You are currently viewing ՆՐԱ ՀԱՄԱՐ ԲԱԼԵՏԸ ԱՆԾԱՅՐ  ՏԻԵԶԵՐՔ Է ՏԻԵԶԵՐՔԻ ՄԵՋ

ՆՐԱ ՀԱՄԱՐ ԲԱԼԵՏԸ ԱՆԾԱՅՐ ՏԻԵԶԵՐՔ Է ՏԻԵԶԵՐՔԻ ՄԵՋ

Հարցազրույց բալետի արտիստ Վահե Բաբաջանյանի հետ

– Վահե, մեծամասամբ կյանքի համար կարեւոր որոշումները կայացվում են մանկության տարիներին։ Հետաքրքիր է` քո դեպքում ինչպես եղավ։ Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել բալետով:

– Դեռ մանկուց շատ եմ սիրել պարել։ Փոքր հասակում բավականին տեւական ժամանակ, մոտ 5 տարի, զբաղվել եմ սպորտային պարերով Գեւորգ Մարկոսյանի «Մատադոր» պարային ակումբում։ Զույգ կազմեցի Նարե Մարկոսյանի հետ, որն էլ հետագայում դարձավ իմ դասընկերը, կուրսեցին ու համալրեց իմ ընկերական նեղ շրջապատը։ Միասին մասնակցել ենք մի շարք մրցույթների, արժանացել մրցանակների։ Նարեն զուգահեռ սովորում էր նաեւ Պարարվեստի ուսումնարանում, հեռակա կարգով ծանոթ էր դպրոցի կյանքին, միշտ պատմում էր։ Հետո եկավ մի ժամանակ, երբ սպորտային պարերն իրենց միսիան կատարված համարեցին իմ կյանքում։ Ես էլ պարը չթողնելու համար որոշեցի ընդունվել Պարարվեստի ուսումնարան (հիմա արդեն Պարարվեստի պետական քոլեջ), առանց իմանալու, թե ինչ ոճ է դասավանդվում այնտեղ։ Չնայած այն հանգամանքին, որ ծնողներս դեմ էին, մի օր հորաքրոջս հետ տնեցիներից թաքուն գնացինք քոլեջ։ Տվյալներով օժտված էի, չհաշված, որ ընդունելության համար սահմանված կարգով տարիքային շեմը վաղուց հատել էի։ Սովորաբար քոլեջ ընդունվում են չորրորդ կամ հինգերորդ դասարանից։

Ես արդեն յոթերորդ դասարանի աշակերտ, անծանոթ լինելով բալետին, ունենալով առաջնային ծրագրի բացը, ընդունվեցի ուսումնարան` Տաթեւիկ Ղարիբյանի դասարան։ Ընդունվել եմ` առանց իմանալու, թե ինչ է բալետը, ու մտքովս չի էլ անցել, որ մի օր բալետը կդառնա ապրելակերպ։ Տաթեւիկ Ազատովնայի օգնությամբ կարճ ժամանակում հասցրի մոտենալ ու հասնել իմ դասընկերների կատարողական մակարդակին։ Ուսումնառության ընթացքում եղել են դեպքեր, երբ ցանկացել եմ փոխել մասնագիտությունս: Ուզում էի զբաղվել բժշկությամբ, երազանքս էր բժիշկ դառնալ։ Ունենալով մեծ հաջողություններ` որոշեցի մնալ քոլեջում։ Սովորել եմ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի դասարանում, ավարտել եմ քոլեջը մեծ առաջադիմությամբ` իմ շատ սիրելի ուսուցիչների անգնահատելի աշխատանքի շնորհիվ։ Քոլեջը դեռ սովորելու տարիներին շատ հարազատ էր դարձել, առօրյան առանց քոլեջի երբեք չեմ պատկերացրել։ Ավարտական տարում պլանավորել էի չլքել քոլեջը` ինչ էլ որ լինի։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատանքի անցա։ Սկզբում անհավատալի փաստ էր ինձ համար ընդգրկված լինել բալետային խմբում ու աշխատել թատրոնում, բայց ժամանակի ընթացքում գտա իմ տեղը թատրոնում։ Թատրոնը եւս շատ սիրում եմ, մեզ կապող ուժն անսահման սերն է դեպի բալետը։

– Ի՞նչ է տալիս քեզ բալետը, եւ ինչ ես կարծում` դո՛ւ ինչ ես կարողանում տալ բալետին:

– Բալետը նպաստել է ներկայիս «ես»-իս զարգացմանը, ձեւավորել է ճաշակ, որի համար շատ շնորհակալ եմ։ Լինել գեղագիտական բարձր ճաշակով մարդ` ինձ համար մարդկային տեսակի նախապայմաններից է։ Ինչքան էլ փորձեմ մտածել, թե ինչ եմ վերցրել բալետից ու ինչ եմ տալիս, մեկ է` չի ստացվի։ Գիտե՞ք` դժվար է բացատրել անբացատրելին։ Նման մի թեորիա ունեմ: Եթե փորձում ես բացատրել մի բան, որի համար բառերը շատ քիչ են, ապա մի փորձիր, հակառակ դեպքում այն կարող է կորցնել իր երբեմնի ուժը։ Կյանքում լինում են դեպքեր, երբ ապրում ենք, ունենում ենք, զգում ենք աներեւակայելի մի կապ կամ անսահման սեր կամ չգիտեմ, էլի չեմ կարող բացատրել, թե ինչ, որը նկարագրելու համար բառերը չափազանց քիչ են։ Բալետը զգացմունքների արտահայտման անծայր տիեզերք է տիեզերքի մեջ։ Ինձ համար բալետը կյանքի ուղեկից է։ Կյանքում ունեցած ցանկացած տեսակի ձեռքբերում, հաջողություն, ուրախություն, սեր, կիրք, զգացմունք, հիասթափություն, վիրավորանք, բաժանում, տառապանք, ցավ կարող եմ բուժել միայն բալետով։ Միեւնույն է` էլի դժվարանում եմ բացատրել։

– Թյուր կարծիք կա, որ արտիստներն առհասարակ իրենց մարմնավորած գեղարվեստական կերպարի պատանդն են դառնում։ Քեզ մոտ եղե՞լ է նման բան։

– Եթե ընկերներս պատասխանեին այս հարցին, ապա միանշանակ կասեին` այո։ Եթե ստանում եմ նոր կերպար, սիրում եմ ծանոթանալ կերպարին ամեն հնարավոր ու անհնար կողմից, կարդալ իր մասին, խոսել իր բառերով, մտածել ինչպես ինքը։ Երկարատեւ աշխատանք է, որը շատ է խանգարում արտաքին աշխարհի հետ շփմանը։ Բացի այդ, շատ մտազբաղ եմ դառնում, եթե առաջիկայում ունենում եմ ներկայացում: Անկախ կատարած դերից, կերտած կերպարից, մտքերը միշտ կան ու հիմնականում անհանգստացնող մտքեր են։ Իսկ երբ դառնում եմ ներկայացման գլխավոր հերոսներից մեկը` մտքերն էլ ավելի են խեղդում ներսից։ Անկառավարելի են մեր մտքերը, եթե կարողանայի կառավարել, շատ ավելի հեշտ կլիներ։

– Մի բան, որը դեռ ուզում ես անել կամ սովորել:

– Դե բժշկությունը մնաց անհաս մի երազանք։ Միշտ մտածել եմ նոր մի բան սովորել, ունենալ ուրիշ մի հետաքրքրություն ու ինչ էլ սկսեմ սովորել, հաստատ կապ կունենա արվեստի հետ։ Սիրում եմ դիզայն, տուն սարքելը, կահավորելն իմ սիրած զբաղմունքներից մեկն է։ Հնարավոր է` ապագայում առիթ լինի ուսումնասիրելու, խորանալու։

– Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ «բեմի մարդը» այլ բանի ժամանակ չի ունենում։ Ժամանակ գտնո՞ւմ ես քեզ համար։

– Ժամանակն, իրոք, չի հերիքում։ Դեռ սովորելու տարիներին միշտ ընկերներով ասում էինք, որ օրը պիտի ունենա գոնե 26 ժամ։ Նախկինում ազատ ժամանակ ունենալու դեպքում էլի աշխատում էի։ Հիմա ազատ ժամանակ անպայման լինում եմ տանը կամ ընկերներիս հետ, ընկերությունը կյանքումս իր կարեւորությամբ զիջում է միայն բալետին։ Շատ լավ ընկերներ ունեմ, գլուխ գովելու առիթ է, երազանքի ընկերներ են, ու իրենց հետ ունեցած կապն ու սերը հնարավոր չէ բացատրել։ Հաճախ այցելում եմ հարազատներիս, տատիկի տուն գնալ շատ եմ սիրում։

– Նաեւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջում ես դասախոսում։ Քո օրինակո՞վ ես ուսանողների առջեւ ուղի բացում, սովորեցնում, թե ստեղծում ես նրանց սեփական օրինակը…

– Սիրում եմ քոլեջը… Այնտեղ աշխատանքի անցնելը եղել է մի մեծ նպատակ, կյանքումս այն կանվանեմ շատ կարեւոր ու ամենաերջանիկ իրադարձությունը։ Երեխաների ու արդեն երիտասարդների հետ աշխատելը մեկ այլ ժանրից է, իր հետաքրքրություններով ու իր դժվարություններով լի։ Բայց ամեն տեսակի խոչընդոտ նոր ուժի, նոր բաժին գիտելիքի ավելացման պատճառ է։ Շատ եմ սիրում ներկայացումներ նայել, տարբեր թատրոնների տարբեր բեմադրություններ ու միշտ խորհուրդ եմ տալիս իրենց նույնպես։ Աշխատանքային ժամից դուրս շատ եմ մտածում իրենց մասին, միշտ փորձում եմ նոր ճանապարհներ գտնել իրենց բալետին ավելի հասանելի ու ավելի մոտ դարձնելու համար։ Աշխատանքի մեջ փորձում եմ կիսել իրենց հաճելի տանջանքը, աշխատելով իրենց հետ, քրտնելով իրենց հետ։ Շատ հաճախ իրենցից եմ սովորում, միշտ էլ կարելի է նոր բան սովորել։ Մարդիկ օգնում են յուրովի բացահայտել ինքներս մեզ։

– Շա՞տ նպատակներ ունես, որոնց համար պարտավորված ես։

– Հիմնականում նպատակներիս հասել եմ, մնացածը` դեռ կապված են բալետի հետ։ Ցանկություններս շատ են, ուզում եմ ինձ ավելի զարգացնել թե՛ որպես կատարող, թե՛ որպես դասավանդող ու թե՛ որպես բեմադրող։

– Բայց այդ ուղին լի է փորձություններով։ Ինչպե՞ս ես հաղթահարելու։

– Մեր առաջ դրված նպատակներին հասնելու ճանապարհին ամեն բան հնարավոր է պատահի ե՛ւ անձնական, ե՛ւ մասնագիտական կյանքում, բայց ոչինչ չպիտի խանգարի մեր երազանքին հասնելու համար։ Պետք է աշխատել, աշխատել անաչառ ու անսահման, համառորեն գնալ նպատակների հետեւից։ Մեր` արտիստներիս դեպքում աշխատելն ավելի հեշտ է, քանի որ մեր աշխատանքում սերն ու ներդաշնակությունն անպակաս են։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ