You are currently viewing ԵՐԲ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

ԵՐԲ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Կիթառահար Տիգրան Ավետիսյանը ժամանակակից երաժշտության աշխարհում իր ճանապարհը սկսել է վաղուց։ Նպատակը նորը ստեղծելն ու հինը նորովի մատուցելն է։ Նա հիմնադրել է արդեն ճանաչում վայելող «SIGMA SOL» ռոք խումբը, որն իր գործունեության ընթացքում աչքի է ընկել համարձակ քայլերով։ «Արի իմ սոխակ» երգը նոր մոտեցմամբ՝ խմբի գործիքավորմամբ և կատարմամբ, հնչում է նորովի ու ինքնատիպ։

Տիգրանն այժմ նոր երաժշտական խումբ ունի՝ «Լուսարեք», որն արդեն սփռում է իր լույսը։ Կիթառահարը նաև դասավանդում է։ Վստահեցնում է՝ երեխաների հետ աշխատելն ինքնին պարտավորեցնող է, միաժամանակ՝ հաճելի։ Տիգրանի հետ զրուցել ենք երաժշտության մասին և ոչ միայն․․․ 

-Տիգրան, «SIGMA SOL» փսիխոդելիկ, պրոգրեսիվ և դասական տարրեր պարունակող ռոք խումբը հիմնադրել ես 2016-ին։ Եթե հետհայաց նայենք՝ որտեղից ո՞ւր եք հասել։ Այս տարիներին ի՞նչ եք մատուցել երաժշտասեր հանրությանը։

-Եթե խումբը դիտենք որպես կոմերցիոն նախագիծ, ապա գուցե շատ բանի դեռ չի հասել։ Բայց մյուս կողմից էլ արել է եզակի քայլ․ միակ կոնցեպտուալ խումբն է Հայաստանում, որ մի գաղափարի շուրջ է ստեղծագործում։ Ի սկզբանե պատերազմներին դեմ էինք խոսում, որոշակի քաղաքական ենթատեքստերով ասելիք էինք փոխանցում ունկնդրին։ Առաջինը եղանք, որ փսիխոդելիկ պրոգրեսիվ անգլալեզու երաժշտություն ստեղծեցինք Հայաստանում։ Տիկ-տոկի, ինստագրամի դարում դժվար է հաջողության հասնելը ծանր երաժշտությամբ, ամեն տեղ մարդիկ հեշտ, թեթև ընկալելի, պարային ու ռիթմիկ երգեր են սիրում, այդ առումով բարդ կլիներ այս խմբով լուրջ նվաճումների հասնելը։ Երաժշտական բարձր ճաշակ ունեցող մարդիկ են գնահատել մեր գործունեությունը, ինչն ավելի է մեծացրել մեր հավատը մեր գործի հանդեպ։ Արցախում վերջին ամիսներին բեմադրված «Անմահների դիրքը» ներկայացման երաժշտությունը նույնպես մեր խմբինն է, որ տեղ է գտել «Ռեդ» ալբոմում։ Այս պահին ունենք քսան ձայնագրություն, մեկ ալբոմ, հիմա երկրորդ ալբոմի վրա ենք աշխատում։ 


-Այս պահին խումբն ասես ստեղծագործական ճգնաժամ է ապրում։ Ո՞րն է պատճառը։

-Կյանքում ամեն բան հարթ չի լինում։ Խմբի անդամների միջև լավ հարաբերություններ են, մթնոլորտը հիանալի է, ուղղակի այլ խնդիրներ են բարձրացել։ Անձնական ու այլ բնույթի կարևոր խնդիրներ կան, որոնց պատճառով չենք կարողանում ստեղծագործական ճգնաժամը հաղթահարել։ Կարծում եմ՝ առաջիկայում կկարգավորվի, որովհետև մենք դեռևս ունենք կիսատ գաղափարներ, նոր ծրագրեր, որոնք անպայման պետք է իրագործենք։ Երաժշտությունը երբեք չի պարտվում․ այն կյանքը սնուցող երակ է։ 

-Խոսենք քո ստուդիա-արվեստանոցի մասին, որտեղ էլ ձեր խմբի հիմնական փորձերն են ընթանում։ Հինգ տարբեր տրամադրություններն ինչպե՞ս են միավորվում փորձերի ժամանակ։

-Ստուդիա-արվեստանոցը մեր սիրելի անկյունն է դարձել, լավ միջավայր է, աշխատանքային բուռն վիճակներ են ստեղծվում։ Կարելի է ասել՝ արվեստանոցն օգնում է, տրամադրում է, որ ստեղծագործենք։ 

Մեզ բոլորիս երաժշտությունն է կապում։ Ւսկապես, բարդ է աշխատելը հինգ տարբեր տրամադրությունների և բնավորությունների տեր մարդկանց հետ։ Մարդու մոտ ամեն ինչ իդեալական է լինում միայն մի դեպքում, երբ մարդը մենակ է աշխատում։ Բայց մենակ մարդը չի կարող յոթ գործիք նվագել ու իրագործել գաղափարները։ Բոլորս կայացած մարդիկ ենք ու գիտակցում ենք, որ պատրաստ պիտի լինենք ինչ-ինչ հարցերում միմյանց զիջելու, երբեմն՝ մեր ուզածին դեմ գնալու, որ կարողանանք ստեղծագործել։ Սա է մեր կյանքը․․․

-Այսօր շատ երաժշտական խմբեր հանդիսատեսի հետ հաղորդակցվելու համար կարևորում են համացանցի դիտումները, մեկնաբանությունները, և ոչ թե համերգները, ակումբներում, մեծ բեմերում հանդես գալը: Ըստ այդմ, ի՞նչ է փոխվել արտիստի կյանքում՝ դրական ու բացասական իմաստով:

-Ժամանակի թելադրանքն է։ Մարդիկ ալարկոտ են դարձել, քիչ են տեղաշարժվում։ Արտիստներն էլ տրանսֆորմացվել են․ ինչ պահանաջարկ կա, այդ ուղղությամբ են աշխատում՝ հիմնականում կենտրոնանալով յութուբյան դիտումների վրա։ Բայց կենդանի շփումն ու յութուբում լսելը տարբեր են։ Մենք փորձում ենք հաճախ համերգներ ունենալ, որ դեմ առ դեմ լինենք հանդիսատեսին, իրար էներգիա փոխանցենք։ Այդպես նաև «առաջին ձեռքից» ենք լսում և՛ քննադատություններ, և՛ գովեստի խոսքեր։ 

-Հարցազրույցներից մեկում նշել ես, որ Հայաստանում երաժշտությամբ հնարավոր չէ փող աշխատել։ Որո՞նք են հիմնական խոչընդոտները։

-Նշել էի, որ այդպիսի՝ հոգեմետ, մռայլ տարրերով, ռոք էլեմենտներով փսիխոդելիկ երաժշտությամբ հնարավոր չէ փող աշխատել։ Սա նաև ոճային առումով է բարդ, պետք է բարդ երաժշտություն ընկալողները շատ լինեն։ Մենք ոչ ստանդարտ, հետաքրքիր տարրեր պարունակող երգեր ենք ստեղծում, ինչը շատ մարդիկ չեն ընկալում, բնականաբար, նաև չեն գնահատում։ Սա հիմնական պատճառն է, բայց կարելի է այլ պատճառներ նույնպես թվարկել։

-Եթե դեմ չես, ապա մի հարց էլ՝ քաղաքական շեշտադրմամբ։ Երաժիշտը, ընդհանրապես արվեստագետը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ։

-Մարդիկ այսօր շատ ուղիղ, երբեմն պարզունակ են մտածում, հարցին այլ տեսանկյունից պետք է նայել։ Քաղաքականությամբ զբաղվելը կուսակցություն բացելն է, քաղաքական գործիչ դառնալն ու պաշտոնի հավակնելը։ Երաժիշտը, իհարկե, չպետք է զբաղվի քաղաքականությամբ, բայց չեմ ուզում խոսքս ընկալվի այնպես, թե երաժիշտը չպետք է խառնվի ոչ մի բանի։ Չպետք է անտարբեր լինել, չպետք է ջայլամային քաղականությանը տուրք տալ, նստել ու չխոսել։ Բայց մի բան է պահանջատեր լինել քո երկրի անվտանգության հարցում, մեկ այլ բան է  քաղաքականությամբ ճանապարհ հարթելը, քաղաքապետ, պատգամավոր դառնալու փորձեր անելը, և այդպես շարունակ։ Մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ վերջին տարիներին ով ասես սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Այսպես ո՞ր կհասնենք՝ չգիտեմ։  


-Վերջերս ստեղծել ես «Լուսարեք» նոր խումբը։ Այս նախագիծը նոր ձեռագիր, ոճ ենթադրո՞ւմ է։ 

-«Լուսարեքը» որոշակի կապ ունի իմ նախորդ խմբի հետ։ Քանի որ ժամանակավոր դադարի մեջ ենք, իսկ նվագելու ծարավ կար, որոշեցինք չնստել ու շարունակել ստեղծագործել։ Ինձնից բացի «SIGMA SOL»-ից երկու հոգի նոր խմբում են՝ Դավիթ Օլիզարենկոն՝ հարվածային գործիքներ, ու բաս կիթառահար, վոկալիստ Արման Մսրյանը։ Սկսեցինք նոր ճանապարհը՝ խաչ չքաշելով նախորդ խմբի վրա։ Մեզ միացան նաև Կորյուն Խաչկալյանը, որը նվագում է ակուստիկ կիթառ, վոկալիստ Լիլիթ Պետրոսյանը և սաքսոֆոնահար Գեորգի Հակոբյանը։ Նրանք նոր գույն են տվել խմբին։

Բավականին ինքնատիպ ստեղծագործությունների վրա ենք աշխատում։ Հիմա կոմերցիոն դաշտ ենք մտնելու, որ կարողանանք երաժշտությամբ գումար վաստակել։ Փորձում ենք մենք մեր ձևաչափով մատուցել սիրված երգերը՝ ռոքի տարրերով, ջազով, նոր ռիթմերով հագեցած։ Դեռ մի քանի համերգ ենք ունեցել, նոր ենք սկսել մեր ճանապարհը։ Հույս ունենանք, որ հանդիսատեսի արձագանքը չի ուշանա։ 

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Եթեր» շաբաթաթերթ, թիվ 33, 2023