You are currently viewing Մայրերի աչքերում էլ չեն բնադրում ռազմերթերը…

Մայրերի աչքերում էլ չեն բնադրում ռազմերթերը…

Մայրերի աչքերում
էլ չեն բնադրում
ռազմերթերը...
Մայրերի աչքերում
էլ չեն դայլայլում
ռազմերգերը...
Թռչնի տեղ
մահն է
բնադրում,
դայլայլում
և չվում
աչքից աչքը –
մայրերի...

***
Մայրս
ինձ շոյում է
իմ մատներով...
Հայրենիքս
ինձ շոյում է
իմ մատներով...
Աստվածս
ինձ շոյում է
մորս ու հայրենիքիս
մատներով...
Ձեռքեր ունենայի՝
ամուր կգրկեի
այս բանաստեղծությանը...

***
Քո ստվերը
իմ աստվածուհին է...
Նոր աստվածուհիները
իրենց ամպե բառերից են

պսակ հյուսում
ու մեկնում ինձ։
Հներն էլ
իրենց ամպե օրերով էին
պսակում ինձ...
Քո ստվերը
ինձ կյանքով պսակող
միակ աստվածուհին է,
որը
հյուսում է ինձ
քեզնից...

***
Մայրս գիտի,
որ իր զինվոր որդին
մրսկան է...
Ձմեռ չէ,
ոչ էլ՝ աշուն,
սակայն
ինձ համար նա
դեռ գարնանից
տաք հագուստ է
ուղարկում–
Ամեն
մեռնողի հետ...
***
Քեզ
ինձնից հեռացնող
ոտնահետքիդ տեղում
լցված անձրևաջրի՛ մեջ է
անցնում գիշերս...
Ի՜նչ իմանամ՝
ո՞ր ծառի արմատներով ներծծվեմ,
որ ցողունում գտնեմ քեզ...

***
Օրս
քո բույրն ունի
ու
քո գույնը...
Ես
ամեն առավոտ
մի բուռ երկնքով եմ
լվացվում...