You are currently viewing Խաչենի Սուրբ Ստեփանոս եկեղեցում  ուխտի պատարագ է մատուցվել

Խաչենի Սուրբ Ստեփանոս եկեղեցում ուխտի պատարագ է մատուցվել

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ Ասկերանի շրջանի Խաչենի Սուրբ Ստեփանոս եկեղեցում մատուցված ուխտի պատարագը նվիրված էր Սուրբ Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակությանը:

Պատարագիչ հոգևորականի՝ տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի քարոզը մեկնությունն էր սրբի կյանքի ու վարքի, որը հելլենական հրեա էր, ապրել է 1-ին դարում և նահատակվել Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի վկայելով։

Սուրբ Ստեփանոսը մեկն էր Հիսուսի յոթանասուն աշակերտներից, որին, ուրիշ վեցի հետ, նախնական եկեղեցին, Պետրոս առաքյալի առաջնորդությամբ, կարգեց եկեղեցու սեղանի սպասավոր՝ սարկավագ։ Նա էր, որ Տիրոջ հավատով, սիրով, աստվածային «շնորհներով և զորությամբ» լցված, «ժողովրդի մեջ զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ արեց» և իր նահատակությամբ նմանվեց Հիսուսին՝ ճանապարհ բացելով հետագա վկաների ու մարտիրոսների համար։

Հայոց աշխարհում շատ են Ստեփանոս նախավկայի անունով վանքերն ու մատուռները: Օրվա կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ այն է, որ ուխտավորներն այդ տոնին պարտադիր այցելում են սրբի անունը կրող ուխտատեղիներ, որտեղ մատուցվում է տոնական, սուրբ և անմահ պատարագ:

Դեկտեմբերի 26-ին ուխտավորներն իրենց ուխտն են վերանորոգել Արցախի՝ սրբի անունը կրող եկեղեցիներից երկուսում, որոնք գործում են Խաչենում և Խաչմաչում, որտեղ էլ մատուցվել է ուխտի պատարագ (Խաչմաչում պատարագիչը տեր Ներսես քահանա Ասրյանն էր)։

Առաքյալների գործակից Ստեփանոս նախավկային, իր ամուր հավատի և Քրիստոսին նվիրվածության համար, քարկոծելով սպանել են Երուսաղեմի շրջակայքում, երբ նա բացականչել է. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը»։ Ահա այս մեծ խորհուրդն է, որն առաջնորդում է քրիստոնյային ամեն քայլափոխի, ամեն դժվարության ու նեղության պահի: Սրբի բարեխոսության հայցն է, որով մխիթարված, դեպի սրբավայր են գալիս հավատին ապավինածները:

Անդրադառնալով եկեղեցում կազմակերպվող ուխտագնացություններին՝ Վրթանես Սրբազանն ասաց. «Ուխտագնացությունն իր մեջ կարևոր խորհուրդ ունի. քրիստոնյան պետք է խոնարհ ու հեզ լինի, բայց ոչ ամենևին այն խոնարհությամբ ու հեզությամբ, որը կարող է տպավորություն ստեղծել, թե նա չի կարողանում պայքարել, իրավունք չունի իր տունը, հայրենիքը, սրբությունները պահել-պահպանել»։

Հայ Առաքելական եկեղեցին այս տոնը հռչակել է որպես սարկավագների օր: Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Ստեփանոսի տոնին մեծ հանդիսավորությամբ կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Նորաձեռնադրյալ սարկավագները ծառայության են նշանակվում այնտեղ, որտեղ գործում են հայոց եկեղեցու թեմերը:

Արցախի թեմի առաջնորդը շնորհավորելով սարկավագաց դասին՝ նշել է. «Այն սպասավորությունը, որն իրականացնում են մեր եկեղեցու սարկավագները՝ լինել սուրբ սեղանի սպասավորը, նվիրական առաքելություն է, որին հավատարիմ են նրանք»։

Սրբազան հայրը դիմել է երանելի սրբի բարեխոսությանը. «Թող Աստված օրհնի և զորացնի Արցախ աշխարհն ու Հայաստանը»։

Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների և հայցվել է սրբի բարեխոսությունը նրանց հոգիների փրկության համար:

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ