You are currently viewing ԱՐԴԱՐԱՑԻ ԲՈՂՈՔՆ ՈՒ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆՈՂ ՁԱՅՆԸ

ԱՐԴԱՐԱՑԻ ԲՈՂՈՔՆ ՈՒ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆՈՂ ՁԱՅՆԸ

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության (նախագահ՝ Վովա Արզումանյան) նախաձեռնությամբ Երիտասարդական թատրոնի ճեմասրահում բացվեց արցախաբնակ յոթ լուսանկարիչների շուրջ երեք տասնյակ լուսանկարների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա էր նաև Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը: Նա իր խոսքում շեշտեց Արցախի և նրա ժողովրդի անկոտրում և համառ կամքի մասին՝ հավաստիացնելով, որ արցախցիներն ամեն գնով պահելու են Արցախի հողն ու պետականությոնը։

Թեպետ լուսանկարչությունն արվեստի այն տեսակն է, որը թարգմանության կարիք չունի, այսուամենայնիվ, եռալեզու ցուցահանդեսը հնարավորություն կտա շրջափակման ձայնի արձագանքները աշխարհի խուլ ականջին լսելի դարձնել:

Ցուցահանդեսի գլխավոր նպատակը Արցախում ստեղծված իրավիճակը հայ և միջազգային հանրությանը պատկերավոր ներկայացնելն է: Արցախի երկարատև շրջափակումն էլ իր ձայնն ունի՝ իր արդարացի բողոքն ու միաժամանակ հաստատակամությունն ի լուր աշխարհին հայտնող ձայնը:Այնքան կյա՜նք, այնքա՜ն իրականություն և այնքա՜ն հայկական շունչ կար լուսանկարներում: Յուրաքանչյուր լուսանկարից դիտողին էին նայում արցախցու անկոտրում կամքը, հավատն ու Արցախի հողի զորությունը, որից սնվել և որի վրա ամուր կանգնած են։

Առավել տպավորիչ գործերից է Արմեն Գաբրիելյանի «Սպասում»-ը, որի հերոսն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական սպասումը՝ ափերի մեջ կռացած հայոց միտքը, գաղափարախոսությունը, կռիվը, խաղաղությունը, ապրելու ցանկությունը, վաղվա օրը, և այդ ամենի մեջ՝ մեզ բոլորիս հուշող մի գաղափար. այլևս ո՛չ ոք և ոչինչ չի կարող որոշիչ լինել՝ բացի մեր միասնականությունից և համախմբվածությունից։ Երիցս իրավացի է Դուշման Վարդանը (Ստեփանյան). «Հողը երեխայի պես գրկում է ոտքերդ ու ասում՝ ինձ մենակ մի թող»։ Ուրեմն միահամուռ կերպով փայփայենք ու պահպանենք ինչպես հայոց պետականությունը, այնպես էլ՝ Արցախ աշխարհը, որը մեր ինքնության կարևոր մի մասնիկն է, մեր լինելիության ու հարատևության երաշխիքը։

Անահիտ Վարդանանց