You are currently viewing Խաչի խորհուրդը միշտ հաստատուն է

Խաչի խորհուրդը միշտ հաստատուն է

Խաչի երևման տոնը Խաչին նվիրված տոներից մեկն է, որը հանդիսավորապես նշում է Հայ Առաքելական եկեղեցին։ Ու եթե Երուսաղեմում Տերն իր հրաշափառ Խաչի լույսով վերահաստատեց եկեղեցին և մարդկանց հոգիների դատարկությունը լցրեց աստվածային խաչից ճառագող լույսով ու ջերմությամբ, ապա Արցախում Խաչի երևումը վերահաստատվեց բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ, երբ ազատամարտիկներն իրենց թևերին, թիկունքին կրելով Խաչի մեծազոր նշանն ազատագրեցին քաղաքը երկարատև գերությունից։
Խաչի երևման տոնը շարժական է, բայց բուն երևումը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ Քրիստոսից հետո 351 թվականի մայիսի 7-ին, որի հիշատակումը որոշակի պարբերականությամբ համընկնում է բուն օրվան։ Հայոց եկեղեցին Երևման տոնի կապակցությամբ մատուցում է սուրբ և անմահ պատարագ։ Արցախի եկեղեցիներում մայիսի 7-ին մատուցվել է տոնական պատարագ: Հավարտ պատարագի, ի նշանավորումն մայիսյան եռատոնի, հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվել է հանրապետական մաղթանք։
Ստեփանակերտի առաջնորդանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում պատարագիչը Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն էր։

Պատմության դարձդարձ ընթացքում Խաչն իր հաղթական խորհուրդը երբեք չի կորցրել,- ասում է տեր Վաչագանը։- Այդ մենք ենք ժամանակ առ ժամանակ հեռանում Խաչի խորհրդից։ Երբ հավատարիմ ենք Խաչի խորհրդին, հաղթանակները տրվում են մեզ, երբ այդ հաղթանակները մենք վերագրում ենք մեզ և հպարտանում, այսինքն՝ հեռանում ենք Խաչի խոնարհության խորհրդից, հաղթանակները նորից հեռանում են մեզնից։ Բայց Խաչի խորհուրդը միշտ հաստատուն է, և Աստծո զորությունը միշտ նույնն է։ Մենք պետք է դառնանք Խաչին, օգտագործենք նրա զորությունը՝ ազատագրելու մեր Հայրենիքի գերյալ հատվածները։
Պատարագիչն անդրադարձել է նաև ավետարանական մի դրվագի, որի համաձայն Խաչի երևման երևույթը ժամանակի պատրիարքը՝ Կյուրեղ Երուսաղեմացին, նամակով ծանուցել է Կոստանդիանոս կայսերը, որը որոշ ժամանակ պարտությունների մի ընթացք էր անցել պարսիկների հետ պայքարում։ Նամակում կայսերն ասվում է, որ Խաչի նշանով պիտի հաղթի, որից հետո սկսվում է կայսեր հաղթարշավը։
Պատարագչի քարոզից քաղված օրվա խորհրդի բուն առանցքը ներկայացնում է հետևյալ պատկերն ու հորդորը․ պետք է արմատախիլ անել հպարտության մահացու բարդույթը, նորից տրվել ազատագրող, կորովի Խաչին, եթե ուզում ենք նորից ազատագրվել ու ազատագրել։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ