You are currently viewing ԱՂՈԹՔԸ  ՈՒԺ  Է

ԱՂՈԹՔԸ  ՈՒԺ  Է

  • Post author:
  • Post category:Հոգևոր

«Տեր Աստված, տուր ինձ համարձակություն` երկնքին նայելու և մեղավոր շուրթերովս փառավորելու քո անունը»:

Մեր կյանքը Աստծու անուրանալի պարգևն է, Տիրոջ անսահման սիրո արտահայտությունը: Կյանքը տրվում է մեզ` ապրելու ցանկության հետ միաժամանակ:
Պահանջմունքների բավարարման ձգտումն է կյանքի շարժիչը, իսկ յուրաքանչյուր հագեցած ցանկություն մի նոր ցանկություն է ծնում: Եվ տարիներով իմաստնացած` Սողոմոն Իմաստունի պես, մի օր մենք էլ ենք ասում. «Ունայնություն է ունայնությանց»:
Նայում ենք մեր շուրջը և մտածում. «Ահա ճաշակեցի երկրային այս բարիքները, ունեցա ինձ անհրաժեշտը, և ի՞նչ»: Պատասխանը չի ուշանում:
…Գալիս է երկնքին նայելու ժամանակը:
Ժամանակը` հասկանալու, որ կյանքը շատ ավելին է, քան պարզապես մեր հողանյութ անձը, որ ապրելու աղբյուրը ապրեցնելու ցանկությունն է:

Երջանկության բանաձևը քրիստոնյայի համար դառնում է հետևյալը` սիրել, սիրվել, արարել և չկորցնել Աստծու պատկերը: Իսկ Աստծուն տեսնում ենք ամեն օր` լուսաբացից մինչ լուսաբաց` ճանաչելով ու սիրելով նրա ստեղծած աշխարհը: Աստված շատ ավելին է, քան պարզապես բարին: Աստված այն քաղցրաբուխ աղբյուրն է, որի յուրաքանչյուր «կումից» հետո ավելի ենք ծարավում: Եվ պահանջմունքը` խոսել Աստծո հետ, դառնում է կյանքի ամենահուսալի հենակետը, որը երբևէ չի խարխլվում:
Իսկ Աստծո հետ խոսելու լեզուն աղոթքն է:

Կյանքի իմաստը միայն իմաստ որոնելու մեջ չէ: Կյանքն իսկապես իմաստ ունի, և այն Աստված է: Մենք չպետք է մոռանանք, որ հավիտենական արարածներ ենք: Ու պիտի ապրենք` երկնքում գանձեր կուտակելով, մտածելով վաղվա մասին, ոչ թե երկրային իմաստով, այլ` հավիտենակա՛ն վաղվա:
Աղոթքի կանգնելիս չշատախոսենք, այլ խնդրենք Տիրոջից հավիտենական արքայությունը, իսկ այս երկրում մեզ անհրաժեշտը կտրվի մեզ ձրիաբար:
Աղոթքը հոգու լոգանքն է: Շարունակ մաքրենք մեր հոգին, որպեսզի Սուրբ Հոգին իր շնորհներով չխորշի բնակություն հաստատել մեր անձերից ներս:
«Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ»,- ասում է Հակոբոս առաքյալը:
«Աղոթքի կանգնեցեք, որ փորձության մեջ չընկնեք»,- ասում է Ղուկաս ավետարանիչը (Ղուկ 22.40):
Մի վանականի հարցնում են. «Ի՞նչ եք անում այնտեղ` վանքում»: Նա պատասխանում է. «Ընկնում ենք ու վեր կենում, ընկնում ու վեր կենում, ընկնում ու նորից վեր կենում» (Տիտո Քոլիանդեր):
Քրիստոնյայի կյանքը մի անվերջ ճանապարհ է` անկախ նրա ֆիզիկական տեղաշարժումներից: Մեր կյանքը շարունակ վեր կենալու արվեստ է:
Աստված, ով իր Միածին Որդու միջոցով ազատագրեց մեզ Օրենքի իշխանությունից և շնորհի արժանացրեց, մեզանից ողջակեզներ չի ցանկանում, այլ ուզում է միայն մեր սրտի «ողջակեզը»` անկեղծ աղոթքի «զոհասեղանին»:
«Աստծուն ավելի հաճելի է մեր աղոթքը, քան զոհ մատուցելը» (Առակաց 15:5):
Աղոթքի մասին մեր այս մտորումները պայմանավորված են օրվա խորհրդով: Մեծ Պահքի հինգերորդ` Դատավորի կիրակին է:
…«Ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ»,- հորդորում է Հիսուս իր շուրջը հավաքվածներին և այնուհետև պատմում անիրավ դատավորի ու այրի կնոջ առակը:
Դատավորը, ով «ոչ Աստծուց էր վախենում և ոչ էլ մարդկանցից ամաչում», ի վերջո տեղի տվեց անիրավված այրի կնոջ խնդրանքներին և տեսավ նրա դատը: «Որպեսզի անընդհատ չգա և ինձ չձանձրացնի»,-իր մտքում ասում էր դատավորը:
Եվ եթե դատավորը, ով պարզապես մի մարդ էր, ընդ որում` անիրավ մարդ, լսեց այրի կնոջ խնդրանքը և կատարեց, «Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի» (Ղուկ. 18:7-8):
Աղոթքով մենք մեր ներկայությունն ենք հաստատում Աստծո առջև: Աղոթքով երբեմն կարողանում ենք Աստծուն մասնակից դարձնել մեր ազատ կամքի կիրարկմանը:
Աստված թեպետև գիտի, թե մեզ ինչ է անհրաժեշտ, այդուհանդերձ, այս հանգամանքը չի նվազեցնում աղոթքի կարևորությունը, որովհետև Տերը գիտի նաև, որ մեզ անհրաժեշտ է աղոթել:
Մեր կյանքի ամենաամուր հենարանն է աղոթքը: Աղոթելու կարողությունը շնորհ է` տրված Աստծուց: «Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»,- իրեն հավատացողներին ասում է Հիսուս:
Աղոթքը հոգևոր սնունդ է, որով սնվում է նաև մեր մարմինը: Աղոթքը ուժ է, որը պետք է գտնենք ինքներս մեր մեջ ու դրանով զորանանք:
Աղոթքի ձևերը տարբեր են` առանձնական կամ ընդհանրական, բայց պայմանը մեկն է` սրտաբուխ խոսք: Աղոթք է, երբ ամեն լուսաբացին աչքներս բացելիս փառք ենք տալիս Տիրոջը, ապա նոր անցնում մեր գործին: Ինքնին աղոթք է ազնիվ աշխատանքը:
Աղոթքը ուղիղ ճանապարհն է դեպի Աստված:
Աղոթելիս խոսում է մեր սիրտը, և եթե անգամ շուրթերը չշարժվեն, Աստված լսում է մեզ: Եվ երբեմն էլ Տերը իր ողորմածությունը մեր կյանքում արտահայտում է` պարզապես չկատարելով մեր խնդրանքը: Աղոթքն այն շաղախն է, որով ամրանում է մեր հավատի շենքը: Իսկ հավատալ` նշանակում է հասկանալ: Հակառակ ճանապարհով գնալիս կմոլորվենք: «Հասկանամ, որ հավատամը» Աստծուն մերձենալու ամենաքարքարոտ ճանապարհն է:
Աղոթենք հավատով: Աղոթենք պարզապես Աստծո ներկայությունից չզրկվելու համար և կունենանք բոլոր բարիքներն ինչպես այս, այնպես էլ խոստացված աշխարհում:

ՏԵՐ ԵՂԻՇԵ ՔԱՀԱՆԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արմինէ Աբրահամյանի