Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Հայաստանի վեցակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի փոխտնօրեն Արթուր Առաքելյանն ամփոփելով անցնող սպորտային տարին, մեզ հետ զրույցում ասաց, որ այն բովանդակալից էր։ Չնայած նրան, որ Արթուր Առաքելյանն 2022-ին միայն Հայաստանի առաջնությանն է մասնակցել եւ դարձել հաղթող, ընդհանուր առմամբ գերակտիվ մարզումների մեջ է եւ պատրաստվում է հետագա առաջնություններին։ Ասում է` երբ քրտնաջան աշխատում ես, նվաճած հաղթանակդ էլ բերկրանք ու բավականություն է պարգեւում քեզ։
Արթուրը վեց տարեկանից է սպորտով զբաղվում։ Կարատեից ու բազկամարտից հետո որոշեց ուժերը կենտրոնացնել ուժային եռամարտի վրա եւ սպորտային ճանապարհն այս մարզաձեւով շարունակել։
«Գիտեք, սպորտը միայն ֆիզիկական տվյալները զարգացնելու համար չէ։ Շատ կարեւոր է մարզիկի մտավոր կարողություններն ու նրա պատրաստվածությունն ամենատարբեր իրավիճակների։ Այդպես է ձեւավորվում դեպի նպատակ գնացող մարզիկը, ձեռք բերում ինքնավստահություն ու տոկունություն»,-մեզ հետ զրույցում ասաց Արթուր Առաքելյանը։
Զրուցակցիս խոսքով` սպորտը նպատակներին հասնելու հրաշալի միջոց է, գեղեցիկ, ներդաշնակ ապրելու լավագույն հնարավորություն։
«Սպորտը միայն իրար միջեւ մրցելու, պայքարելու միջոց չէ, այլ նաեւ կյանքի ճանապարհ, որը մարդուն կոփում է բոլոր առումներով»,-ավելացրեց չեմպիոնը, վստահեցնելով, որ ինքն էլ պետք է ավելին ապացուցի` նվաճելով նոր բարձունքներ։
Այս օրերին էլ Արթուր Առաքելյանն անդադար մարզումների մեջ է։ Նշում է` ծրագրերը շատ են, ժամանակը` սուղ։ Բայց այս ամենին զուգահեռ նրա համար անչափելի արժեք է իր ընտանիքը։ Արթուրին ուժ են տալիս նաեւ իր երկու բալիկները։ Ամեն ինչ անում է, որ իսկական հայ մեծանան։ «Հայրենիքի հանդեպ պարտավորված եմ ամեն օր։ Պետք է հարազատ մնանք մեր գենին, մեր պայքարի ոգուն, մեր հաղթական տեսակին»,-հավելեց Արթուր Առաքելյանը։
Վ. Արզումանյան