You are currently viewing Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի սպորտային բանաձևը

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի սպորտային բանաձևը

Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում երիտասարդ մարզիկ Էրիկ Իսրայելյանին հաջողվեց երկու ոսկե մեդալ նվաճել։ 18-ամյա մարզիկը Երեւանում է բնակվում։ Նա Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 5 մենամարտ է տարել, որից 4-ը՝ նոկաուտով: Հաղթել է Գերմանիայի, Ռումինիայի, Մոնտենեգրոյի, Վրաստանի ներկայացուցիչներին։ Եզրափակչում նոկաուտի ենթարկեց բուլղարացուն։

Վերջերս Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում կայացել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հայ մարզիկը 60 կգ քաշայինների եզրափակիչում մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ եւ բացառիկ հաղթանակ տարել: Հաղթանակին ինքն էլ էր սպասում, իսկ ավելի ճիշտ` նպատակադրված էր, անտրտունջ աշխատում էր հաղթանակին հասնելու համար։

Էրիկը սպորտային կյանքը սկսեց խառը մենամարտերով։ Հետագայում մտածելով, որ դա Օլիմպիական մարզաձեւ չէ, որոշեց զբաղվել բռնցքամարտով։

«Շատ սիրեցի հարվածներ հասցնելը,-ժպտալով ասում է երիտասարդ չեմպիոնը, ավելացնելով,-ես ռինգ եմ մտնում միայն նոկաուտի համար»։

Էրիկի նպատակները շատ են։ Նա ձգտում է հասնել մի կետի, որը հաջողություն կբերի ե՛ւ իրեն, ե՛ւ Հայաստանի սպորտային կյանքին։

Չի ծուլանում, օրական 3-4 անգամ մարզվում է։ Սպորտը նրա ապրելակերպն ու անբաժան ընկերն է դարձել։ Իրարից ուժ են ստանում, իրար ոգեւորում։ Ինքն էլ է փաստում` նվիրվածությունը շատ կարեւոր է, գիտակցելը` առաջնահերթ։ Եվ հենց այդպես էլ գիտակցելով նվիրվում է սպորտին։ Բայց առաջին հերթին շնորհակալ է Աստծուն, նրա տված ուժի ու հավատի համար։ «Միշտ եմ աղոթում։ Ինձ անբացատրելի ուժ ու եռանդ է տալիս աղոթելը։ Կարծես ես գտնում եմ ինքս ինձ ու ավելի վստահ լինում սեփական ուժերիս»,-անկեղծանում է մեր զրուցակիցը։

Էրիկին գիշերը հաճախ կարող ենք տեսնել Երեւանի տարբեր փողոցներով վազելիս։ Հարցին` ինչո՞վ է պայմանավորված, չեմպիոնն ասաց, որ այդպես իր համար ավելի արդյունավետ է եւ նյարդերն ամբողջությամբ հանգստանում են, իսկ առավոտյան լիարժեք անցնում է ամենօրյա մարզումներին։

Միշտ սրտի թելադրանքով է որոշումներ կայացնում։ Հիմա շատ կարեւոր որոշում է կայացրել` հասնել այնպիսի արդյունքի, որ Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ չի եղել։

«Պարապմունքների ընթացքում սովորում ես դիմանալ ցավին, փորձում ես խուսափել վնասվածքներից։ Սպորտում նաեւ պինդ հոգեբանություն կա, որը կարծես արմատացած է։ Եթե հաղթում ես` ոչ մի ցավ էլ չես զգում»,-ասում է Էրիկը, շեշտելով, որ սպորտով ակտիվ զբաղվելն օգնում է ինչպես ռինգում, այնպես էլ կյանքում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները` Մեդիամաքսի