You are currently viewing Դասական երաժշտության երեկո Ստեփանակերտում

Դասական երաժշտության երեկո Ստեփանակերտում

Օգոստոս ամսից Արցախում սկսվել է կամերային երաժշտության փառատոն, որը նախաձեռնել է Արցախի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նինա Գրիգորյանը:

Նինա Գրիգորյան

Փառատոնի շրջանակներում հինգերորդ համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին երեկոյան Ստեփանակերտի պատկերասրահում: Դասական երաժշտության երգացանկն ու նվագացանկը, ինչպես միշտ, պատկերասրահում համախմբել է մտավորական էլիտային, որի համար մշակույթի սահմաններն անպայմանորեն հատվում են պաշտպանական բնագծին:

-Այս օրերին այլ են մեր մտորումները, մեր երազանքները, մեր առօրյան ու կենցաղը, բայց երաժշտությունը մեր կյանքն է, առանց որի չենք կարող ապրել,- ասում է Նինա Գրիգորյանը:- Երաժշտությունն էլ իմ մասնագիտությունն է ու այն դիրքն է, որն իմ կոլեգաների հետ ես եմ հսկում:

Դասական երաժշտությունը բոլոր գործառույթներին զուգահեռ նաև դաստիարակչական բնույթ ունի, որի անհրաժեշտությունն ամեն օր ու ամենուրեք է զգացվում:

Փորձառու երաժիշտը հիշեցնում է ավետարանական խոսքը՝ «Միայն հացով չի ապրի մարդ, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Իսկ Աստծո բերանից հնչում է աղոթք, որը վերածվում է երաժշտության ու մեղեդու և հոգու մեջ ակոսում նոր՝ առավել ընկալելի, կիրառելի շերտեր ու ազդեցություն:

Օրվա համերգի երաժշտացանկում տեղ են գտել դասական ու ռոմանտիկ շրջանի հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կոմիտասի, Սվիրիդովի, Սերգեյ Աղաջանյանի, Շուբերտի, Խաչատուր Ավետիսյանի, Էդուարդ Աբրահամյանի, Եկմալյանի և այլոց ստեղծագործություններն ունկնդրին էին հասնում վոկալ ու գործիքային արհեստավարժ կատարումներով: Նինա Գրիգորյանն ասում է, որ փառատոնի կայացմանն օգնել են Արցախում ապրող ու ստեղծագործող երաժիշտները, որոնք սիրով են արձագանքել իր հրավերին ու գործում են համատեղ:

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ