You are currently viewing Բառերիս թեթևությունն ու միաժամանակ նկատվող ծանրությունը նման է ինձ․ Արմինե Մուրադյան

Բառերիս թեթևությունն ու միաժամանակ նկատվող ծանրությունը նման է ինձ․ Արմինե Մուրադյան

Հարցազրույց գրող, թարգմանիչ Արմինե Մուրադյանի հետ

– Արմինե, ձեր տողերում յուրօրինակ մի թեթեւություն կա, զուգահեռաբար` ավելի զարմացնող ծանրություն։ Բառերի առանցքի շուրջ իրադարձությունները խտացնելու ձեր օրինաչափությունների մասին խոսենք։

– Իմ եւ բառի միջեւ հարաբերությունը յուրօրինակ ծես է։ Բառի հետ հարաբերվելիս ես չեմ ուզում օրինաչափություններ ունենալ, բայց միաժամանակ համոզված եմ, որ ցանկացած ստեղծագործ մարդու ստեղծածն իր արտացոլումն է։ Իմ բանաստեղծություններում էլ բառերիս թեթեւությունն ու միաժամանակ նկատվող ծանրությունը նման է ինձ՝ ծայրահեղությունների ու հակասությունների միաձուլում մեկում։

– Ձեր ստեղծագործական ճանապարհի արգասիքի օրինակով` ժամանակի ստվերը բանաստեղծության հոգեբանական կողմի վրա ինչպիսի՞ ազդեցություն ունի։

– Ժամանակն ամենամեծ ստվերն է գցում ստեղծագործական մտքի վրա. գրողն իր ժամանակի զարկերակն է, նրա բառը՝ իր ապրած շրջանի արտացոլանքը։ Անհնար է անտեսել այն ժամանակը, որում ապրում ես, բայց պետք է զգալ նաեւ ապագան ու չմնալ անցյալի ճիրաններում։ Հենց այս շնորհն է, որ մեր դասականներից շատերին հիմա արդիական ենք համարում, քանի որ նրանք լինելով իրենց ժամանակի մեջ, տեսել են նաեւ անժամանակը։

– «Պարտված երկրում սիրո մասին բանաստեղծություն գրելը նման է իսկանդերի՝ նշանակետին է խփում 10%-ով»,-սա ձեր բանաստեղծությունից եմ մեջբերել։ Իսկ ինչո՞ւ գրել կամ չգրել սիրո մասին… պարտված երկրում։

– Մեջբերված հատվածը իմ «Կրկնամեռ» շարքից է, որը թերեւս լավագույնն է նկարագրում այն, ինչ ապրել եմ պատերազմից հետո։ Դատարկություն, զգացածդ բառի վերածելու անընդունակություն, ինքդ քո մեջ կարեւոր-անկարեւորների վերադասավորում։ Այն, ինչ ինձ համար ստեղծագործական մուսա էր, այլեւս երկրորդային դարձավ։ Իմ բառն այլեւս դիպուկ չէր, երբ նշանառության տակ էր սերը։ Իմ բառը սկսեց փնտրել համամարդկային թիրախներ՝ ես եւ դուից դուրս։

– Ընդհանրապես գրականության մեջ լռությունը վտանգավո՞ր է։

– Կարծում եմ՝ ոչ։ Օրինակ՝ երբ ես լռում էի, ինձ համար դա ուժերի լարում եւ կենտրոնացում էր նոր թռիչքից առաջ։ Թեեւ իմ լռությունը մի քիչ հարաբերական էր. չէի ստեղծագործում, բայց թարգմանում էի, ուրեմն գրականության մեջ էի, ուղղակի այլ կողմից։ Արվեստի ու գրականության մարդը դրանից հեռու միշտ կիսատ է զգում իրեն։

– Հաճա՞խ եք սեփական մտքերին հակադրվում։

– Գրեթե միշտ։ Ես հիմա այն չեմ, ինչ մի քանի տարի առաջ էի, եւ դա իմ մեջ եփվող հակադրությունների արդյունքն է։ Նույնիսկ տարիներ առաջ գրածս գործերը կարող են այժմ օտար թվալ ինձ, անգամ անընդունելի, քանի որ այլեւս այլ կերպ եմ մտածում ու ընկալում աշխարհը։ Կարծում եմ՝ հենց նման մտային բախումներն ու ինքնաքննադատությունն է մարդուն ստիպում կատարելագործվել։

– Արմինե, գիտեմ, որ գրելուց բացի, նաեւ թարգմանություններ եք անում։ Առաջիկայում նորություններ սպասվո՞ւմ են այդ ուղղությամբ։

– Այո՛, սպասվում է։ Շատ շուտով «Անտարես» հրատարակչության կողմից լույս կտեսնի Ուիլքի Քոլինզի «Լուսնաքարը» վեպը իմ թարգմանությամբ։ Սա իմ առաջին մեծածավալ թարգմանական աշխատանքն է, որի ծնունդին սրտատրոփ սպասում եմ։ Գիրքը լույս է տեսնելու դետեկտիվ ժանրի համար նախատեսված նոր մատենաշարով։

Զրուցեց Վ․ Արզումանյանը