Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում 2024 թվականի սեպտեմբերից գործելու է համաշխարհային կինոյի լավագույն ռեժիսորների ցանկում ընդգրկված կինոյի վարպետ Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը:
Արվեստանոցի ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնելու հումանիտար առարկաների ուսումնասիրությանը, հայոց պատմությանն ու մշակույթին։ Առանձնահատուկ կշեշտադրվի միջազգային համատեքստում ազգային բնավորության և ինքնության հետ աշխատանքը, որն էլ դառնալու է ապագա ֆիլմերի հիմքը: Արվեստանոցում կդասախոսեն հայ և միջազգային առաջատար մասնագետներ: Դասընթացները կընթանան հայերեն և ռուսերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։
Հաշվի առնելով դիմորդների խնդրանքը՝ որոշում է կայացվել հայտադիմումների ընդունման ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ հարցազրույցի և ստեղծագործական քննության արդյունքներով։ Առաջինը փաստաթղթերի և պորտֆոլիոյի ընդունման փուլն է՝ մինչև սույն թվականի հուլիսի 30-ը: Այս փուլի արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 16-ին։ Երկրորդ՝ հարցազրույցի և ստեղծագործական քննության փուլը կանցկացվի օգոստոսի 19-28-ը: Ընդունելությանը հատկացված է 15 տեղ՝ Հայաստանի քաղաքացիների և օտարերկրյա դիմորդների համար:
Ընդունելության պահանջներն ու արվեստանոցի հետ կապված բոլոր մանրամասները հրապարակված են ԵԹԿՊԻ-ի պաշտոնական կայքում:
Հավելենք, Հայաստանի կինոգործիչների միությունն աջակցում է արվեստանոցի աշխատանքներին և պարապմունքների մի մասը կանցկացվեն Կինոյի տանը։
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ