You are currently viewing ԵՐԱՆԵԼԻ ԹԵՈՓԻԼՈՍԻ ՔԱՐՈԶԸ՝ ԱՍՎԱԾ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏԾՈ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԵՐԱՆԵԼԻ ԹԵՈՓԻԼՈՍԻ ՔԱՐՈԶԸ՝ ԱՍՎԱԾ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏԾՈ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  • Post author:
  • Post category:Հոգևոր


(հատվածաբար)


Աստծո գերեզմանն այսօր երկրի վրա հաստատվեց՝ որպես նոր երկինք և նոր երկիր։ Նոր երկինք և նոր սքանչելի զարմանք է մեր Փրկչի գերեզմանը, քանի որ այն ավելի մեծ երևաց, քան ամբողջ երկինքը, որովհետև երկնքում միայն Աստվածության փառքն է, իսկ գերեզմանում հենց Ինքը՝ Աստված, բոլոր արարածներով հանդերձ, ներառյալ վերին երկինքը և ողջ երկիրը, նաև ստորին անդունդները տեղավորվեցին գերեզմանում։ Այս նեղ գերեզմանն ավելի ընդարձակ երևաց, քան երկնքի անչափ լայնությունը, քանզի այսօր ավելին տարավ, քան կարող էին տանել երկինքն ու երկիրը, և երկնքի հաստատությունը՝ իր լայնությամբ։ Այս գերեզմանը երկրի վրա խորհրդանշում է և՛ բարձր երկինքը, և՛ նեղ գերեզմանը, և՛ լայն աթոռը, և՛ անձուկ տապանը, և՛ մե՛ծ հաստատությունը, և՛ ննջածի շիրիմը, և՛ մեռյալների հարությունը, և՛ մարմինն ընդունողը և դժոխքն ավերողը, մութ վայրը և խավարածների լուսատուն։ Որովհետև երեկ Խաչի միջոցով խավարեց արեգակն ամբողջ տիեզերքում, իսկ այսօր գերեզմանի միջոցով լուսավորվեցին բոլոր արարածները։
Երեկ Խաչը մահ տվեց Աստվածամարդուն, Նրա մահն էլ մեռյալներին կյանք պարգևեց, իսկ այսօր Նրա գերեզմանն արևմուտք եղավ Արդարության Արեգակի համար և այնտեղ մտնելով՝ «խավարի մեջ և ստվերում նստածներին լուսավորեց» (հմմտ. Մատթեոս 4։16)։ Երեկ Խաչյալն Իր խաչելությամբ վշտացրեց Իր արարածներին, իսկ այսօր անթախիծ մխիթարություն պարգևեց։
Ո՛վ մեծագույն հրաշք. մինչդեռ արևն ու լուսինը վշտացած էին խավարելով, Նրա ձեռքով արարվածները ուրախանում էին դժոխքում։ Քանի որ իր խավարմամբ արեգակը բարձունքից ավետում էր խավարային աղջամուղջի մեջ բնակվող լույսի ծագումը։ …Եվ արդ, որ նրա կապանքներով արձակվեցիք դժոխքի կապանքներից, լուսավորվե՛ք ուրեմն նաև խոր անդունդներում իմ խավարմամբ։ Ձեզ կենդանացնողին մարմնով մեռած տեսա, և ես, որպես մեռյալ, առանց լույսի մնացի։ Անչարչարելի Աստծուն մարմնով չարչարված տեսա, և ես խավարեցի։ …Եվ ես՝ այս ճառը հորինողս, ձայնակցելով Սուրբ Կույսին և Արեգակին, ասում եմ․ «Այսօր գերեզման իջնելով՝ Նա, Որ երկնքում էր, դժոխք իջածներին երկինք հանեց։ Գերեզման իջնողը Հոր ծոցում բնակվողն է․ Նա իջավ, որպեսզի խավարի գբի մեջ փակվածներին հանի և մոտեցնի Հորը։ Գերեզման իջնողը հողից մարդ ստեղծողն է. Նա իջավ, որպեսզի ստեղծվածին վերստեղծի։ Որպես մարդ իջավ գերեզման և Ադամին տանջանքների դժոխքից դեպի Կյանքի փառազարդ գիրկը հանեց։
Ո՞վ է, որ, իջնելով գերեզման, այս ամենը կատարեց, ո՞վ է Նա և որտեղի՞ց։
Նա՛, որ երեկ ավազակների հետ որպես չարագործ կապվեց և որպես Աստված՝ երկիրը շարժեց։
Ո՞վ է․ Նա՛ է, որ երեկ որպես մահապարտ, փայտին գամվեց և որպես Աստված գերեզմանները բացեց։
Ո՞վ է․ Նա՛ է, ով որպես մարդ «Էլի՛-էլի՛» (Մարկոս 15։ 34) ձայնեց և որպես Աստված՝ ժայռերը ճեղքեց։
Ո՞վ է․ Նա՛ է, ով երեկ խաչի վրա ասաց՝ ծարավ եմ, և որպես Աստված, տաճարի վարագույրը պատռելով՝ երկու մասի բաժանեց։
Ո՞վ է․ Նա՛ է, ով երեկ «անօրենների հետ դասվեց» (Ղուկաս 22։37) և ավազակին Դրախտ տարավ։
Ո՞վ է․ Նա՛ է, ում Հովսեփը որպես մի աղքատ մարդու խաչից իջեցրեց, և Նիկոդեմոսը զմուռսով և հալվեով պատեց։
…Որպես մեռածի գերեզման դրեցին Նրան, Ով դժոխքի գերիներին ազատեց որպես Աստված։
…Հովսեփն ու Նիկոդեմոսը դրեցին Նրան գերեզման և ասացին․ «Հանուն մեզ կամովի իջար այստեղ որպես մեռյալ, որպեսզի քեզ հետ՝ իբրև Աստծու մեր նախահորը հանես անջուր գբից։ Որպես Աստված իջար մեզ համար այդտեղ, մեզ համար անիծվեցիր, որպեսզի որպես Աստված մեզ ազատես Ադամի անեծքից։ Մեզ համար իջար գերեզման՝ որպես օրենքի առաջ հանցավոր, որ ազատես մեզ օրենքի դատապարտությունից»։ Ո՜վ սքանչելիք․ և՛ ամբողջովին գերեզմանում էր՝ մեռելների մոտ, և՛ երկնքում Աստված էր Հոր հետ կատարելապես, և՛ դժոխքում հոգիներն էր ազատում։ Ներքևում Նիկոդեմոսն ու Հովսեփը դնում էին Նրան գերեզման, և վերևում սերովբեներն ու քերովբեները երկնքում դողում էին, և դժոխքում Բելիարն ու Սադայելը կործանվում էին Նրա ձեռքով։ Նրան մեռած դրեցին գերեզման, և Նրանից երկնքի զորությունները դողացին, և դժոխքում դիվային զորությունները փախուստի դիմեցին։ Մայր Մարիամը դառնապես լացում էր, քանզի Նրան մեռած էր տեսնում, իսկ նախամայր Եվան Նրա միջոցով դժոխքում կենդանանում էր։ Լացում էր Մայր Մարիամը իր որդու վրա իր Արարիչ Հոր առջև, իսկ նախահայրը դժոխքում գոչում էր և ուրախանում՝ տեսնելով, որ իր դստեր Որդին ապականվածներին նորոգում էր՝ իբրև Աստված։ Մայր Մարիամը լալիս էր Հիսուսի գերեզմանի մոտ, և նրա ձայնը լսվում էր դժոխքի խորքերում։ Ձայն էր տալիս Եվան իր դուստր Մարիամին և ուրախությամբ էր պատասխանում նրա լացին։ Լա՛ց եղիր, ասա՛, դո՛ւստր իմ ցանկալի, որպեսզի մորդ արտասուքները փարատվեն։ Լա՛ց եղիր, դո՛ւստր իմ տիրուհի, որպեսզի քո մոր տրտմությունն ուրախության վերածվի։ Ողբա՛, ծնո՛ւնդ իմ նազելի, որպեսզի քո ողբալով իմ սուգը մխիթարվի։ Վշտացի՛ր այսօր, դո՛ւստր իմ ըղձալի, որպեսզի մորդ լացն ու հառաչանքը դադարեն։ Լա՛ց եղիր, դո՛ւստր իմ՝ մորդ որդյակ, քանի որ քո Որդու և մեր Աստծո մահը կենդանացրեց քո մահացած ծնողներին։ Նրա գերեզմանն ավերեց դժոխքը։ Նրա պատանքի կտավը մեր կապանքների շղթան խզեց։ Քո գերեզմանի քարը քանդեց բանտիս հիմքերը։ Կույսիդ արտասուքը իմ՝ Եվայիս անեծքը վերացրեց։ Քո լացը մաքրեց օձի թույնն իմ ականջներից։ Քո սուգն իմ արտասուքը փարատեց։ Քո վիշտն իմ տրտմությունն ուրախության վերածեց։ Քո թախիծը տխրությունս սփոփեց։ Քո ողբի ձայնն ավետող փողի նման հնչեց մեզ՝ հավիտյան մեռածներիս համար։
(շարունակելի)


Փոխակերպումը գրաբարից՝
Հռիփսիմե ՄԱՐԿՈՍՅԱՆԻ
«Որդիք Լուսոյ» երիտասարդաց
միության անդամ
, «Շողակն Արարատյանզ