You are currently viewing ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՍԵՐԸ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՍԵՐԸ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ

Vardananq.am-ի զրուցակիցը դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանն է

– Պարոն Խալաթյան, արդեն 90 տարի է, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «դիրքերում» է: Եթե հետհայացք գցենք՝ որտեղից ուր է հասել թատրոնը եւ ինչո՞ւ եք թատրոնն անվանում տաճար:

– Ղարաքիլիսա գյուղաքաղաքում, որը հետագայում՝ Կիրովական, իսկ այսօր եւ ընդմիշտ՝ Վանաձոր քաղաքն է, դեռեւս 20-րդ դարասկզբին գործում էին տարբեր թատերախմբեր, որոնք հանդես էին գալիս ե՛ւ ինքնուրույն, ե՛ւ հյուրախաղերի եկած անվանի արտիստների խաղացանկերով (Վահրամ Փափազյան. Սիրանույշ եւ ուրիշներ): 1921-ին հայ բեմի երախտավոր Ամո Խարազյանի ջանքերով ու նախաձեռնությամբ քաղաքում գործող թատերախմբերի եւ հրավիրված դերասանների միավորումով Ղարաքիլիսայում ստեղծվել է մշտական գործող թատրոն, իսկ 1931-ին, Հայաստանի Կենտգործկոմի որոշմամբ՝ պետական թատրոնը: Իր վրա կրելով ժամանակի գաղափարական ազդեցությունները, այդուամենայնիվ, թատրոնը հավատարիմ մնաց իր կոչմանը, ստեղծեց ինքնատիպ դիմագիծ եւ 1960-ականներից, գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոկրատ Աքմաքչյանի անդուլ գործունեության շնորհիվ, հաղթահարելով գավառական կաղապարները, լավագույններից մեկն էր հանրապետությունում: Դրանում կար նաեւ Վահրամ Փափազյանի, Հովհաննես Աբելյանի, Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Օլգա Գուլազյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Ավետ Ավետիսյանի եւ հայ բեմի ուրիշ մեծերի ավանդը, քանզի, նրանք այս թատրոնում կամ նոր բեմադրություններ են իրականացրել, կամ հյուրախաղերով հանդես եկել աբելյանցիների հետ եւ վարպետության յուրահատուկ դասեր տվել նրանց։ 1973 թ.-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց ստեղծագործական ավյունով լեցուն, ժամանակի շունչն ու թատերարվեստի զարգացման միտումները ներըմբռնող Վահե Շահվերդյանը եւ, կարճ ժամանակ անց, երիտասարդ ղեկավարի կազմակերպչական ընդունակությունների, նրա կողմից գեղագիտական նոր սկզբունքների արմատավորման շնորհիվ թատրոնն ապրեց իր ոսկեդարը: Այդ ժանակահատվածում էր, որ հայկական թատերական արվեստը արտերկրում` Թբիլիսի, Մոսկվա, Լիսաբոն, Փարիզ, Ստրասբուրգ, Քիշնեւ եւ այլն, ներկայացնում էր հենց կիրովականյան թատրոնը։ Այսպիսով, բարդ, դժվարին, բայց հաղթական ճանապարհ է անցել Վանաձորի թատրոնը եւ դրա վառ վկայությունը թատրոնի խաղացանկն է, որը հարուստ է համաշխարհային եւ ազգային դրամատուրգիայի գլուխգործոցներով: Այսօր էլ հաղթարշավը շարունակվում է, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը լի է ստեղծագործական նոր մտահղացումներով, իսկ թատերախումբը դրանք իրականացնելու կարողությամբ ու պատրաստակամությամբ: Գալով թատրոնը տաճար անվանելուն, ապա դրանում հաճոյախոսություն կամ գեղեցկախոսություն չկա: Հասարակական եւ ոչ մի վայրում այնքան ազնվագույն հուզումներ, անանձնական խոկումներ, տառապանք ու հրճվանք, ցնծության ու վհատության սուր ապրումներ չեն լինում, որքան թատրոններում: Ներկայացում կոչվող այդ ծեսը նախապատրաստում են արվեստի բոլոր բնագավառների ներկայացուցիչները՝ գրող, նկարիչ, երաժիշտ, բեմադրիչ, դերասան եւ դեռ՝ ձայնասփյուռի եւ լուսարարության ու այլ կարգի մասնագետներ: Հանդիսատեսն ու «ծիսակարգն» իրականացնող դերասաններն այդ ընթացքում վերանում են իրենց առօրյա-կենցաղային փոքր ու մեծ հարցերից եւ վերապրում բոլորովին ուրիշ ժամանակների ուրիշ ճակատագրեր, ոգեղենությամբ, զգայականությամբ հաղորդակցվում գեղագիտական եւ բարոյականության բարձրակարգ շերտերի…

– Եթե խոսում ենք թատրոնից, միագամից նաեւ դրամատուրգիան է առաջ գալիս: Ձեր դիտարկմամբ՝ ո՞ր փուլում է ժամանակակից դրամատուրգիան, ի՞նչն է գոհացնում եւ անգամ՝ հիասթափեցնում հայ դրամատուրգին, այս դեպքում՝ Ձեզ:

– Նորություն չէ՝ առանց դրամատուրգիայի չկա թատրոն, առանց ազգային դրամատուրգիայի՝ չկա ազգային թատրոն: Ապազգային թատրոն չի լինում: Արտասահմանյան վարպետների այն ներկայացումները, որոնց փորձում են կապկել որոշ բեմադրիչներ կամ որոշ դրամատուրգներ՝ գրելով նմանաոճ բեմադրության գործեր՝ իրենց ներշնչելով, թե դա է թատերարվեստի ներկայիս պահանջը, մեծ սխալմունքի մեջ են: Արվեստի յուրաքանչյուր գործ բարձրակարգ եւ մնայուն է իր ազգային լինելով՝ համամարդկային արժեքների կրավորականությամբ: Սա է արվեստի համազգայնության գաղտնիքը: Սակայն, ցավոք, օտարամոլությունը մեր ցեցն է: Իսկ այդ ցեցը շատացել է: Ժամանակակից ազգային, բարձրակարգ դրամատուրգիա այժմ մատների վրա հաշված դրամատուրգներ են ստեղծում, որոնք, մեծ հաշվով, անտեսվում են բեմադրիչների կողմից: Ներկայիս իրավիճակում, երբ հանրությունը դեպրեսիայի եւ նեւրոզի մեջ է, թատրոնները պետք է վերանայեն իրենց խաղացանկային քաղաքականությունը, հոգեբանական սատարման գնան, իսկ դա կարող է մեծապես արդյունավետ լինել միայն ազգային անաղարտ ու բարձրակարգ ներկայացումներով: Հայկական հիվանդություն է. այնպես, ինչպես երկրի հզորության, անկախության, բարեկեցության տեսլականների իրականացումն ենք կապում երկրորդ, երրորդ ուժի հետ, այդպես էլ՝ թատերարվեստում, մեր բարձրաճաշակ լինելն ուզում ենք աշխարհին ապացուցել օտար հեղինակների գործերը նրանց ոճով բեմադրելով: Ալաֆրանկա է, փուչ ալաֆրանկա եւ վնասարարություն՝ ազգային թատերարվեստի համար: Ես, իհարկե, դեմ չեմ, որ այլազգի հեղինակների գործեր բեմադրվեն: Դա պարտադիր պայման է, բայց ոչ ազգային դրամատուրգիան բացառելու կամ քամահրելու տեւականությամբ:

– Չե՞ք կարծում, որ այսօր արձակագիրներից ու բանաստեղծներից շատերը սխալ ճանապարհ են հարթում՝ չիմանալով դրամատուրգիական երկի կառուցվածքը` գրում են պիեսներ: Ինչպե՞ս դիմակայել դրամատուրգիա ներթափանցող այսօրինակ պիեսները, որը բացասաբար հետեւանքներ հաստատ ունենում է:

– Չեմ կարծում, թե շնորհալի արձակագիրն ու բանաստեղծը դրամատուրգիական ժանրով ստեղծագործելուց առաջ չուսումնասիրի, չխորանա ժանրի պահանջների եւ սկզբունքների մեջ: Ողբերգությունն այլ տեղ է. թատերագրությամբ սկսել են զբաղվել իրենց գրող հռչակած միջակություններ: Լավ բան չեմ տեսնում նաեւ այն բանում, որ որոշ բեմադրիչներ հավակնում են ոչ միայն պիես գրել, այլեւ նկարչական ու երաժշտական ձեւավորումներն էլ անել: Մինչդեռ, լավ պիեսը գրվում է գրողի ձիրք ունեցողի եւ ոչ թե գրագետի կողմից: Այն ծնվում է թատրոնն ու թատերագրության «գաղտնիքները» գերազանց իմանալու դեպքում, եւ կամ, բեմադրիչի եւ հեղինակի ստեղծագործական համագործակցությամբ: Ամեն մեկն իր գործի վարպետն է եւ ի՛ր գործը պիտի անի:

– Վերջերս լույս տեսած Ձեր «Հրամայված է ապրել» 48-րդ գրքում տեղ են գտել վերջին տարիներին գրական մամուլում տպագրված դրամաները, կատակերգություններն ու մոնոդրամաները: Ի՞նչ ուղերձներ են դրանք պարունակում եւ վերջապես՝ ինչո՞ւ է հրամայված ապրել:

– Երկրագնդի ամեն մի կենդանական ու բուսական արարվածք պայքարում է իր տեսակը պահպանելու համար: Ճակատագրով մեզ դրախտային երկիր էր տրվել ու մեր ազգային տեսակը պահպանելու առասպելական ներուժ: Դարեր շարունակ երկուսն էլ մսխում ենք, մանրում, քամուն տալիս: Այդ թատերագրություններով, անկախ այն բանից՝ դրամա է, թե կատակերգություն, փորձել եմ սթափեցնող խոսք ասել, հիշեցնել, որ մեր հայ մարդու տեսակը իրադարձությունների բերմամբ հավաքչության բնազդով չէ իրեն ազգ հորջորջել եւ ուրիշներից ապրելատեղ նվաճել, այլ Արարչի կամոք ու նրա հրամանով ենք արարվել՝ մեր իսկ հող-հայրենիքից: Մեզ հրամայված է ապրել, այլապես մենք դեմ ենք գնում Ստեղծողին ու մահվան կդատապարտվենք: Ապրել՝ մեր տեսակի վարքով ու կյանքով եւ ոչ թե գոյատեւել օտար տեսակին պատվաստվելով կամ օտար հողում: Մենք մեր հայ-տեսակի բարոյականությունն ու առաքելությունը վերանորոգելու խնդրի առջեւ ենք հայտնվել:

– Պարոն Խալաթյան, 2020-ի աշնանը մեր երկիրը պատուհասեց պատերազմը: Սովորաբար պատերազմից դասեր են քաղում: Ի՞նչ դասեր ենք քաղել, եթե իհարկե՝ ոչ հակառակը: Մշակույթ եւ հեղհեղուկ խաղաղության մեջ ապրող երկիր. շատ հարցեր են առաջանում… Արդյոք ազգային մշակույթը ի՞նչ ներգործություն ունի այսօր:

– Կարծում եմ՝ այս պատերազմի գլխավոր դասերը երկուսն են: Առաջինը. մենք մեր ոգեղեն ուժով կարող ենք եւ ունակ ենք անձնվիրաբար պաշտպանել մեզ եւ մեր երկիրը: Երկրորդը՝ մենք մեր ոգեղեն ուժով ունակ ենք անձնվիրաբար պաշտպանել մեզ եւ մեր երկիրը, եթե յուրայինը թիկունքից չի խփում՝ թալանելով, հարստահարելով, թուլացնելով մեր ֆիզիկական ուժն ու զորությունը, եթե յուրայինը թիկունքից չի դավում՝ վաճառելով մեզ եւ մեր հայրենիքը: Հայոց պատմության մեջ այսպիսի օրինակներ շատ կան: Բայց այդ դասերը դեռեւս անքաղ են… Պարտված, հեղհեղուկ խաղաղության մեջ ապրող մեր երկրում մշակույթի ներգործությունն այսօր թույլ է: Օտարամուտ այն ուժերը, որոնք մեզ մեր դեմ օգտագործելով հետեւողականորեն իրականացրին բարոյալքումը, ազգային ճշմարիտ արժեքներից հեռանալն ու հրաժարվելը, հե՛նց ազգային մշակույթն ու նրա գործչին են թիրախավորել: Մտավորականը, մշակութային գործիչը մեզանում այլեւս ժողովրդի ոգեղեն տեսլականների կրողն ու դրանց իրականացման կողմնացույցն ու ոգեւորողը չէ, նրան վարկաբեկեցին, հեղինակազրկեցին հասարակության աչքում, մի մասին էլ գնեցին: Հատուկենտ նվիրյալներ են մնացել: Մշակույթը ներգործող է, եթե կառավարությունը, իրավիճակից ելնելով, մշակութային հատուկ քաղաքականություն է իրականացնում: Ուսումնասիրեք Երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախված գերմանացիների փորձն ու կհամոզվեք դրանում:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ