You are currently viewing Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում երիտասարդական գիտաժողով է կայացել

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում երիտասարդական գիտաժողով է կայացել

  • Post author:
  • Post category:Արվեստ

«Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի»․ այս խորագիրն էր կրում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության կողմից կազմակերպած Հանրապետական երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հիշատակին: Գիտաժողովի աջակիցը Համազգային հայ կրթական և մշակութային միությունն է։

Գիտաժողովն ուսանողներին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք գրելու հմտություններն ու կարողությունները:

Գիտաժողովին բուհի ուսանողներից բացի, մասնակցում էին նաև հրավիրյալ ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից:

Զեկուցման թեմաները տարբեր էին ու նաև արդիական:  Ունկնդիր լսարանը գույնի ազդեցությունից տեղափոխվեց լռության գեղագիտություն, մետաֆիզիկական ճամփորդությունից անցավ հոգեբանության աշխարհ, պատմությունից` հնագիտություն, թատրոնից` կինո:

Ելույթներն ուղեկցվեցին ակտիվ հարց ու պատասխանով` վերհանելով հետազոտված թեմային առնչվող հետաքրքրական ու կարևորություն ներկայացնող հարցեր:

Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ գիտաժողովի զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելուց հետո կտպագրվեն առանձին ժողովածուում:

Ն․ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ