Հետպատերազմյա դառնությունների մեջ գրականության լայնարձակ դաշտում աշխարհի ու եսի վերաարժևորման փնտրտուքներում, երբ թվում էր, թե բանաստեղծություն գրելն այլևս անհնար է, Արմինե Մուրադյանը ստացավ Ուիլքի Քոլիզնի «Լուսնաքարը» թարգմանելու առաջարկ, որը երիտասարդ բանաստեղծին մեկ այլ թելով ևս կապեց գրականության հետ։ Եվ հիմա, երբ «Լուսնաքարը» արդեն ընթերցողի սեղանին է, Արմինեն առավել քան համոզված է, որ գրականությունն ու նա անբաժան են։
— Արմինե, թարգմանական գրականությունն բազմաբովանդակությամբ գրավել է նաև հայ ընթերցողներին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ես նախընտրում ընթերցել տաք եղանակներին, ի՞նչն է կապ ստեղծում գրքի հետ։
— Այո՛, հայ ընթերցողը, իրապես, տարված է արտասահմանյան գրականությամբ։ Դա շատ ողջունելի է, թեև երբեմն դրա հաշվին հետին պլան է մղվում հայ գրականության ընթերցանությունը։ Պետք է կարողանալ բալանսավորել՝ կարդալով և՛ հայ, և արտասահմանյան գրականություն։ Ինչ վերաբերում է իմ ընթերցանությանը՝ յուրաքանչյուր տարեմուտին կազմում եմ ցանկ և մինչև տարեվերջ փորձում եմ ամբողջ ցանկն ընթերցել, թեև երբեմն նոր լույս տեսած գրքերը ստիպում են շեղվել։ Այս պահին զուգահեռ երկու գիրք եմ ընթերցում՝ Վ․ Վուլֆի «Միսիս Դելոուեյ»-ն ու Գրիշ Սարդարյանի «Եսավ»-ը։ Գրքի հետ միշտ կապված լինելու իմ առաջին պայմանը անդադար ինքնակրթվելու ձգտումն է։
-Ընդհանրապես ինչո՞վ են առանձնանում արտասահմանյան արձակն ու չափածոն։
— Շա՜տ ընդգրկուն հարց եք առաջ քաշում, քանի որ, այսպես կոչված, արտասահմանյան գրականությունն էլ իր հերթին շատ լայն հասկացություն է և օրինակ ֆրանսիական գրականությունը մի շարք ասպեկտներով տարբերվում է գերմանականից, բայց կփորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել։ Ըստ իս՝ բոլոր ժամանակների արտասահմանյան գրականությունն ավելի անկեղծ ու ազատ է ընթերցողի հետ, պարզ է, բայց խորքային ու ոչ թե ինչ-որ հարցերի պատասխաններ է տալիս, այս հակառակը, ստիպում է, որ ընթերցողի մեջ նոր հարցեր առաջանան, որոնց շուրջ նա կփորձի մտածել և վերլուծել։ Այս ամենը բնավ չի նշանակում, որ մեր գրականությունն այդպիսի միտում չունի, բայց այդչափ անկեղծ չէ ու երբեմն ինչ-որ աներևույթ ճակատագրական ծանրություն է իր մեջ կրում, որ չես հանդիպի այլ գրականության մեջ։
-Քո թարգմանությամբ Ուիլքի Քոլինզի «Լուսնաքարը» վեպը վերջերս լույս տեսավ։ Այս հաստափոր վեպն ինչո՞վ է առանձնանում, կպատմե՞ս թարգմանության ընթացքի մասին։
— Ինչպես գիտենք, դետեկտիվ ժանրի հիմնադիր համարվում է Էդգար Ալան Պոն է, բայց Ուիլքի Քոլինզի այս վեպը դետեկտիվ ժանրի առաջին մեծածավալ ու հաջողված գործն է, որը սահմանել է այդ ժանրի հիմնական սկզբունքները։ Վեպը հետաքրքրական է նաև կառուցվածքային առումով, որտեղ կորած գոհարի հետ առնչություն ունեցող անձինք գրավոր տեսքով վկայություն են տալիս այն օրերի մասին, երբ լուսնաքարն առեղծվածային կերպով անհետացել է։ Վիկտորիանական ժամանակաշրջանի գրականության մեջ պատումի նման ձևը ևս կարելի է առանձնահատուկ համարել։ Թեև գիրքը, նշածիդ պես հաստափոր է, բայց տարբեր պատմողներն ու անընդհատ լարվածության մեջ պահող սյուժեն կստիպեն չկտրվել գրքից, ինչպես ես չէի կարողանում կտրվել գիրքը թարգմանելիս։ Իսկ թարգմանական ընթացքը, ինչպես ցանկացած սիրելի գործ շատ հարթ ու հաճելի է ընթացել։
-Իսկ մտածե՞լ ես հետագայում այլ ստեղծագործություններ թարգմանելու մասին։
— «Անտարես» հրատարակչության հետ իմ համագործակցությունը շարունակվում է, և այս պահին թարգմանում եմ այլ ժանրի մի շատ հետաքրքիր վեպ, որը անհատի և հասարակության բախման ու պայքարի մի յուրօրինակ պատմություն է։ Համոզված եմ՝ այս գիրքը շատերի կողմից է սիրվելու, քանի որ շատ ակտուալ թեմա է։
-Արմինե, դու նաև ստեղծագործում ես։ Այդ հանգամանքը չի՞ խանգարում թարգմանության ժամանակ։
— Երբ ստացա «Լուսնաքարը» թարգմանելու առաջարկ, այդ շրջանում չէի կարողանում ստեղծագործել՝ հետպատերազմյա ծանր ապրումներ, թևաթափություն, ասելիքի լիակատար տրանսֆորմացիոն շրջան էր ինձ համար և նույնիսկ վախ, որ այլևս երբեք չեմ կարողանալու գրականությանը մոտ գալ։ Իսկ թարգմանությունը միաձուլեց իմ մասնագիտությունը՝ օտար լեզվի իմացությունն ու իմ էությունը՝ գրականությունը՝ չթողելով, որ հեռանամ հենց իմ էությունից։ Թարգմանությունից հետո, կուտակված ասելիքս կարողացա հանձնել թղթին և հասկացա, թե երբեմն ինչքան կարևոր է գրողի համար լռելը։ Իսկ ինչ մնում է խանգարելուն՝ կարծում եմ, որ չեն խանգարում․ որպես գրականության մարդ իմ բանաստեղծությունն ու իմ թարգմանությունը փոխլրացնում են իրար և ավելի լիարժեք են դարձնում ինձ։
Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Եթեր» շաբաթաթերթ, թիվ 32, 2023