You are currently viewing ՅՈԹ ՄԵՂՔԵՐ

ՅՈԹ ՄԵՂՔԵՐ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

«ՄԻԱՅՆ ՀԱՑՈՎ ՉԻ ԱՊՐՈՒՄ ՄԱՐԴ». Ղուկաս 4:4

Կենտրոնանալով մարմնական ցանկությունների վրա՝ մարդ արարածը սկսում է այդ ցանկություններին վերաբերվել ոչ որպես գոյատևման ճանապարհի, այլ կյանքի նպատակի, որի պատճառով էլ մի շարք մեղքեր է գործում։ Այդ մեղքերից որկրամոլությունը՝ մարմնի բնական պահանջից ավելի ուտելու ունակությունը, կերակրի նկատմամբ մարդու անհագ ցանկությունը համարվում է յոթ մահացու մեղքերից մեկը։ Որկրամոլության մեջ ընկած մարդու համար սնվելը դառնում է կյանքի առաջնահերթ նպատակ։ Այս ախտը ոչ միայն վնասակար է մարմնի, այլ նաև մտքի և հոգու առողջության համար:

«Մի՛ կեր այնքան, որ ամբողջովին հագենաս»,- ասել է եկեղեցու հայրերից սուրբ Անտոն Անապատականը՝ կարծես տալով որկրամոլության մեջ չընկնելու հիմնական կանոնը։ Սակայն իրականության մեջ մենք միշտ էլ հանդիպում ենք գայթակղությունների և փորձությունների, որոնցից պիտի դուրս գանք՝ առանց որկրամոլության մեջ հայտնվելու։ Հենց այս ճանապարհը խաղաղությամբ անցնելու համար է, որ մեր աչքի առաջ ունենք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրինակը։

Անապատում քառասուն օրեր անցկացնելուց հետո, երբ Հիսուս քաղց զգաց, սատանան փորձեց Նրան՝ ասելով, որ եթե Աստծո Որդին է, թող քարերը հաց դարձնի: Քրիստոս չարի փորձությանը հաղթահարեց Սուրբ Գրքի հետևյալ խոսքերով. «Միայն հացով չի ապրում մարդ, այլ Աստծու խոսքով» (Ղուկաս 4:4):

Իսկապես, մենք երբեմն նույնիսկ մոռանում ենք մեր հոգու մասին՝ կենտրոնանալով միայն մարմնական արժեքների վրա։ Երբեմն մոռանում ենք մեր կարևորագույն առաքելության՝ քրիստոնյա մնալու և կոչվելու մասին, ինչն էլ մի պահ մոռացության է մատնում անմահ հոգու փրկության կարևորագույն փաստը։ Մինչդեռ իրականում քրիստոնյան, ով վստահ է հոգու անմահության հարցում, շարունակ աշխատում է, որպեսզի սնի, խնամի իր հոգին, մաքրի այն, լցնի լույսով ու աղոթքով։ Հիշենք այս մասին Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատգամները՝ ուղղված բոլորիս. «Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար» (Հովհաննես 6:27), և կամ էլ․ «Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ Այլ Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և մնացածը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12։29-31):

Ի՞նչ անել, ուրեմն, եթե ցանկանում ենք չընկնել որկրամոլության մեջ և կամ էլ արդեն իսկ գործել ենք մեղքը, սակայն ցանկանում ենք մեր հոգու ախտերն ամոքել առաքինություններով։ Ցանկացած մեղք ունի իր սպեղանին՝ առաքինությունը, որը դառնում է փրկօղակ։ Որկրամոլության մեղքի հակադիր առաքինությունն է ժուժկալությունը` չափավորությունը, ինչպես նաև՝ պահքը: «Մարմնի պահքը հոգու սնունդն է»,- ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը։ Առաջին պատվիրանը, որ Աստված տվեց Ադամին, հենց պահքի մասին էր. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդոց 2։16-17): Եվ քանի որ Ադամը պահեցողություն չարեց՝ ճաշակեց արգելված պտուղը, զրկվեց դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց:

Ստացվում է՝ եթե ժուժկալ լինենք, դառնանք ավելի չափավոր կյանքի, կվերգտնենք դրախտը: Եվ մյուս կողմից էլ՝ գուցե դրախտը նաև չափավորությունն է՝ Աստծո տված մյուս շնորհների թվում։

Պատրաստեց Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ, «Շողակն Արարատյան»