You are currently viewing «Անուշ» օպերան Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ

«Անուշ» օպերան Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ

Ամեն անգամ առաջին անգամվա պես է դիտվում «Անուշ» օպերան։ Դրամատիկ- երաժշտական ստեղծագործություն, որի ցուցադրությունն Արցախում այլևս դարձել է ավանդական ու սիրելի։ Մշակութային բնագծի հերթափոխում այս անգամ Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կոլեկտիվն է (գեղարվեստական ղեկավար և խմբավար, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Նինա Գրիգորյան, տնօրեն՝ Արմինե Յախշիյան)։
Գլխավոր հերոսներից Մոսին (Սևակ Ջանոյան) խոզապարկուկի (գոտեմարտի ժամանակ դիտմամբ կողքի վրա ընկնելը) զոհ դառնալով՝ աչքերն արյամբ լցված, արժանապատվության վրեժխնդրությամբ սպանում է քրոջ՝ Անուշի սիրեցյալին։ Թումանյանի պոեմում, որի մոտիվներով օպերան գրել է կոմպոզիտոր, լիբրետտոյի հեղինակ Արմեն Տիգրանյանը, արժանապատվության զգացումն արդյո՞ք միայն էգոյի՝ եսի մակարդակում է, թե՞ կարող է տեղափոխվել նաև ազգային արժանապատվության տարածք։ Պոեմը (օպերան) մեր գրականության (երաժշտության) ազգագրական ավանդույթներով ու ժողովրդական իմաստության սինթեզով, բնաշխարհիկ հայկական միջավայրով ու բնավորությամբ ամենահայ պոեմն (օպերան) է։ Եվ պոեմում, և օպերայում ժամանակի ընթացքում Թումանյանն ու Տիգրանյանը որոշակի ուղղումներ ու լրացումներ, վերամշակումներ են արել։ Բայց փոխվե՞լ է արդյոք թիկունքը գետինը տեսած երիտասարդի (ազգ- ժողովրդի) արժանապատվության զգացումն ու պատասխան վճիռը․․․


Նինա Գրիգորյանն ասում է, որ կյանքում, հատկապես ստեղծագործական գործունեության մեջ, ինքն առաջնորդվում է հայրենասիրական մղումներով։ Խմբավարի կարծիքով՝ պետք է ձևավորել այնպիսի ավանդույթ, որ Արցախում ևս գրական- գեղարվեստական ու երաժշտական գլուխգործոցների ապոթեոզ «Անուշը» ցուցադրվի հենց այն ժամանակ, երբ որ դպրոցականներն ուսումնական ծրագրով Թումանյան են ուսումնասիրում։

Ներկայացման բեմադրող ռեժիսորը Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ Հովհաննես Հովհաննիսյանն է, որը շրջափակման պատճառով չկարողացավ ներկա գտնվել մեր փորձերին,- նշում է Ն․ Գրիգորյանը,- բայց նա այնպիսի հստակ աշխատանք է կատարել, որ մենք կարողացանք հիշողությամբ ու որոշակի նուրբ փոփոխություններով ներկայացնել բեմադրությունը։ Իսկ ամբողջն արվել է երգչախմբի ուժերով․ զանգվածային տեսարանները ներկայացրել են երգիչները, մեներգիչները կատարել են գլխավոր դերերի սոլոները։

-Միշտ երազել եմ Անուշ երգել ու խաղալ,- չի թաքցնում Էլինա Ջամալյանը,- երազանքս իրականացավ․ Անուշի դերում բեմ բարձրացա երկրորդ անգամ։ Բեմադրության ներկայացումը կայացավ նաև խաղընկերներիս (Սարոյի դերակատար՝ Սասուն Պողոսյան) նվիրվածության շնորհիվ։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ