You are currently viewing ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

«Հիշիր անցած օրերը, մտաբերիր անցած սերունդների տարիները, հարցրու քո հայրերին և նրանք քեզ կպատմեն, քո ծերերին և նրանք քեզ կասեն».երկրորդ օրենք 32:7

Զարգացման ենթակա ամեն արարած իր հայրենքն ունի. բույսը, կենդանին իրենց բնիկ աշխարհն ունեն, ուր ազատ են աճում, քան մի ուրիշ երկրում: Հասարակածի բոլոր բույսերը բևեռային գոտում աճել չեն կարող և հակառակը: Նախախնամությամբ սահմանված մի օրենք է այս, որին ենթարկվում է և մարդը: Բայց մի մեծ տարբերություն կա մարդու և մյուս արարածների մեջ. մարդու կյանքը կենդանականի և հոգևորի մի գումար է: Քաղաքակիրթ կյանքով ապրող ազգերի համար սովորական իմաստով հայրենիքից զատ կա մի ուրիշ՝ հոգևոր հայրենիք: Հոգևոր կյանքն էլ ունի իր հայրենիքը ճիշտ այն նմանությամբ, ինչպես նյութական հայրենիքն է: Ամեն հողի վրա նույն գաղափարը աճել չի կարող: Նույնիսկ բարոյական և կրոնական ամենաընդհանուր գաղափարները տարբեր ժողովուրդների մեջ նույն դրսևորումները չեն ունենում: Քրիստոնեությունն էլ տարբեր բացատրություններ և երանգավորում է ստացել այլևայլ ազգերի մեջ, թեև արմատով նույնն է ամեն տեղ: Դավանաբանական և ծիսական տարբերությունները Եկեղեցիների մեջ Ընդհանրական Եկեղեցու բաժանվելը ազգային եկեղեցիների, Աստծու տնօրինության և բնական, պատմական պարագաների հետևանք էին և ոչ թե այս կամ այն անձի կամայականության: Ամեն ազգի հոգևոր կյանքն իր բնորոշ կողմերն ու հատկություններն ունի, որ կարող է միայն իր բնիկ հողի վրա զարգանալ:

Արդ, ո՞րն է հայ ժողովրդի հոգևոր հայրենիքը: Այս հարցի պատասխանը կարող ենք տալ, երբ աչքի առաջ ունենանք մեր ժողովրդի անցյալը: Պատմությունը ազգերի կյանքի հայելին է, որի մեջ անդրադառնում է ճիշտ պատկերը:

Հայ ժողովրդի գիտակցական քաղաքակրթությունը սկսվում է քրիստոնեության հաստատմամբ և նրա դրոշմն է կրում իր զարգացման ամբողջ ընթացքում: Հայոց մատենագրության առաջին հիշատակարանը Սուրբ Գրքի թարգմանությունն է, որի վրա կրթվել են բազմաթիվ սերունդներ: Հինգերորդ դարից առաջ թե ունեցել էլ ենք հեթանոսական քաղաքակրթություն, ձուլվել է քրիստոնեականի հետ: Հայոց հոգևոր կյանքի պատմությունը գրեթե նույնանում է մեր Եկեղեցու զարգացման պատմության հետ: Հայ ժողովրդի մատենագիրներն ու վարժապետները միևնույն ժամանակ Եկեղեցու սպասավորներ են եղել: Գիտությունն ու արվեստը հայ ժողովրդի մեջ ծագել և զարգացում են ստացել Եկեղեցու շրջանակի մեջ: Հայոց ճարտարապետության մասին գաղափար ենք ստանում նախնյաց թողած վանքերով ու եկեղեցիներով: Հայոց քանդակագործությունը՝ օրնամենտներ, խաչքարեր, նկարչության մնացորդներ, նույն վանքերում և նրանց պատերի վրա պետք է որոնել: Մանրանկարչության արվեստը ծաղկել է հայ վանականների ձեռքով և պահվել է բազմաթիվ ձեռագրերի մեջ: Հայ ժողովրդի ձեռագործության, ոսկերչության, փայտի փորագրության մասին գաղափար ենք ստանում եկեղեցիներում և վանքերում պահված սրբազան անոթներով և զգեստներով: Եկեղեցական երգեցողությունը սերնդեսերունդ ավանդվել և պահպանել է մեր ժողովրդական եղանակները: Մեր նախնյաց կրթարանները վանքերն են եղել իրենց վանականներով. այստեղ ուսում և դպրություն են ստացել ոչ միայն Եկեղեցու պաշտոնյաները, այլև արքայազուններ և հասարակ ժողովրդի որդիք: Վանքերն են պահել հնությունների և ձեռագրերի ժողովածուներ, որոնց ուսումնասիրությամբ հնարավոր է գաղափար կազմել մեր անցյալ կյանքի և պատմության մասին:
Ապա ուրեմն, հայ ժողովրդի հոգևոր հայրենիքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Միայն այս հայրենիքի վրա կարող ենք հոգևորապես աճել և զարգանալ: Մեր անցյալն ուրանալ չենք կարող, եթե տգիտության և միակողմանի հասկացողության թանձր մառախուղը չի նստել մեր հոգու վրա: Առաջադիմությունը շղթաների կապակ-ցություն է. նոր օղակը պետք է կապվի հնի հետ և այդպես շարունակվի անընդհատ: Ով միշտ նոր է սկսում, հավիտյան սկզբնավորություն կմնա:

Եկեղեցին հոգևոր հայրենիք է անվանվում ոչ այն մտքով, որ նրանից դուրս կյանք և քաղաքակրթություն չկա: Քաղաքակրթությունն ընդհանրապես ավելի ընդարձակ գաղափար է, քան կրոնական և եկեղեցական քաղաքակրթությունը: Նյութականի հետ համեմատած քաղաքակրթությունը նույնպես բարիք է, բայց այն ինքըստինքյան նպատակ լինել չի կարող. անցավորն ու երկրավորը պետք է ստորադասվի և պատվանդան դառնա բարոյական և հավիտենական գաղափարների համար: Քաղաքակրթության նպատակը պետք է լինի ճշմարտության, բարության և գեղեցկության մի նոր աշխարհ ստեղծել բնության մեջ: Այսպես հասկացված և մարդկային հոգու կենտրոնական երակի՝ կրոնի հետ կապված քաղաքակրթությունն Աստծու օրհնությունն է:

ԳԱՐԵԳԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ  ՀՈՎՍԵՓՅԱՆ (1907 թ.)