You are currently viewing ՅՈՒՂԱԲԵՐ ԿԱՆԱՅՔ՝ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ, ԿՂԵՈՎՊԱՅԻ ԿԻՆ ՄԱՐԻԱՄ, ՍՈՂՈՄԵ, ՀՈՎՀԱՆՆԱ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ

ՅՈՒՂԱԲԵՐ ԿԱՆԱՅՔ՝ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ, ԿՂԵՈՎՊԱՅԻ ԿԻՆ ՄԱՐԻԱՄ, ՍՈՂՈՄԵ, ՀՈՎՀԱՆՆԱ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Հիսուսի քարոզչության ընթացքում Նրան ոչ միայն առաքյալներն ու աշակերտներն էին հետևում, այլև որոշ կանայք: Նրանց հիմնական գործը Հիսուսին և Նրա հետևորդներին նյութական ծառայությամբ օգնելն էր: Ավետարանի խոսքերով. «Սրանք Հիսուսին ծառայում էին իրենց ինչքերով»: Առհասարակ ունևոր և երախտագետ, պատվարժան կանայք էին, որոնցից ոմանք «բժշկվել էին զանազան հիվանդություններից և չար դևերից»: Սրանց մեծ մասը Հիսուսին հետևեց Գալիլեայից դեպի Երուսաղեմ վերջին և երկարատև ճամփորդության ժամանակ, որտեղ Ավագ շաբաթվա վերջին դեպքերի ականատեսները եղան, հատկապես՝ Նրա խաչելության և թաղման: Ի վերջո նրանք էին Հիսուսի հրաշալի հարության ավետաբերները: Եկեղեցու կողմից բոլորը «յուղաբեր կանայք» են կոչվում, քանի որ նրանք էին, որ կիրակի առավոտյան, իրենց պատրաստած անուշահոտ յուղերով Քրիստոսի մարմինը օծելու համար փութաջանորեն գերեզման շատապեցին:

Նրանցից ամենանշանավորը Մարիամ Մագդաղենացին է, որը Գալիլեա ծովակի եզերքում գտնվող Մագդալա քաղաքից էր: Նախապես դիվահար և ջղագար մի կին էր, որից Հիսուսը յոթ դև էր հանել: Այս կնոջ անձնվիրությունը վարձատրվեց, քանի որ նա էր հարուցյալ Փրկչին առաջինը տեսնողը և առաքյալներին հարության ավետիսն առաջինը բերողը:

Երկրորդը՝ մյուս Մարիամը, ծանոթ է նաև որպես Հակոբի և Հովսեփի մայր Մարիամ և նաև Կղեովպայի Մարիամը: Հակոբը և Հովսեփը, որոնց որպես մայր ներկայանում է այս Մարիամը, նույն «Տեառնեղբայր» կոչված երիտասարդներն են: Իսկ Կղեովպասը Մարիամի ամուսինն էր: Այստեղ բացահայտորեն երևում է, որ «Տեառնեղբայր» կոչվածները, հակառակ բողոքականների այն կարծիքի, թե Հիսուսի հարազատ եղբայրներն էին, Մարիամից և Հովսեփից ծնված, այլ մայր և հայր ունեին: Իսկ Հակոբին և իր եղբայրներին տրված «Տեառնեղբայր» կոչումից պետք է եզրակացնել, որ Հիսուսին շատ մոտ ազգականներ էին: Ազգակցական այդ կապը Ավետարաններում չի լուսաբանվում: Ամենատրամաբանական ավանդությունն այն է, ըստ որի Հովսեփը և Կղեովպան եղբայրներ էին, և «Տեառնեղբայր»-ները Հիսուսի «հորեղբորորդիներ»-ն են: Արդարև, արևելքում երկու եղբայրների զավակները միմյանց եղբայրներ են համարվում, քանի որ նրանք նույն ընտանիքին են պատկանում, շատ հաճախ նույն տանիքի տակ են ապրում և նույն ազգանունն են կրում:

«Յուղաբեր» անվանված մեզ հայտնի երրորդ կինը Սողոմեն է, Հակոբոս և Հովհաննես առաքյալների մայրը և ձկնորսապետ Զեբեդեոսի կինը: Հովհաննեսի Ավետարանում Սողոմեն անվանվում է նաև «Նրա մոր քույրը», այսինքն Հիսուսի մոր՝ Մարիամի քույրը: Բնականաբար, այս բացատրությունը ֆիզիկական իմաստով չպիտի հասկանալ, այլ բարոյական: Քանի որ Հիսուսը մորը հանձնել էր Հովհաննեսի խնամքին, որով էլ Սողոմեն և Սուրբ Կույսը խաչելությունից հետո իրենց կյանքը միասին անցկացրեցին, ուստի իրավամբ իրար քույրեր եղան և բոլորի կողմից էլ այդպես ճանաչվեցին:

Միայն Ղուկասի Ավետարանում յուղաբեր կանանց մեջ հիշվում է նաև «Հովհաննան և ուրիշներ»: Հովհաննան Հերովդեսի հարյուրապետներից Քուզայի կինն էր: Այս հարյուրապետը նույնացվում է այն «թագավորազն»-ի հետ, որի մահվան դուռը հասած որդուն Հիսուս բժշկեց և դրանից հետո ինքը և իր ամբողջ ընտանիքը հավատացին Նրան (Հովհաննես 4:46-54): Այս ազնվական կինը, ի նշան երախտագիտության, իր ինչքերից սիրով բաժին էր տալիս Հիսուսին ու Նրա խմբին և նրանց հետ Երուսաղեմ էր եկել:

Նրանց վախճանի կամ այլ գործունեության մասին ոչինչ չի ասվում Նոր Կտակարանում: Իրենց մասին եղած ավանդություններն էլ այդքան ստույգ և վստահելի չեն: Այս ազնիվ կանայք, որոնք իրենց Վարդապետի խաչելությամբ և մահվամբ իրենք իրենց բոլորից ավելի խոցված զգացին, միաժամանակ եղան երջանկագույն հոգիները, քանի որ մեռելներից վերստին կենդանություն առած իրենց Տիրոջն առաջինը տեսնելու բախտն ունեցան: Նրանք իրենց խմբով Հոգեգալստյան նախօրեին ներկա էին նաև վերնատանը և այն 120 հոգիներից բաղկացած խմբի մասն էին կազմում, որը Քրիստոսի Եկեղեցու կորիզը կազմեցին և միասնաբար ստացան Սուրբ Հոգին Պենտեկոստեի օրը:

Նրանց հիշատակը կատարվում է «յուղաբեր կանայք» հավաքական անվան ներքո, Հովակիմի և Աննայի հետ միասին, վերափոխման տասներորդ օրը:

«Աստվածաշնչական սուրբեր»,

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան, «Գանձասար» մատենաշար,

Երևան, 1997 թ.