You are currently viewing «Մշակույթը հասարակության վերնաշենքն է, նրա ապրելու կերպը».Աննա Հեքեքյան 

«Մշակույթը հասարակության վերնաշենքն է, նրա ապրելու կերպը».Աննա Հեքեքյան 

«Վարդանանքի» զրուցակիցը ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աննա Հեքեքյանն է

-Տիկին Հեքեքյան, վերջին շրջանում ամենաշատն ինչի՞ մասին եք մտածում, ի՞նչը ձեզ հանգիստ չի տալիս։

– Վերջերս ոչ մի վայրկյան չեմ դադարում մեր զինվորների, նրանց մայրերի, ընտանիքների, մեր սահմանամերձ գյուղերի բնակչության մասին մտածելուց։ Չեմ կարողանում համակերպվել, որ մեր ազգը զոհի կարգավիճակում է։ Ինչքան այդ մտայնության մնանք, ինչքան ասենք, որ մենք թույլ ենք, ինչքան մեր հույսը միայն օտարի օգնության վրա դնենք, այնքան ավելի մեծ է լինելու հայրենիք կորցնելու հավանականությունը։ Նժդեհն ասում էր՝ թույլը մեղավոր է, որ թույլ է։ Առաջին անգամ, երբ կարդացի այդ միտքը, չընկալեցի, որովհետեւ մանկուց դաստիարակվել եմ թույլին օգնելու պարտադրությամբ։ Ծնողներիս դրդմամբ միշտ ձեռք ենք մեկնել ծերերին, փոքրերին, հիվանդներին, թույլերին։ Ընկածին խփելը թուլության, անբարոյականության նշան էր։ Ես պահպանում եմ բարոյականության այդ սկզբունքները, բայց գիտեմ նաեւ, որ մարդը կամ ազգը իրեն թույլ զգալու իրավունք չունի։ Ազգը պարտավոր է հարատեւելու եւ պայքարելու կամք ունենալ։ Պարտավոր է ազգային ինքնասիրություն ունենալ, զերծ մնալով սնափառությունից (վերջինս նույնպես թուլության նշան է)։
Արժանապատվություն ունեցող ազգին ե՛ւ դաշնակիցը, ե՛ւ թշնամին հարգում են։ Ազգային արժանապատվությունից զուրկ մարդը միայն կարող է իր տնտեսական շահից դրդված ազգակործան մտքեր արտահայտել։ Խորապես համոզված եմ, որ ազգային արժանապատվություն չունեցողը՝ տարրական ինքնասիրություն էլ չունի: Նրանք, որ կարծում են, թե օտարի կրնկի տակ ապրելով, ապահով ու բարեկեցիկ կյանք են ունենալու, խորապես սխալվում են։ Սխալվում են, քանի որ տգետ են։ Սխալվում են, քանի որ պատմություն չգիտեն կամ պատմությունից դասեր չեն առել։ Օտարը կհանդուրժի մեզ այնքան ժամանակ, քանի մենք նրան պետք լինենք, իսկ հետո, հայի գլուխը կդնի իր քաղաքական կամ տնտեսական շահի զոհասեղանին։ Եվ թող ոչ մեկը չկարծի, թե ազգուրաց լինելով կփրկվի։ Միշտ էլ գիտակցել եմ, որ ազգի միայն 5 տոկոսն է երկիր պահում։ Վստահ եմ, որ հիմա էլ այս խաժամուժի մեջ գոյում է այդ առնական 5 տոկոսը։ Բայց այսօր նրանց նեցուկ է պետք։ Իսկ ժողովրդի մեծ մասը չգիտի, ում կարելի է վստահել։ Դա ամբողջ 30 տարվա վարած քաղաքականության հետեւանքն է։

– Դուք ձեր խոսքում անդրադարձաք օտարամոլությանը։ Ի՞նչն է պակասում ազգին` հույսը օտարի վրա չդնելու համար։

– Բարդ հարց է, գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ, ազգային արժանապատվությունը պիտի օգնի մարդուն որեւէ պայմանում մեջքն ուղիղ պահելուն։ Վերջին պատերազմի ժամանակ եղան զինվորականներ, ովքեր ընկրկեցին, նահանջեցին, գերի հանձնվեցին։ Բայց եղան նաեւ հերոսներ, ովքեր զինակից ընկերոջն իրենց կյանքի գնով փրկեցին, ովքեր դիրքը չհանձնելու համար նռնակով ե՛ւ թշնամուն, ե՛ւ իրենց պայթեցրին։ Քանիցս լսվել են մեր հերոսների վերջին բառերը. «փամփուշտ չունեմ, բայց դիրքը չեմ հանձնի»։ Ի՞նչ է նշանակում դիրք չհանձնել։ Սա արժանապատվություն է, մի բան, որը թույլ չի տալիս խեղճ երեւալ, ստորանալ, զոհի կարգավիճակ ընդունել։ Սա մի բան է, որը ստիպում է առաջ գնալ, պայքարել մինչեւ վերջին կաթիլը։ Մեր քաջարի զինվորները հեգնեցին մահը հանուն Հայրենիքի։ Հանուն ճշմարտության, արդարության։ Հանուն Հայրենիքի պայքարողը արժանապատիվ է։ Դա պետք է դաստիարակվի թե՛ ընտանիքում, թե՛ դպրոցում։ Իսկ բարոյալքված հասարակության մեջ մարդիկ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում հանուն փողի, պաշտոնի, փառքի… Ճղճիմ հոգիներ են դրանք։ Երջանիկ է նա, ով ազնիվ է եւ քաջ։ Մեր մեջ շատ կան այդպիսիք։ Բայց, ցավոք, վերջին տասնամյակներում գործող գաղափարախոսության պատճառով, նրանք առայժմ դոմինանտ չեն։

– Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք. «Դրախտն իմ պատկերացմամբ այն Հայաստանն է, որտեղ կա արդարություն, եւ որտեղ մարդիկ ապրում են իրար հետ սիրով ու համերաշխությամբ»։ Ե՞րբ կապրենք այդ դրախտում։

 – Երանի իմանայի։ Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչ համատեքստում եմ ասել։ Գուցե հայտնի երգի բառերն եմ մեջբերել՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»։ Ընդհանրապես, իմ մեղավոր կարծիքով, դժոխքն էլ, դրախտն էլ մեր հոգում են, մեր խղճի արգասիքն են։ Իսկ սիրո ու համերաշխության մթնոլորտում ապրելու համար ուժեղ հայրենիք է պետք. վերջինս տրվում է միայն արի եւ ազգային ինքնագիտակցություն ունեցող ժողովուրդներին, որոնց ներկայացուցիչների զգալի մասը հայրենիքի շահը գերադասում է իր սեփական մերկանտիլ հետաքրքրություններից։ Մեծ կսկիծով, բայց եւ հպարտությամբ լսել եւ շարունակում ենք լսել 44-օրյա պատերազմի անձնվեր զինվորների մասին։ Բայց, ցավոք, մեզանից շատ քչերն են պատրաստ հերոսաբար ապրել հանուն հայրենիքի։ Մանր չարչիական մտածողությունն է տիրում մեր հասարակության մեջ։ Սա է մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Կկորչենք իսպառ, եթե շարունակենք միայն մեր անձնական շահերը հոգալ։ Հաճախ ենք օրինակ բերում հրեաներին, ինչպես կարողացան մի քանի տասնամյակում հզոր երկիր ստեղծել, ուժեղ եւ լավ սպառազինված բանակ ունենալ… Լավ հասկանում ենք, որ դրան մեծապես նպաստել է նրանց ազգային գաղափարախոսությունը, նրանց վերնախավի ուժեղ երկիր ունենալու մոլուցքը, բայց ինքներս ոչինչ չենք անում այդ ուղղությամբ, չնայած դրա համար ունենք ե՛ւ մտավոր, ե՛ւ տնտեսական ներուժ։ Հայաստանն այն ժամանակ կդառնա դրախտավայր, երբ մենք կհասկանանք, որ պարտավոր ենք միմյանց նեցուկ լինել, երբ Երեւանի բնակիչը հասկանա, որ Արցախն ու Սյունիքը մեր անձնական բնակարաններից ավելի կարեւոր են ու թանկ։ Երբ մեր ֆինանսական վերնախավը գիտակցի, որ հայրենիքի սահմաններն ամրացնելն ավելի կարեւոր է, քան առանձնատուն կառուցելն ու բիզնեսի ընդլայնումը։ Երբ մեր զավակներին դաստիարակենք ո՛չ թե բրենդային հագուստ, հեռախոս, մեքենա եւ այլ բաներ ունենալու մոլուցքով, այլ կրթություն, գրագիտություն եւ բարոյական բարձր չափանիշներ ձեռք բերելու պարտադրանքով:

– Ինչքանո՞վ կարող է մշակույթն ազդել ու կոտրել լարված դրությունը։ Հնարավո՞ր բան է։

– Մշակույթը հասարակության վերնաշենքն է։ Նրա ապրելու կերպը։ Դարերով ժողովուրդն է եղել մշակույթ կերտողը։ 20-րդ դարում իրավիճակը սկսվեց փոխվել։ Կարող եմ ժողովրդական երգի օրինակով ասել։ Աշխատանքային որեւէ երգ վերջին տարիներին ստեղծվե՞լ է։ Ես որ չեմ լսել։ Բայց մարդիկ շարունակում են աշխատել, չէ՞։ Այժմ մարդիկ միացնում են նվագարկիչներն ու այլեւս ստեղծագործելու կարիք չեն զգում, «սպառում» են այն, ինչ նրանց հրամցնում է «վերնախավը»։ Խորհրդային շրջանում կոմունիստական գաղափարախոսությունն էր իշխում, բայց մարդիկ իներցիայով դեռ ինչ-որ չափով կառչած էին մնում իրենց արմատներին։ Հիմա, այսպես կոչված, ազատության հետեւանքով, հայերեն գրված ստեղծագործություններն էլ հիմնականում օտար գաղափարախոսություն են սերմանում։ Իմ նախկին ուսանողներից մեկը, ով հիմա Մոսկվայում է ապրում, վերջերս մեր ազգային խորհրդանիշ նռան մասին մի բան հիշեցրեց։ Այդ միրգն ամուր կեղեւ ունի, ոչ մի միջատ չի կարող նրան վնասել, եթե կեղեւը ճաքած չլինի։ Միջատները նռան մեջ թափանցում են միայն թագի կողմից։ Որքան խորհրդանշական է մեր պատմության համար։ Մշակույթը թագի մասնիկն է։ Հատկապես վերջին ժամանակներում, այն մեծապես ուղղորդվում է վերնախավի կողմից։ Երբ հեռուստաընկերություններին մատնանշում ես նրանց խոտան արտադրանքը, պատասխանում են, թե ժողովուրդը դա է պահանջում։ Լիակատար սուտ։ Մեր ժողովուրդը բարձր մշակույթ ստեղծող է եղել մշտապես։ Երեք տասնամյակ երեխաների ճաշակը փչացրին ռաբիսի փառատոներով եւ այլ տեսակի ցածրորակ երաժշտությամբ, տխեղծ սերիալներով, աղճատված հայերենով, հետո էլ ասում են ժողովուրդն այս է ուզում։ Արվեստագետների մի մասը փողասիրության ու փառասիրության պատճառով մոռացավ բարձր արվեստին ծառայելու պարտավորությունը, իրեն արդարացնելու համար առաջնորդվեց «հա, լավ ա, ես ռաբիս եմ» կամ «ես այնքան էլ ռաբիս չեմ» սկզբունքներով։ Մյուս մասն էլ արտասահմանյան տարբեր գրանտներ շահելու մոլուցքով ու գլոբալիստական մտածողությամբ է փորում մեր մշակույթի հիմքերը։ Ազգային արժեքների անգիտումը հանգեցնում է դրանք թերագնահատելուն։ Ի՞նչ ասես, եթե մեզանում կիսագրագետ բեմադրիչներն իրենց սաներին խոստովանում են, որ հայկական երաժշտություն, Կոմիտաս չեն սիրում։ Ինչպե՞ս կարելի է բնութագրել ճանաչված արվեստագետի, ով հերքելով ազգայինը, իր «առաջադեմ» արվեստով սերմանում է այլասերությունն ու ապազգայինը։ Մովսես Խորենացու «Ողբն» այսօր ավելի քան արդիական է։ Ակամա հիշում ես Վասիլի Շուկշինի խոսքը. «ո՛չ խելք, ո՛չ ճշմարտություն, ո՛չ իսկական ուժ, ո՛չ կենդանի գաղափար… Ինչո՞վ են սրանք մեզ ղեկավարում։ Միակ բացատրությունն է՝ մեր սեփական հիմարության օգնությամբ»։ Մենք ենք մեր գլխին եկած պատուհասի մեղավորները։ Հետեւելով մեզ պարտադրած «տոլերանտությանը»՝ չընդվզեցինք, լավ չպայքարեցինք դպրոցական ծրագրերի խեղաթյուրման դեմ, գրականության մեջ եւ արվեստում գերակշռող խոտանի դեմ։ Մշակութային քաղաքականությունը եւ կրթական համակարգը լուրջ վերափոխումների կարիք ունեն։ Եթե ուզում ենք ազգային մտածողություն զարգացնել, ազգային արժանապատվություն սերմանել, ազգային ինքնագիտակցությունը բարձրացնել, նախ եւ առաջ պետք է սկսել դպրոցից։ Դա է փաստում վերջին տարիներին լուրջ առաջընթաց արձանագրած աշխարհի տարբեր երկրների փորձը։ Կարելի է եւ պետք է անհապաղ գտնել ու ստեղծել մեր ազգին հարիր տարբերակ։ Այո՛, դա ժամանակ է պահանջելու։ Դժվար է հիվանդի առողջությունը վերականգնել։ Բայց մենք այլեւս սպասելու ժամանակ չունենք։ Պետք է մտածել մեր ապագայի մասին՝ նոր որակ եւ նոր բովանդակություն հաղորդելով ազգային կրթությանն ու արվեստին։ Այլեւս նահանջելու տեղ չի մնացել։

– Կարծում եմ մի շարք պատճառներ կան, որ խոսենք եւ մտահոգվենք մեր մայրենի լեզվի համար։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես է աղավաղվում ոչ միայն գրավոր խոսքը, այլեւ բանավոր…

– Ես հաճախ եմ մեջբերում Ղազարոս Աղայանի միտքը, թե «քիչ է հայրենասեր լինել, պետք է նայեւ լեզվասեր լինել»։ Մի քանի հազար տարի առաջ, երբ մեր պատմական տարածքներում ապրողների ընդհանրությունն իրեն գիտակցեց իբրեւ հայ, դրան նպաստեց նաեւ իրար հետ ընդհանուր լեզվով խոսելու կարողությունը։ Ըստ իս, ամեն անհատ աշխարհ է գալիս ինքնակատարելագործվելու համար։ Այդպես էլ այդ անհատների ընդհանրությունը՝ ժողովուրդը, նույնպես կատարելագործվելու պարտադրություն ունի։ Ստեղծում է ուրույն մշակույթ, զարգացնում է այն, հղկում է լեզուն։ Հայտնի է, որ բոլոր գերտերությունները կործանվել են այն պահերից սկսած, երբ դադարել են կատարելագործվելուց, նրանց ավարտը գուժել է վերնախավի բարոյական անկումը։ Լեզուն մշակույթի կարեւորագույն բաղադրիչն է։ Այն չի կարող կաղապարվել։ Որեւէ լեզու կենդանի օրգանիզմ է եւ իր գոյության ընթացքում շարունակ փոփոխության է ենթարկվում։ Պետք է չմոռանանք, որ լեզուն նաեւ իր ժամանակի վկայագիրն է։ Ինչպես անհատի խոսքը նրա մտածողության հայելին է, այնպես էլ ժողովրդի լեզուն նրա մշակույթի մակարդակի ցուցիչն է։ Իմ կարծիքով, լեզուն եւ ժողովրդի գիտակցությունը փոխազդում են միմյանց վրա։ Մեկի մակարդակի անկումը հանգեցնում է մյուսի աղճատմանը։ Այսօր մեր լեզվի եւ ժողովրդի վիճակի վրա մեծապես ազդեցություն են ունեցել մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն, նաեւ դպրոցները։ Քաղաքական գործիչները իրենց ֆեյսբուքյան քարոզչությունը աղավաղված հայերենով են վարում։ Անգրագետ գրելը դարձել է մի տեսակ «ժողովրդավարական» մոտեցում: Ես արդեն կասկածում եմ, թե այդ մարդիկ տեղյակ են, որ օժանդակ բայերը բայերից առանձին են գրվում։ Մարտնչող տգիտությունը զբաղեցնում է բոլոր հարթակները եւ աննախադեպ թափ է ստանում։

– Ձեր առաջարկը…

– Անհրաժեշտ է սկսել դպրոցներից։ Բարձրացնել ուսուցման մակարդակը։ Սովորելու, կարդալու հանդեպ սեր դաստիարակել դպրոցական վաղ տարիքից։ Մանուկ հասակից մեր զավակները պետք է մեր հայրենիքի հանդեպ պարտականության զգացում ունենան։ Հայրենիքը պետք է առնչեն մորն ու սրբորեն վերաբերվեն ամեն ծառ ու թփի, ամեն քառակուսի մետրի։ Ուսուցիչները, ծնողները երեխաների մեջ ազգային գաղափարախոսություն պիտի սերմանեն։ Պետք է սկսել այսօր, որպեսզի վաղը Հայրենիք ունենանք։

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ