You are currently viewing Արցախից` Պոեզիայի միջազգային փառատոն

Արցախից` Պոեզիայի միջազգային փառատոն

«Խմում եմ քամի//Տերեւների փոշով խեղդված,//Հարբում է քայլը, հետո քայլերը։// Արգելված կրակոցները, //Անզեն սահմանները //Պահմտոցի խաղացող փոքրիկ են`// Ծառի հետեւում կանգնած, //Ում վաղուց «ստուկ» են արել…»,- այս տողերն արցախաբնակ բանաստեղծուհի Սոնա Համբարձումի բանաստեղծությունից են։

Բանաստեղծուհին վերջերս մասնակցել է Ռումինիայի Յասսի քաղաքում կայացած Պոեզիայի միջազգային փառատոնին` ներկայացնելով Հայաստանի ու Արցախի գրական ընտանիքները։ Փառատոնին ընդհանուր առմամբ մասնակցում էին աշխարհի քսանութ երկրներից ժամանած պոետներ, թարգմանիչներ։

Փառատոնի շրջանակում յուրաքանչյուր օր պոետների խմբերը ռումինացի թարգմանչի եւ Ռումինիայի գրողների միության ներկայացուցչի հետ այցելում էին Յասսի համալսարաններ, հանդիպում ուսանողների հետ, ընթերցում բանաստեղծություններ, պատասխանում ուսանողների հարցերին եւ լսում գրողների բանաստեղծությունները.

«Խմում եմ քամի // Լեռներից է իջել` արյան համով, //Հարբում է հանդիպումը, հանդիպումները// Պարտադրված ստորագրությունը, //Գաղտնի պայմանավորվածությունը, //Խոստացված տարածքները //Սխալ թվի վրա դրված խաղադրույք են, //Չեն շահելու խաղացողները, //Միայն խաղատունը… //Խմում եմ քամի// Ինքնաթիռներ գրկած, Եռացող հողի մանրահատիկներ նետող»,-գրում է Սոնան՝ ի լուր աշխարհի ցույց տալով իսկական հայի հոգեվիճակը։

Փառատոնի առաջին օրը Ռեգինա Մարիայի անվան թագավորական թանգարանում բանաստեղծություններով ներկայացան փառատոնի հրավիրյալ A պոետների խումբը (խմբերը բաժանված էին A-ից F), որի կազմում էր նաեւ Սոնա Համբարձումը։ Փառատոնի երկրորդ օրվա առաջին կեսին մասնակիցներն այցելեցին Ալեքսանդրու Իոնայի անվան լիցեյ, որտեղ նրանց դիմավորեցին լիցեյի տնօրենը, դասախոսներ եւ գրականասեր ուսանողներ։

Հանդիպումից հետո Սոնա Համբարձումն այցելեց տեղի հայկական եկեղեցի եւ հանդիպեց հայ համայնքի գրասենյակի պատասխանատու Զարեհ Նազարյանի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր ռումինահայ Վարուժան Ոսկանյանը, որը տարիներ շարունակ եղել է Ռումինիայի պառլամենտի պատգամավոր, ֆինանսների նախարար։ Օրվա երկրորդ կեսից Ռեգինա Մարիայի անվան թագավորական թանգարանում մասնակիցները լսեցին B խմբի պոետներին։

Փառատոնային երրորդ օրվա առաջին կեսին ընթերցումները շարունակվեցին Վասիլի Ադամաչիի անվան Յասսիի գյուղատնտեսական քոլեջի ուսանողների հետ։ Իսկ օրվա երկրորդ կեսից Ռեգինա Մարիայի անվան թագավորական թանգարանում շարունակվեց ներկայացվել ստեղծագործություններ արդեն C խմբի պոետների կողմից։

Յասսի քաղաքի «Palace» առեւտրային կենտրոնում պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվեց երկօրյա «Librex» գրքի տոնավաճառ-փառատոն, որի ընթացքում օտարազգի գրողները ընթերցեցին մայրենի լեզվով բանաստեղծություններ` հընթացս ռումիներեն ու ֆրանսերեն թարգմանություններով։ Նույն փառատոնի հանձնաժողովը, տնօրեն Պետրու Ռադուի գլխավորությամբ ընտրեցին տասը պոետների եւ պարգեւատրեցին, որոնց թվում էր նաեւ մեր ներկայացուցիչը։ Այնուհետեւ Յասսի քաղաքի Չիուարա շրջանի մայոր Քըտըլին Լուպուն դիմավորեց փառատոնի մասնակիցներին։

Մասնակիցներն այցելեցին Չիուարա զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելով 1917 թվականին դեկտեմբերի 31-ին (13 հունվարի, 1917) երկաթուղու վթարից զոհված հազար եւ ավելի մարդկանց հիշատակին նվիրված հուշարձանին։ Զոհվածների թվում էր նաեւ ռումինական մեծ հրամանատատ Ալեքսանդրու Քատունյանուն։ Այնուհետեւ գրողներն ընթերցումներ ունեցան ռումինացի Չելա Նեմցու անվան մշակույթի կենտրոնում։

Փառատոնի փակումը կայացավ ռումինացի մեծ պոետ Միհայ Էմինեսկու անվան զբոսայգում, որին հաջորդեց դասական համերգ։

«Գերեվարող, ինքնիշխան սահման, խաղաղ բնակչի իրավունք չճանաչող //Ագրեսոր իմ հարեւանը` Ադրբեջանն ու Թուրքիան// Ծանրացնում են իրենց նժարը, //Իմ երկրից հեռանում են արդարությունը, //Ազատությունը, //Խոհեմությունը, //Օտար վիզաներ են ստանում// Խաղաղությունը, //Նվիրվածությունը, //Հոգատարությունը //Սպասելով անվերադարձ թռիչքի… //Խմում եմ քամի… //Իմ քամի, ես խմում եմ քեզ…»,- գրում է Սոնա Համբարձումը՝ իրականության լույսին խառնելով նոր իրականությունը։

Մեզ հետ զրույցում Սոնա Համբարձումն ասաց՝ նաեւ գրականության միջոցով պետք է բարձրացնել հայի առջեւ ծառացած խնդիրներն ու նոր հնարավոր ելքեր փնտրել իրավիճակի հաղթահարման համար։ Զրուցակցիս խոսքով՝ պոեզիան նույնպես լավագույն միջոցն է պատմելու շրջափակման, Արցախում ապրող մարդկանց, նրանց ապրումների մասին։

Պատրաստեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ