You are currently viewing «Ուրիշ» թատրոնում կայացավ «Խրախճանք» ներկայացման առաջնախաղը

«Ուրիշ» թատրոնում կայացավ «Խրախճանք» ներկայացման առաջնախաղը

Նախօրեին Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնում «Խրախճանք» ներկայացման առաջնախաղով կայացավ թատրոնի փոքր դահլիճի բացումը։

«Խրախճանք» աբսուրդ ռեալիզմ ժանրի մեկ գործողությամբ ներկայացումը բեմադրված է ըստ Ա. Ս. Պուշկինի «Փոքրիկ Ողբերգությունները» պիեսի և Ա. Կամյույի «Ժանտախտը» վեպի։

Ռեժիսոր Գևորգ Մարգարյանը միաձուլելով այս երկու գրական ստեղծագործությունները, հնարավորություն է տալիս հանդիսատեսին գեղարվեստական տեսանկյունից առերեսվելու դառը իրականության հետ և մեր հասարակության մեջ ներկայումս տիրող իրավիճակին։ Ժանտախտը միայն կործանիչ և իր առջև որևէ մեկին չխնայող հիվանդություն չէ. այն կարող է վարակել մարդկանց հոգեբանական ներաշխարհը, պատել մտքերն ու հասցնել մարդ էակին ցնդաբանական իրականության ստեղծման։

Սովորակացնից ավելի տգեղ մի քաղաքում, ուր ոչ ծառեր են աճում, ոչ թռչունների ձայն է լսվում, հայտնվում է հազարավորների կյանքեր խլող ժանտախտը։ Մի խումբ երիտասարդներ, զգալով իրենց կյանքերի մոտամլուտ ավարտը, որոշում են կայացնում տրվել հրապուրիչ խրախճանքին` ապրել լիաթոք և օգտվել կյանքի արգելված պտուղներից։

Բեմադրության մեջ ներկայացվող դեպքերը հիշեցնում են հայաստանյան իրականության ոչ այդքան վաղ անցյալը, երբ «ժանտախտը»` համաճարակի ու պատերազմի դիմակների տակ թաքնված փաթաթվեց Հայաստանին ու հայ հասարակությանը` խլելով հազարավոր կյանքեր և թունավոր մարդկանց միտքը, հոգին։

Ներկայացման կուլմինացիոն հատվածում գլխավոր կերպարներից մեկը` Մերին, իբրև սթափության ձայն, ասում է. «Ժանտախտ է, քաղաքում մարդիկ են մեռնում, իսկ ձեր ցնծությունը հողն է ցնցում գերեզմանների»։ Կրկին անդրադառնալով «ժանտախտով» թունավորված հայ հասարակությանը, չենք կարող չհիշել երջանկության ու վշտի, հարսանիքների ու թաղումների միախառնվելու հանգամանքը, իրենց վիշտը լուռ սգացող ընտանիքների գլխավերևում հրավառություն կազմակերպող ու խրախճանքին տրված, լիաթոք ապրողների այլաբանական իրականության փաստը։

Դիմելով ռեժիսորական մի շարք նորաոճ լուծումների, բեմադրող Գևորգ Մարգարյանը հանդիսատեսին հնարավորություն է տալիս այլ տեսանկյունից նայել աբսուրդի հասնող իրականությանը, գեթ մի քանի րոպե խորտակվել սովորական դարձած, բայց աննորմալ մարդկային հարաբերությունների և անմարդկային խրախճանքի մեջ։