You are currently viewing ՀՈՎՀԱՆ  ՈՍԿԵԲԵՐԱՆ. ՀԱՏՎԱԾ ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ. ՀԱՏՎԱԾ ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

«Հովսե՛փ, Դավթի որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է» (Մատթեոս 1:20):

«Հրեշտակը շտապում է Հովսեփին հիշեցնել, որ նա Դավթի որդին է, որից էլ Քրիստոս էր սերելու, և հիշեցնում է, որ ավետիսը բոլոր ազգերի համար էր: Աստված Իր հրեշտակին ուղարկեց Հովսեփի մոտ, որպեսզի հայտներ նրան. «Որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է»: Այս խոսքերն արտասովոր էին, մարդու մտքից վեր, բնության օրենքից դուրս: Ինչո՞ւ, որպեսզի հավատա: Որպեսզի մի մարդ, որ տեղյակ չէ այս ողջ պատմությանը, դրա միջով անցնելիս արդեն տեղյակ լինի: Ուստի այն ամենը, ինչ այդ պահին Հովսեփի մտքով անցավ, հայտնեց նրան, որպեսզի չերկմտի և անձնվիրաբար կատարի պատգամը: Եվ հրեշտակը ոչ միայն արդեն կատարվածն է ասում, այլ նաև այն, ինչ լինելու է գալիքում. «Որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես»: Քանի որ Սուրբ Հոգուց է, չկարծես, ասում է, թե դու անմասն ես մարդեղության գործում, որովհետև թեպետ հղիությանը ոչնչով չնպաստեցիր, որովհետև Կույսն անարատ և անմերձենալի մնաց, սակայն այն, ինչը պատկանում է հորը՝ հոգ տանել և չապականել կուսությունը, քեզ պատվիրվեց, քանի որ ծնվողի անունը դու պիտի դնես: Ու թեև քո Որդին չէ, սակայն դու պիտի կատարես մանկան հոր պարտականությունը: Ուստի և քեզ հանձնվեց մանկան անվանակոչության գործը:

Եվ որպեսզի որևէ մեկը չկարծի, թե մանկան հայրը Հովսեփն է, ասաց. «Նա մի որդի պիտի ծնի», և չասաց, թե՝ դու մի որդի կունենաս, այլ. «Նա մի որդի պիտի ծնի», և ոչ թե քո համար է ծնելու, այլ՝ ամբողջ աշխարհի: Դրա համար էլ հրեշտակը երկնքից բերեց նրա անունը, սրանով էլ հայտնի դարձրեց, որ հրաշափառ ծնունդ է և միայն Աստծուն է վայել, և Հովսեփին էլ երկնքից հրեշտակի միջոցով հայտնեց նրա անունը: Եվ ճշմարտապես սա լոկ անուն չէր, այլ՝ անբավ բարություն: «Նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»: Այստեղ մի նոր և հրաշալի բան է բացահայտում, որովհետև «պիտի փրկի» ոչ թե հայտնի պատերազմողներից կամ այլ բանից, այլ որ առավել մեծ է՝ մեղքից ազատագրման ավետիս է տալիս, ինչ մինչ այդ երբևէ չէր եղել:

Եվ ինչո՞ւ, ասում են, «իր ժողովրդին» ասաց, և հեթանոսներին չավելացրեց: Որպեսզի լսողներին նախապես չզարմացնի, սակայն իմաստուն լսողներին հայտնի է, որ հեթանոսներին է ակնարկում: Որովհետև նրա ժողովուրդը ոչ միայն հրեաներն են, այլև բոլոր նրանք, ովքեր մոտեցան և ընդունեցին նրա ուսմունքը: Արդ, տե՛ս, հրեա ազգին կոչեց նրա ժողովուրդը: Եվ սրանով այլ բան չի հայտնում, քան այն, որ ծնվողն Աստծու Որդի է, և նրա խոսքերը պատկանում են երկնային Թագավորին, որովհետև ոչ ոք չի կարող մեղքերի թողություն տալ, այլ միայն Վերին Էությունը:

Հետևաբար, քանի որ այսչափ վայելեցինք պարգևները, ամեն ինչ անենք, որպեսզի չթշնամանանք այսպիսի Բարերարի հետ: Որովհետև եթե նախկինում վատ գործերը տանջանքի էին արժանի, ապա առավել ևս այժմ՝ այսքան բարերարությունից հետո: Այսուհետև, որպեսզի երկնքին արժանանանք, արհամարհենք այն ամենը, ինչ աշխարհին է պատկանում, որպեսզի թե՛ այստեղ լուսավոր լինենք և թե՛ հանդերձյալ բարիքները վայելենք շնորհով և մարդասիրությամբ մեր Տիրոջ՝ Հիսուսի Քրիստոսի, Որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ