You are currently viewing ՀՈԳՈՒ ԱՐԵՎԱԳԱԼ (աղոթրանագիր)

ՀՈԳՈՒ ԱՐԵՎԱԳԱԼ (աղոթրանագիր)

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Աղոթք անքնին տիառնագրության

Քո լույսերի մեջ կեցո վերստին Իմ լերկամարմինը` հողեղեն, կավահաճո ու տհաճ Ձուլիր ու խարանիր իմ մեղքերը քո´ եզերքին կենազեն արևածագի…
Լուծի´ր անտարաշուք ու տրտում օրերն իմ անլուսե խավարի,
Ես ծնրադիր քե՛զ եմ մեծարում, որ անձս բարձրացնեմ խավարասեր մեղքերի ծովից,
Եվ լուսեղեն ու հլու արևաշողին միահյուսված ես տարասփռո՛ւմ եմ իմ տարերքը լույսի անցնոր, խավար հավատի: Ես ծնկո՛ւմ եմ քո առաջ, խոնարհված մոմաշողքի ու խնկածխի անքող լուսաշողի դեմ, որպես Աստվածընկալ…
Արդ հովանի ու փրկյալ մարմնի, հոգվույն ու անթև-թևավոր սրբույն հոգվո արժանահատույց, շարակարգյալ սրբո՛ց դատաստանի` նանիր խավարի անէությունը. ամեն։

***

Աղոթք մենության ժամի

Քո հավատի մեջ կարգալո՛ւյծ արա իմ մեղքերը` դեմ առ դեմ ու հանդիման․․․ Իմ կյանքի Արևն առ իմ հորիզոնից ու տա՛ր քո դատաստանի համար, որ փարո՛ս դառնա: Եվ մթության ժամին իմ մենության տափաստանում արդ ողորմեա՛, Տե՛ր, անհավատիս, որ լռության առհավատչյա Քո էությանը հակադիր չի՛ կրում խաչն իր ճակատագրի:
Աղոթքն ընդ հոգվույն և արևագալի, սրբության ու մասունքի զեղված Քո հուզաշխարհից ձեռքս մոտեցնում եմ եռամատ ագուցյալ զճակատս, քանց եկեղեցվո բարավորին ու լռության մեջ շշնջում՝ Հանուն հոր և որդվո և հոգվույն անթև-թևավոր սրբոյ․ ամեն:

***

Աղոթք հիվանդ հոգիներուն

Եվ արդ այսու և այս ժամին երջանիկ եմ ես `քանզի մարմնական ցավը չնչին է հոգևոր ցավի դեմ Եվ լիահույս սպասումով `արդ իմացության քո ճառագյալ պսակին, անտարաժամ իմ ցավերի մեջ ես երկրպագում եմ քեզ:
Խունկ ծխանի և հոգին ցասման սասանի Որպես աղոթյալ` հալակամ, ջերմատենդ մի մոմ առանց պատրույգի` անսպառ լուսավորեմ քո ուղին իմ նենգ ու մեղսագործ ձեռքերով:
Աստված արասցե քո սկիհներուն մեջ թող արևներ բոցկլտան և տենդն իմ այս քո սիրո ու երերման երկյուղի թող որ բուժվի ու ես կդառնամ հավերժ քո ճամփի անպատրույգ ու անյուղ լուսաճրագ քո հավիտենության ու փառքի:

***

Պահեա զմեզ զի հոգվույն մեջ

Ես սկսեցի հավատալ ինքս ինձ,
Իմ ստվերին,
Իմ լռությանը,
Իմ մենությանը,
Ես սկսեցի աղոթել անձայն
Իմ կյանքի,
Իմ սիրո,
Իմ արևագալի համար,
Ես դադարեցի աղոթել
Եռամատս չտիառնագրեց քո դրոշմը
Չեկած լռության,
Չեկած արևագալի,
Չեկած քո եսի համար…
Ես կրկին աղոթում եմ,
Աղոթում եմ, որ չեկար,
Աղոթում եմ, որ չես գա,
Աղոթում եմ, որ չաղոթես դու ինձ համար:

ՎԱՀԵ ՔՈԹԱՆՅԱՆ-Վահե ՍԵՄԱ

Հ.Գ. Ժանրը` աղոթարանագիր-արևագալ։ Այն հեղինակի հնարած ժանրն է։