You are currently viewing Գույների աշխարհում նոր աշխարհ ստեղծողը

Գույների աշխարհում նոր աշխարհ ստեղծողը

Գույների հետ խաղը շնորհալի բեմանկարիչ Տիգրան Հարությունյանի համար դարձել է մեր աշխարհում նոր աշխարհ ստեղծելու պատճառ։ Տիգրանը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Աշխատում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, նաեւ որպես բեմանկարիչ ներգրավված է տարբեր կինոնախագծերում եւ ուսանողական ներկայացումներում։ Բազմազբաղ երիտասարդը նաեւ գրքեր է նկարազարդում։ 2021 թվականին կայացել է նրա «Հեքիաթ քնից առաջ» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Տիգրանի արվեստն ունի լայն ընդգրկում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն առանձնանում է եւ՛ ինքնատիպությամբ, եւ՛ բովանդակային խորությամբ։ Նա ստեղծագործելու հետաքրքիր ոճով իր կնիքն է թողնում ժամանակակից արվեստում։

«Նկարելու առաջնահերթ պահանջը սեփական հույզերս կտավին հանձնելն է։ Հաճախ մենք ամենատարբեր էմոցիաներ ենք կուտակում մեր մեջ, եւ եթե չգտնենք գոնե մի միջոց՝ դրանք դուրս հանելու, երեւի կպայթենք։ Իմ միջոցը նկարչությունն է։ Նկարչությունը միջոց է նաեւ կյանք տալու իմ հերոսներին, որոնք ապրում են իմ մտքերում եւ իմ գրած պատմվածքների տողերում»,-վստահեցնում է Տիգրանը։

Տիգրանի կտավներից շատերում հեքիաթային աշխարհ է, նույնքան հեքիաթային ու անիրական թվացող կերպարներով։ Ասում է՝ դեռ մանկությունից հեքիաթներ շատ է սիրել, ինչն էլ հասցրեց մի կետի, երբ ինքն անձամբ ցանկացավ ստեղծել հեքիաթային աշխարհ թե՛ գրականության, թե՛ նկարչության մեջ։ «Իմ նկարների հերոսներն իրենց աշխարհում ապրում են սիրո, բարության, խաղաղության ու ներդաշնակության մեջ, ինչը թերեւս ամենակարեւորն է «բոլոր աշխարհներում»,- ասում է զրուցակիցս, նաեւ նշում, որ վաղուց գրում է, եւ ինչ-որ մի պահի հասկացավ՝ ուզում է տեսնել իր պատմվածքների հերոսներին, կերպարանք տալ ու թողնել նրանց, որ ապրեն մե՛ր աշխարհում։ «Սկզբնական շրջանում կտավներիցս յուրաքանչյուրը պատմում էր կոնկրետ հերոսի, նրա կյանքի որեւէ իրադարձության մասին կամ պարզապես ցույց էր տալիս այն աշխարհը, որտեղ նա բնակվում էր։ Ավելի ուշ՝ մտքերս ինձնից առաջ էին ընկնում, եւ հաճախ չէի հասցնում դրանք թղթին հանձնել, ուստի անմիջապես նկարում էի, որ չկորցնեմ։ Իմ ստեղծագործություններում գրականությունն ու նկարչությունն անընդհատ զուգահեռվում են եւ սերտորեն փոխկապակցված են իրար հետ»,- ասում է Տիգրանը։

Զրուցակիցս նշում է, որ երաժշտությունը եւս կարեւոր տեղ ունի իր կյանքում։ «Չեմ կարողանում հիշել մի կտավ, որը նկարել եմ առանց երաժշտության ուղեկցության։ Եթե լսում եմ նկարելու ընթացքում՝ նկարն ինքն է թելադրում, թե ինչ երաժշտություն պետք է լինի իր շուրջը։ Հայկական ժողովրդական երգերից մինչեւ ծանր ռոք, 70-80-ականների հիթերից մինչեւ մեր ժամանակներում ստեղծվող երաժշտություն եմ լսում»,-անկեղծանում է Տիգրանը։

Վերջին ամիսներին Տիգրան Հարությունյանը «Erasmus+ Exchange» ծրագրի շրջանակներում հնարավորություն է ստացել սովորել Լեհաստանում՝ Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայում։ «Ահռելի մոտիվացիայի եւ ոգեշնչման աղբյուր հանդիսացավ այս ծրագիրն ինձ համար։ Հրաշալի ճարտարապետություն, բնություն, բարի եւ դրական մարդիկ, ամեն ինչ գեղեցիկ ներդաշնակության մեջ էր։ Երբ քայլում էի փողոցում, զգում էի, թե ինչպես է ամեն քարը, պատը, շենքը, ծառը շնչում մշակույթով, պատմությամբ։ Կարծում եմ այս տեսակի ծրագրերը շատ կարեւոր են երիտասարդների համար եւ մեծ հնարավորություն են հետագայի համար։ Ինքս՝ որպես նկարիչ, շատ կարեւոր եմ համարում փորձի փոխանակումը հատկապես մշակութային ոլորտում։ Անչափ հաճելի էր, երբ արտերկրում բնակվող ընկերներիս ցույց էի տալիս Սարյանի կտավները կամ Կոմիտասի ստեղծագործությունները, եւ նրանք հիանում էին ու գրանցումներ անում իրենց մոտ, որպեսզի հետագայում էլ ուսումնասիրեն։ Բացի մասնագիտական հմտություններ ձեռք բերելուց՝ սա նաեւ կյանքի մեծ դպրոց է, երբ ստիպված ես լինում կտրվել քո «կոմֆորտ զոնայից», ապրել մենակ, խոսել քեզ ոչ հարազատ լեզվով, սովորել եւ փորձել խոսել տեղի լեզվով, շփվել ամենատարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց հետ, գտնել նոր ընկերներ, մի խոսքով` հաճելի, միեւնույն ժամանակ՝ պարտավորեցնող է նման ծրագրերի մասնակցությունը»,- մանրամասնում է երիտասարդ բեմանկարիչը։

Խոսելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մասին՝ զրուցակիցս նշեց, որ այն իր համար տուն-արվեստանոց է դարձել, որովհետեւ օրվա մեծ մասն այդտեղ է անցնում, քան տանը։ «ԵԹԿՊԻ-ն ունի ուղղակի մոգական մթնոլորտ, որը եթե ընդունում է քեզ իր պատերից ներս, ուրեմն դու այլ ելք չունես, քան նվիրվել նրան։ Լավագույն տարիներս անցել ու դեռ անցնելու են սիրելի թատերականում, ուստի այս բուհն անկասկած շատ մեծ դեր ունի իմ կյանքում թե՛ որպես մասնագետ կայանալու, թե՛ որպես անհատ»,- եզրափակեց Տիգրան Հարությունյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ