You are currently viewing «2024 թվականին ԵԹԿՊԻ-ում միջազգային երիտասարդական գիտաժողով կկայանա». Վովա Արզումանյան

«2024 թվականին ԵԹԿՊԻ-ում միջազգային երիտասարդական գիտաժողով կկայանա». Վովա Արզումանյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը նպատակադրված է 2024 թվականին միջազգային երիտասարդական գիտական նստաշրջան գումարել։ Նստաշրջանին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի ու Արցախի բուհերի, այնպես էլ արտերկրների բուհերի ուսանողներն ու երիտասարդ գիտնականները։

ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն նախադեպ ունեն, այս տարի ապրիլին հանրապետական գիտաժողով են անցկացրել, այժմ միջազգային գիտաժողովի ժամանակն է։

-Մեր բուհի համար շատ կարևոր են գիտաժողովները։ Եվ մեր ընկերությունն ամեն հնարավոր քայլ անում է, որ ուսանողների գիտական միտքը բացահայտվի, զարգանա ու տարածվի։ Սա նաև նրանց վերլուծական մոտեցումների զարգացմանն է միտված,- ընդգծեց է Արզումանյանը։

Մեր զրուցակցի տրամադրած տեղեկություններով` շուտով հայտնի է լինելու, թե ինչ մասնագիտական ուղղություններով կարող են մասնակցել ուսանողները։ Այժմ աշխատանքներ են տարվում գիտաժողովի ձևաչափի հստակեցման ուղղությամբ։

Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ