You are currently viewing Ճամբարը՝ հետաքրքիր ժամանցի ու հանգստի հնարավորություն

Ճամբարը՝ հետաքրքիր ժամանցի ու հանգստի հնարավորություն

Բարերար Աշոտ Ջիվանյանը տարիներ շարունակ զգալի ներդրումներ է կատարում, որոնք առաջնահերթ ուղղված են կրթական ոլորտի բարելավմանը, մատաղ սերնդի բազմակողմանի և հայրենասիրական դաստիարակությանը: Հերթականը եղավ Ճարտարում բացված եռօրյա ռազմահայրենասիրական ճամբարը:
Բարերարի հիմնադրած բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Ճարտարում գործող երիտասարդ ուսուցիչների խորհրդի կողմից առաջարկված ճամբարի կազմակերպման գաղափարը մեծ ուրախությամբ է ընդունվել երեխաների, նաև՝ մանկավարժների կողմից:


Հիմնադրամի պատասխանատու Արմիդա Գրիգորյանի խոսքով՝ բարերարի միջոցներով Ճարտարում կառուցված դպրոցում և նրա հարակից տարածքում էլ կազմակերպվել է ճամբարը, հաշվի առնելով նաև տեղանքի հարուստ բնության և մի շարք այլ առանձնահատկություններ: Այն բացվել է հունիսի 10-ին և կտևի մինչև 12-ը ներառյալ: Ունի ռազմահայրենասիրական բովանդակություն, ընդգրկված են Ճարտարի 4 և Քերթի միջնակարգ դպրոցների 9-12-րդ դասարանների սովորողները: Տրամադրվում է նախաճաշ, ճաշ, ընթրիք: Շատ հագեցված ծրագրով են աշխատում՝ ռազմամարզական, մշակութային մրցումներով, միջոցառումներով, նաև ազգային ավանդական խաղերով: Այն աշակերտների և ուսուցիչների համար շատ սպասված էր: Հաշվի առնելով լեգենդար հրամանատարի զոհվելու 30-րդ տարելիցը՝ բարերարի կողմից որոշվեց այնպես կազմակերպել, որ փակման արարողությունը տեղի ունենա հենց հրամանատարի զոհվելու օրը՝ գաղափարով, որ նա շարունակում է ապրել ու միշտ մեզ հետ է:
Սնունդը պատրաստվում է տեղում, ճամբարի պահանջներին համապատասխան: Այն կազմակերպիչների ու մասնակիցների համար շրջափակման մասին փոքր ինչ մոռանալու հնարավորություն է, նաև եռօրյա տոն ու ակտիվ հանգիստ: «Ճամբարի գաղափարը երիտասարդ ուսուցիչների խորհրդի նախագահ Անուշ Քամալյանինն է, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց: Ցանկալի է, որ նման գաղափարներ շատ լինեն, որոնց իրագործումն անպայման կանդրադառնա մեր դպրոցների ուսումնադաստիարակչական աշխատանքի որակի վրա: Ճամբարային շփումը միասնություն է բերում: Թվում է՝ ընդամենը եռօրյա է, կարճատև, բայց այն անպայման իր հետքը թողելու է: Պատասխանատուներից և կազմակերպմանը ներգրավվածներից պահանջվել է մեծ, մանրակրկիտ նախապատրաստական և ընթացիկ աշխատանք: Ուշադրության կենտրոնում առաջնահերթ ճամբարականների անվտանգությունն է »,- ասում է Ա.Գրիգորյանը:


Ճարտարի Ազատամարտիկների անվան հ.1 հոսքային դպրոցի տնօրեն Ջավադ Հակոբյանը ճամբարի պատասխանատու-կազմակերպիչն է: Նախորդ ուսումնական տարում պարոն Ջիվանյանի հետ քննարկումների արդյունքում որոշվել է պարբերաբար ճանաչողական էքսկուրսիաներ կազմակերպել: Անցած ուսումնական տարում ճամբարում ընդգրկված դպրոցների բոլոր աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ էքսկուրսիաներ են կազմակերպվել դեպի տարբեր տեսարժան ու պատմական վայրեր: Այս տարի, ստեղծված իրավիճակով պայմանավորված, փոխեցին որոշումը: Փորձում են այս ձևով աշակերտներին կտրել առօրյայից, նրանց ֆիզիկական և ռազմահայրենասիրական գիտելիքներն ու հմտություններն ամրապնդել, նաև բարձրացնելով կոլեկտիվ պատասխանատվության մակարդակը՝ թիմային աշխատանքի շնորհիվ: Ճամբարը ոչ միայն հանգստի հնարավորություն է, այլև ռազմահայրենասիրական լինելով հանդերձ՝ դաստիարակչական է: Ժամանակի ընտրությունը համընկել է քննաշրջանի հետ, բայց միահամուռ աշխատանքի արդյունքում հաջողության են հասել՝ առանց ուսումնական գործընթացին վնաս հասցնելու: Քանի որ հիմնադրամը Հրամանատարի անունն է կրում, փորձել են այն կապել նրա հետ՝ ճամբարին տալով նոր գաղափար ու Հրամանատարի հայրենապաշտությունը, հայրենասիրությունը, մարդկային որակները վարակիչ դարձնել երեխաների համար: Ճամբարի վերջին՝ երրորդ օրը կբարձրանան Եղիշեի վանք, որտեղ և տեղի կունենա փակման արարողությունը: Գազ չկա, էլեկտրականության խնդիր կա, բայց բոլոր խնդիրներին զուգահեռ նաև լուծվեցին այս խնդիրները: Ճամբարն ընթանում է առանց գիշերակացի, երեխաներին առավոտյան բերում են և երեկոյան նորից հասցնում տներ:


Անիտա Մուսայելյանը Քերթի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է, Քերթի «Արծվաբերդ» թիմն է ներկայացնում. « Երեխաները շատ պատրաստակամ են, պատասխանատու, հետաքրքիր է նրանց հետ աշխատելը: Մեզ այսպիսի միջոցառումներ շատ են պետք: Նման պայմաններում չէինք սպասում այսպիսի ճամբար՝ պայմանավորված տարբեր խնդիրներով: Բայց եթե նախաձեռնությունը Հիմնադրամինն է, հաջողությանը կասկածել պետք չէ»,- ասում է նա:
Երիտասարդ ուսուցիչների խորհրդի փոխնախագահներ Անուշ Բաբաջանյանը և Անուշ Ավանեսյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշել են, որ ողջունել են գաղափարը և իրենց ուժերի ներածին չափով ընդգրկվել բոլոր աշխատանքներում: Այստեղ հայրենասիրական, ռազմամարզական, գեղարվեստական միջոցառումները կազմակերպվում են բարձր մակարդակով: Հեշտ է ստացվում, որովհետև հենց երեխաների նախասիրությունների հիման վրա է կազմված ծրագիրը, որը բաժանված է տրամաբանական երկու մասի. օրվա առաջին մասում ռազմահայրենասիրական և սպորտային միջոցառումներն են կազմակերպվում, երկրորդ կեսին՝ գեղարվեստական: Ճամբարը մեծ հետաքրքրություն և ակտիվություն է առաջացրել ոչ միայն երեխաների, այլև երիտասարդ ուսուցիչների շրջանում: Համոզված են՝ ճամբարականներն անհամբեր սպասելու են հաջորդ ճամբարին:
Իհարկե, այս օրերին նման ճամբարի կազմակերպումը մեծ հաղթանակ է օրվա, ստեղծված դժվարությունների ու մարտահրավերների հանդեպ:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ, «Ամարաս» թերթ