You are currently viewing Մարդու հետ, մարդու մասին

Մարդու հետ, մարդու մասին

Մեր կյանքի հարափոփոխ ընթացքը երբեմն անակնկալ որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս և ինքդ քեզ բացահայտելու, նորովի ներկայանալու բազմաթիվ միջոցներ առաջարկում։ Արձակագիր Գրիշ Սարդարյանի համար ստեղծագործելը փոխվելու, փորձվելու, ճահճացումից փրկվելու միջոց լինելուց բացի ինքն իրեն «հակառակն ապացուցելու» ու թերությունները շտկելու հնար է։

«Ես ունեմ միայն մի պատմություն՝ մարդը»,-գրել է Սարոյանը։ Գրիշի համար պակաս կարևոր չէ նաև բնաշխարհը, որը պայմանավորում է մարդկային կեցությունը։

-Դժվար է մարդակենտրոնությունից բացի այլ սկզբունքով աշխարհներ արարել։ Մինչև հիմա չենք կարողանում ասել, թե տիեզերքն առանց մարդու ինչ իմաստ ունի։ Ռոբոտները կրկնում են մարդուն, արհեստական ինտելեկտը ձգտում է լրացնել մարդուն…,-ասում է արձակագիրը։ Նրա համար չափազանց կարևոր է գրական երկի լեզուն։

-Գեղարվեստական գրականության լեզուն պարտադրանքից զուրկ է և այն քեզ ճանաչողության գործիքներ է տալիս, որոնք կարող ես ազատորեն կիրառել,- համոզված է արձակագիրը։

Գրիշ Սարդարյանի «Եսավ» գիրքը պատմվածքների ժողովածու է։ Այս տարի պատրաստվում է հրատարակել «Հրամանագիրք» վեպը։ Հետաքրքրվում եմ` ինչո՞վ է պայմանավորված անցումը մեծածավալ երկին։

-«Հրամանագիրք» երկով ուզում էի մերօրյա մարզային կյանքը վիպական տարածություն բերել, ինչը գրեթե անիրագործելի զբաղմունք է։ Ոչ իդեալականացնել և ոչ էլ երգիծաբանել։ Ուզում էի բացարձակ ոգեշնչումով գրել ու ոչինչ չմշակել, խուսափել գյուղագրությունից, խուսափել քաղաքագրությունից, երկուսը միախառնել… Ամեն մարդ գեթ մեկ անգամ անհասանելի նպատակ է դնում իր առջև… Բայց պատմվածքից չեմ հրաժարվել։ Վեպը գրելուց հետո նորից վերադարձել եմ պատմվածքին։ Ավելի եմ կապվել պատմվածքին,-ասում է Գրիշ Սարդարյանը։

Հարցին` ո՞րն է պատճառը, որ ժամանակակից հեղինակներին քչերն են ճանաչում, իմ զրուցակիցը պատասխանեց.

-Բազմաթիվ պատճառներ կան։ Ժամանակակից արվեստագետը, հազվադեպ բացառություններով, չի կարող ավելի ճանաչված լինել, քան անցյալի արվեստագետը։ Վերջինիս թողած ժառանգությունը ուսումնասիրված ու գնահատված է, իսկ ժամանակակցինը՝ ոչ։ Այդպես է միշտ եղել։ Ընթացիկ ժամանակահատվածը միշտ աշխատել է ժամանակակիցների դեմ։ Ուսումնասիրեք արվեստագետների նամակները, հուշերը, օրագրերը, մեզ հասած մամուլի էջերը…,- ասում է զրուցակիցս` հավելելով, որ հայտնի չլինելն ավելի մեծ ողբերգություն չէ, քան սովից մեռնելը, գնդակահարվելն ու կտտանքների ենթարկվելը, կամ, Վազգեն Շուշանյանի պես անգերեզման մնալը, որին ևս, մինչ օրս, հասարակությունը լավ չի ճանաչում, և այս առումով ժամանակակից հեղինակները շատ ավելի բախտավոր են, քան իրենց նախորդները։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ