You are currently viewing Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և պետական ակադեմիական երգչախմբի համերգը Ստեփանակերտում

Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և պետական ակադեմիական երգչախմբի համերգը Ստեփանակերտում

Շրջափակված Արցախում ապրիլի 24-ն ավարտվեց Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և պետական ակադեմիական երգչախմբի համատեղ համերգով`նվիրված Հայոց մեծ եղեռնի 108-րդ տարելիցին։ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին խնկում էր երաժշտությունը, երանում նրանց բարեխոսության իսկությունը։ Համերգից ընդամենը ժամեր առաջ էին հայ հոգևորականները հայցել երկնային զորքի բարեխոսությունը՝ մեր հայրենակիցներին անսասան ու համախմբված պահելու իրենց ազգային իղձերի և ամուր մնալու իրենց հավատքի մեջ։

Դահլիճում լռություն է և մեկ րոպե հոտնկայս հարգանք՝ սուրբ բարեխոսների հիշատակին։ Ապա և՝ դարերի ընթացքում ստեղծված մշակութային գանձարանից հնչում են նվագախմբային ստեղծագործություններ։

Համերգային ծրագիրը մշակվել է նախապես՝ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Լևոն Սարդարյան, տնօրեն՝ Աշոտ Սարգսյան) և պետական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Նինա Գրիգորյան, տնօրեն՝ Արմինե Յախշիյան) համատեղ ջանքերով։

Ընտրել են երաժշտախմբային ստեղծագործություններ՝ մատուցելով ներդաշնակ, հզոր, տառապած ու լուսավոր ապրումներ, հայ ժողովրդական երգը հնչեցնելով ժողովրդի ձայնի պես զուլալ, մաքուր, տանջված, երազային, խրոխտ, ազգային ելևէջումներով…,- Հիմնական գործը, որ կատարեցինք, Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիա» ստեղծագործությունն է, որը գրվել է ցեղասպանության զոհերի հիշատակին,- ասում է Լևոն Սարդարյանը,-կատարեցինք նաև նվագախմբային թեմատիկ երեք ստեղծագործություն՝ Խաչատուր Ավետիսյանի «Տաղ Գորանին», «Քարավանը» և Կոմիտասի «Դլե յամանը»։

Երկու մեներգիչների, խառը երգչախմբի և ազգային նվագարանների նվագախմբի համար գրված «Օրատորիան» կատարեցին մենակատարներ Մարատ Հարությունյանը և Էլինա Ջամալյանը:

Մեր երգը մեր պատմությունն է, ներկայի ագուցմամբ՝ մեր անցյալն ու ապագան։ Ցեղասպանությունը մեկ օրում չկազմակերպվեց և մեկ օրով չսահմանափակվեց։ Հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրության ցեղասպան ծրագիրը դարերի պատմություն ունի, որն անցել է դաժան փուլերի շղթա և Արևմտյան Հայաստանից հասել Արցախ՝ քաղաքակիրթ կոչված մարդկության աչքի դեմ-հանդիման այլևս կտրելով նրան արտաքին աշխարհի հետ կապից։

Բայց… երաժշտությունն իր հուշիկ տարերքի մեջ է և ուղերձ է՝ ազգային մեր հետագա ընթացքն արժանապատվորեն կազմակերպելու նոտայով։ Եվ որպես կանոն՝ սթափության ու լավատեսության հույզերը փոխանցվում են վերջում։ Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստանը» կատարում է Սասուն Պողոսյանը: Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանը» հնչում է երգչախմբի կատարմամբ։ Համերգին ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ