You are currently viewing ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1926 թվականին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ եգիպտահայ բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների կողմից: Երկու եղբայրների շնորհիվ կառուցվում է որբանոց հայ երեխաների համար: Ցեղասպանության հետևանքով որբացած հազարավոր հայորդիներից 150-ը ապաստան են գտնում այդ նորակառույց շենքում: «Դպրոցը բացելով ես կլուծեմ իմ ազգի վրեժը․ թուրքերը փորձեցին վերացնել մեզ, բայց այս որբերը պիտի շարունակեն վերակառուցել մեր հայրենիքն ու դառնալ մեր նոր առաջնորդները»,- այս խոսքերը 1926 թ. ասել է Կարապետ Մելքոնյանը հաստատությունը հիմնադրելիս։
78 տարիների ընթացքում Մելքոնյան երկսեռ վարժարանում ուսանել են 40 երկրներից ժամանած հայ պատանիներ: Մելքոնյան վարժարանը այն միակ գիշերօթիկ, երկրորդական դպրոցն էր Սփյուռքում, որը գործում էր ամեն օր։ Նաև միակ միջազգային դպրոցն էր, որտեղ տարեկան ուսանում էին 20-ից ավելի երկրների շուրջ 320 հայ երեխաներ։ Վարժարանը բաղկացած էր մի քանի մասնաշենքերիցդպրոցական շենքեր, աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված շենքեր, ճաշարան։ Ուսումնական ծրագրերն են եղել՝ հումանիտար, գիտական ու տնտեսական: Հայերենից ու անգլերենից բացի դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն։ Իր գոյության ընթացքում հաստատությունը տվել է 1650 շրջանավարտ, այստեղ են կրթություն ստացել Սփյուռքի բազմաթիվ ապագա մտավորականներ, սաների մեծ մասը դարձել են տարբեր բնագավառների բարձրակարգ մասնագետներ։ Մելքոնյան հասատությունն առանձնացել է իր հարուստ գրադարանով, որտեղ զետեղված են եղել ավելի քան 30.000 գիրք՝ ներառյալ ձեռագիր մատյանները: Բացառիկ է դպրոցի բազմաբնույթ գործունեությունը պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, սկաուտական ակումբ, փողերախումբ և այլն:
Վարժարանի երգչախումբը գործել է Բարսեղ Կանաչյանի խմբավարությամբ: 1934 թվականին բացվում է նաև դպրոց ուսուցիչների համար՝ Վահան Թեքեյանի տեսչությամբ:
1937 թվականի ապրիլին հրատարակվում է «Այգ» տարեգիրքը, որը ընդհատումներով գործում է մինչև 2004 թվականը: 1938 թ. հիմնվում է «ՄԿՀ Արիներ» սկաուտական խումբը:
1979-1980 տարեվերջին Մելքոնյան հաստատությունում կանգնեցնում են հուշարձան, որի վրա փորագրված է Հայոց այբուբենը ու հայերեն թարգմանած առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարժարանի իգական և արական շենքերի դիմաց է գտնվում նոճիներով տնկված պուրակը՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:
1990-1991 թթ. տարեվերջին տեղադրվում են հայ ժողովրդի յոթ հանճարների՝ ոսկեդարի մեծ պատմիչ Մովսես Խորենացու, Մեսրոպ Մաշտոցի, առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, երաժիշտ, երգահան և խմբավար Կոմիտաս Վարդապետի, բանաստեղծ և ուսուցիչ Վահան Թեքեյանի, Զորավար Անդրանիկի հուշարձանները:
Վարժարանն ունեցել է նաև հուշարձան, որը խորհրդանշել է երեխաների պաշտպանության և մեծերին հնազանդվելու արժեքները՝ բաղկացած իրար վրա խոնարհված երկու սյուներից:
2005 թվականի հունիսին վարաժարանը փակվում է ՀԲԸՄ որոշումով:


Պատրաստեց Քրիստինե ՆԱՋԱՐՅԱՆԸ
ՀՑԹԻ Կրթական ծրագրերի պատասխանատու,
կրտսեր գիտական գիտաշխատող