You are currently viewing ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՇՏԻ ՊԱՀԱՊԱՆՆ ՈՒ ԿԵՆԱՑ ԱՐՄԱՏԸ

ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՇՏԻ ՊԱՀԱՊԱՆՆ ՈՒ ԿԵՆԱՑ ԱՐՄԱՏԸ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,
Ուր կը մտնե ամեն հայ իբրև տանտեր հարազատ,
Կստանա սեր ու սնունդ, սրտի հպարտ ցնծություն,
Եվ բորյանեն ու բուքեն հոն կը մնա միշտ ազատ»։

Մուշեղ Իշխան


Լեզու, մաշտոցյան սրբազան գիր, մշակույթ, հավատ. ահա այն հիմնասյուները, որ դարեր ի վեր հայ սերունդներին հայ պահեցին պատմության երթում, մեր պատմական գաղթօջախներում: Եվ երբ 1915-1922 թվականների ընթացքում մեր պատմական բնօրրանում կատարվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն ու հայրենազրկումը, արևմտահայերի սերունդները սփռվեցին աշխարհով մեկ, և ձևավորվեց Սփյուռքը՝ որպես պատմական իրողություն: Բանաստեղծ, մանկավարժ Մուշեղ Իշխանի այս ստեղծագործության գաղափարը դարձավ կյանքի բանաձև Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների համար: Նրանց տոհմի պատմություններում միշտ կենդանի էին մայրերի ու տատերի կերպարները, ովքեր մի ձեռքում ի գին իրենց կյանքի փրկած ձեռագիր մատյանն է, մյուս ձեռքի մատներով Դեր Զորի ավազների վրա գծագրում էին Հայոց այբուբենը, որ իրենց երեխաներին սովորեցնեն լեզուն, փոխանցեն իրենց վերջին հույսը… Գիտեին, որ Մաշտոցյան սրբազան գիրը ազգի դիմացկունության և հարատևության բանալին է, և որպես հոգևոր վահան փոխանցում էին իրենց սերունդներին…
Փետրվարի 21-ին մշակույթի բոլոր օջախներում, գրադարաններում նշվում էր Մայրենի լեզվի միջազգային օրը: 1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օրը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2005 թվականից տոնը նշվում է նաև Հայաստանում։ Այս օրը առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու մայրենի լեզուն, որը ազգի համար նաև սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է, մշակույթի ու պատմության կրողը։ Այդ ինքնության վկայությունը մեր քաղաքակրթական ժառանգությունն է՝ մեր դպրության Ոսկեդարի՝ հինգերորդ դարի պատմիչների ու փիլիսոփաների աշխատություններից մինչև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն»-ից մինչև Սայաթ Նովայի խաղերի ձեռագիրը, Կոմիտասի խազերը… Եվ այս ձեռագրերն ապրում են Մատենադարանում. ինչպես բանաստեղծ Գևորգ Էմինն է ասում. «Մատենադարանի ձեռագրատուն մտնողը լսում է մեր ժողովրդի պատմության երեսուն դարերի լռությունը. լռություն, որը պերճախո՛ս է ամեն խոսքից ու բառից»:
Մեր հոգևոր-մշակութային գանձերը թանկարժեք սերմերի պես ամբարած ու սերունդներին հասցրած քանի՛ ձեռագրեր են ապրում աշխարհի տարբեր անկյուններում՝ Վենետիկում ու Վիեննայում, Երուսաղեմում, Զմմառում,Լոնդոնում, Բեռլինում և այլուր:
Եվ այս ձեռագրերը ստեղծվել են ծանր ժամանակներում, երբ թվացել է՝ պատմության բոլոր օրինաչափություններով պիտի այլևս չապրեր հայ ազգը: Իզուր չէ, որ հայ ժողովրդի բարեկամ, ազգությամբ բաշկիր, ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին իր «Արծիվ և սուր» գրքում ասում է. «Դարեր շարունակ առանց պետականության տարանջատված և ասպատակված՝ հայերը հենց գրքի մեջ են տեսել ազգության և լեզվի փրկությունը, մշակույթի հաջորդականությունը:
Մատյաններում պատմությունն էր, որը ոգևորում էր, փիլիսոփայությունը և գիտությունը աշխարհի վրա բացում էին աչքերը, դրանցում և՛ պոեզիան էր, և՛ արձակը, և՛ երաժշտությունը՝ հնագույն խազերը, և գեղանկարչությունը՝ չխամրող մանրանկարները…»:
Այո, լեզվով ու գրով է հարատևել մեր ազգը: Եվ որտեղ էլ հանգրվանել է տարագրության ժամանակ, որտեղ էլ հասել է հայը, ամենից առաջ կառուցել է դպրոց և եկեղեցի… և Հայոց այբուբենը քաջարի զորագնդի պես շարունակել է պահպանել ազգի ինքնությունն ու ոգին: Թերևս չի եղել ավելի մեծ գաղափար, քան այբուբենին նվիրված մշակույթի հուշարձան կանգնեցնելը:
…Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվում են մեծատաղանդ ճարտարապետ, նկարիչ Բաղդասար Արզումանյանի հեղինակած ոսկե այբուբենը և հայկական ծաղկած խաչը: Դրանք արարվել են ոսկերիչ Ժիրայր Չուլոյանի ձեռքով: Այս փառահեղ գործը կյանքի է կոչվել Վազգեն Առաջին Վեհափառի շնորհիվ, ով ճիգ ու ջանք չէր խնայում հայ մշակույթի անանց արժեքները պահպանելու և հավերժացնելու համար:
Այսօր հայերենը պետական լեզու է, բայց Սփյուռքի հայ դպրոցականների համար շարունակում է մնալ մայրենի լեզու. մի սրբազան արժեք, որով պիտի աշխարհասփյուռ հայությանը համախմբենք Հայրենիքի շուրջ: Այս գաղափարի խտացումը տեսնում ենք աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի խոսքերում, որը մեծանուն գիտնականի կտակն է սերունդներին. «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: 29.08.1994»:
Մեծ հոգածությամբ մեր ձեռքում ամուր պահենք այդ հոգևոր զենքը՝ հազարամյակների պատմություն ունեցող Հայոց լեզուն, որովհետև նրանում է մեր անցյալի զորությունը, նրանում է մեր անցյալի բանալին, որով դեռ բացելու ենք մեր պատմության և մշակույթի շատ դռներ՝ ամբողջացնելու համար մեր հոգևոր ժառանգությունը: Անցյալը մեր արմատն է, որից շարունակելու է սնվել ու աճել Հայոց ինքնության Կենաց ծառը:


Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ, «Շողակն Արարատյան»