You are currently viewing Շուշիի թատրոնի խաղացանկը համալրվում է

Շուշիի թատրոնի խաղացանկը համալրվում է

Ռուս թատերական գործիչ, ռեժիսոր, տիկնիկային թատրոնի մեծ երախտավոր Սերգեյ Օբրազցովը արվեստում տեսականորեն առանձնացրել է դերասան-տիկնիկներին, որոնք կառավարվում, շարժվում են մարդկանց շնորհիվ, խոսում են մարդու ձայնով և սերտորեն առնչվում են դերասանական արվեստի հետ։ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասան-տիկնիկներն ունեին իրենց ճակատագիրը. նրանք բեմ բարձրացան և մնացին Շուշիում` իրենց կերպարային վառ գունապնակով առհավետ դաջվելով արցախցի մանուկների հոգիներում, իրենք էլ իրենց աչքերում պահելով հարյուրավոր մանուկների ժպիտները։

Այսօր արդեն նոր դերասան-տիկնիկներն են Շուշիի թատրոնի դերասանների ձեռքերում` երեխաներին կրկին հեքիաթ պարգևելու առաքելությամբ։

Բայց այս դեպքում հեքիաթն էլ երազանք ունի` մի օր Շուշիում վերստին հանդիպել փոքրիկ հանդիսատեսին։

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, կարելի է ասել, երևույթ է` իրեն բնորոշ արտահայտչաձևերով, խաղային առանձնահատկություններով, բեմադրական սկզբունքներով, տիկնիկային արվեստին անհունորեն նվիրված ստեղծագործական կազմով։ Այս ամենի շնորհիվ այստեղ պահպանում և զարգացնում են ձևավորված թատերական ավանդույթները։

Այս օրերին, արդեն շրջիկ թատրոնի կարգավիճակում, ընթանում է նոր ներկայացման բեմադրությունը։ Ռուս մանկագիր, թատերագիր Վլադիմիր Օռլովի «Ոսկե աքաղաղը» պիեսը` Յուրի Սահակյանի թարգմանությամբ, Շուշիի թատրոնում վերանվանվեց ու դարձավ «Ոսկե ճուտիկը»։ Այն բեմադրում է Արցախի ժողովրդավարական արտիստ Լեոնիդ Հարությունյանը։ Նկարչական ձևավորումը կատարել է Դավիթ Ավագիմյանը, երաժշտական ձևավորումը` Վահագն Եսայանը։ Տիկնիկագործը Հասմիկ Գասպարյանն է։

Տիկնիկավար-դերասաններ Աշխեն Հարությունյանը, Արմեն Գաբրիելյանն ու Սվետա Առստամյանը կյանք ու շունչ են հաղորդում պիեսի հերոսներին։ Բեմական փորձերն ընթանում են Գյումրու հայորդյաց տանը։

Պատերազմից հետո շուշեցիներն առաջին ներկայացումն են բեմադրում։

-2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գիտեինք, որ շատ դժվար է լինելու։ Փառք Աստծո, դեռ ուժ ու եռանդ ունենք, իսկ գնահատանքի խոսքերն ու խրախուսական թղթի կտորները վաղուց արդեն ազդեցություն չունեն։ Սա մի ուրիշ հարթություն է։ Շուշիի թատրոնը չենք հանձնում,-մեր զրույցի ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը։

«Ոսկե ճուտիկը» ներկայացման առաջնախաղը կկայանա Երևանում` Հադրութից տեղահանված երեխաների համար։ Նոր ներկայացման բեմական իրականացմանը մեծապես աջակցում է «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը` Շանթ Չարշաֆճեանի գլխավորությամբ։

Հունվարին նախատեսված են հյուրախաղեր Արցախի տարբեր բնակավայրերում, որին մեծապես կաջակցեն դարձյալ «Լորիկ» մարդասիրական հիմնադրամն ու Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ