You are currently viewing Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ

Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ

Ամառային ժամանցը կազմակերպելու լավագույն տարբերակներից է կինոդիտումը։ Մարդկանց զգալի հատվածին հետաքրքրում է նաև վավերագրական ֆիլմերը, որովհետև դրանք իրական ու փաստացի պատմություններ են։ Այս շաբաթ առաջարկում ենք դիտել ռեժիսորներ Ժուակին Պինտուի և Նունու Լեոնելիի «Ձկան պոչ» վավերագրական ֆիլմը, որն իր բովանդակությամբ կգրավի ձեզ։

Ֆիլմը ձկնորսների պատմություն է, ձկնորսական կյանքի ամբողջական պատկեր՝ իր դժվարություններով, նվաճումներով, հաճելի ու բարդ պահերով հանդերձ: Այն նկարահանվել է Ազորյան կղզիների փոքրիկ բնակավայրում՝ Ռաբու դի Պեյշեյում, ինչպես ֆիլմի հերոսներն են ասում՝ այս բնակավայրը կղզի է կղզու մեջ:

Գլոբալ արդյունաբերական ձկնաբուծությունը զգալի խնդիրներ է հարուցել այս բնակավայրում, որտեղ փոքրածավալ ձկնորսությունն ապրուստի հիմնական միջոցն է: Այս իրավիճակում են հայտնվել ձկնորս Պեդրուն և իր եղբայրը, երիտասարդ նավապետներ, որ, ծովային գործից անպակաս վտանգները չհաշված, ճգնաժամ են ապրում մասնագիտական առումով:
1999-2001 թթ. նկարահանված ֆիլմը ամբողջ տարի հետևում է Պեդրուին և նրա անձնակազմին` արձանագրելով անկախ մնալու նրանց որոշման տարեգրությունը: Մենք խորհուրդ ենք տալիս անպայման դիտել այս ֆիլմը: Այն մարդկային լավագույն հատկանիշների՝ քաջության, աշխատասիրության ու նվիրվածության մասին է: Այն ցույց է տալիս կյանքի առօրեականությունն իր բոլոր դրսևորումներով, սովորեցնում է ցանկացած մանրուք դիտարկել որպես մի շատ կարևոր երևույթ՝ ինչպես մի փոքրիկ կարթը կարող է մի մեծ թրաձուկ որսալ: Ֆիլմի հերոսները հիանալի տղաներ են, որ ողջ կյանքը անց են կացրել միևնույն բնակավայրում, դեռևս մանկուց սովորել են ձկնորսություն և իրենց կյանքն առանց դրա չեն պատկերացնում: Նրանք դժվար կյանքով են ապրում, յուրաքանչյուր նավարկություն նրանց համար կարող է ավարտվել ալեկոծ ծովի ալիքների մեջ, սակայն նրանք ուժ են գտնում պայքարելու, ապրելու և երջանիկ լինելու: