքը վկայելով: Նա 325 թվականին մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին, 381 թվականին՝ նախագահել Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովը։

Թերահավատներին ցույց տալու համար Նոյյան տապանի գոյության իսկությունը, Մծբնա հայրապետը որոշել է բարձրանալ Արարատ լեռը` տեսնել և մի մասնիկ բերել տապանից: Սակայն չի կարողացել հասնել լեռան գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին:

Նոյյան տապանի մասունքը Մայր Աթոռ հասցրած սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակի տոնախմբումն անմիջական աղերս ունի նաև միջնադարում կառուցված գրչության, դպրության, հոգևոր մշակույթի վաղեմի կենտրոն ու կաթողիկոսանիստ Հակոբավանքի հիմնանորգման հետ:

Սրբազան հայրն ասում է՝ հարկադիր պայմաններում մասունքի՝ Արցախ բերելու չեղարկումը չի կարող վնասել Հակոբավանքի ծրագրի զարգացմանը։

-Խանգարողը միշտ էլ փորձելու է խանգարել, բայց այն, ինչ ունենք մենք մեր մտքում ու սրտում, առ Աստված աղոթքով ուզում ենք՝ ժամ առաջ իրականանա։ Այս ծրագրից մեզ ոչ ոք չի կարող շեղել։ Մենք կվերանորոգենք Հակոբավանքը, և այն կդառնա մեր ժողովրդի նվիրական ուխտատեղիներից մեկը,-խոսքն այսպես եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ