You are currently viewing Վաղուց մոռացված խոսքեր. գրական-երաժշտական երեկո Ստեփանակերտում

Վաղուց մոռացված խոսքեր. գրական-երաժշտական երեկո Ստեփանակերտում

«Վաղուց մոռացված խոսքեր (Давно забытые слова)». այս խորագիրը ներկաներին մի պահ կտրել էր իրականությունից՝ փոխանցելով ջերմ հույզեր ու հույսեր, ապրեցնող ելէջներ ու հաղորդագրություններ, տաք զգացումներ, կանացի խոհեր ու սպասումներ, որքան էլ դժվար, կյանքն առաջ մղելու առաքելություն…

Գրական- երաժշտական երեկոն կազմակերպվել էր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում։ Այն նվիրված էր հայ կնոջը, գարնանն ու վերածննդին:

— Մենք մեզ վաղուց ենք մոռացել, մենք՝ կանայքս, վաղուց շատ մեծ հոգսեր ենք ուսել, տրվել դրանց լուծմանը,- ասում է քոլեջի տնօրեն Անահիտ Սուլեյմանյանը,- այդ պատճառով որոշեցինք այս երեկոն, այս միջոցառումը նվիրել կանանց։ Մեծ հեղինակների ստեղծագործություններով որոշեցինք փառաբանել, օրհներգել կանանց, հիշեցնել, որ կինն է կյանքի շարժիչ ուժը։ Անահիտ Սուլեյմանյանը ցավով է նշում շրջափակված Արցախի հանգամանքը։ Ասում է՝ երեկոն կազմակերպելու գաղափարին տրվեցինք՝ մեր ներսից դուրս մղելով ցավը։ Եվ համաձայնում ես, որ կանայք շրջապատի, հարազատի, մերձավորի կողմից հասկացված ու ընդունելի լինելու իրավունքն ունեն, կյանքի շարժիչ անիվն առաջ մղելու իրավունքն ու պատրաստակամությունը։

Երեկոյին հնչեցին ինչպես հայ, ռուս, արտասահմանյան հանրահայտ երաժշտական կատարումներ, այնպես էլ գրական- գեղարվեստական ստեղծագործություններ՝ ավելի մտերիմ ու ընկալելի դարձնելով միջավայրը։ Կնոջը, գարնանն ու վերածննդին նվիրված գեղարվեստական ընտրանին ներկայացրել են քոլեջի մանկավարժներն ու ուսանողները։

Անահիտ Սուլեյմանյանի խոսքը նորից մտորելու առիթ է դառնում․ կին, գարուն, վերածնունդ։ Կի՞նն է գարնան մեջ, թե՞ գարունն է կնոջով բացվում, վերածնվում։ Մեծերի դիտարկումը՝ սատանան կնոջից ավելի է վախենում, որովհետև կենարարը կինն է, խտացնում է միջոցառման ասելիքը։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ