You are currently viewing ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ՈՒՐ Է ՁԳՎՈՒՄ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ՈՒՐ Է ՁԳՎՈՒՄ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Պարույր Ներսիսյանի «Իմ տխուր խաղալիքներ» ֆիլմը

21-րդ դարում կգտնվեն շատ մարդիկ, ովքեր հետաքրքրված են կարճամետրաժ ֆիլմերով, որոնք, ինչպես տեսնում ենք, ծառայում են որպես ժամանցային արվեստ: Իսկ թե ինչ գաղափարական եւ տեսալսողական շերտեր են պարունակում այդ ֆիլմերը, կարելի է հստակ պատկերացում կազմել նաեւ ռեժիսորական մոտեցման եւ սյուժետային գծերի հստակեցմամբ, դրանց արդիականությամբ, ընտրված թեմայով եւ թեման ճիշտ ներկայացնելու, կինոկադրում ինքնատիպ միջավայր ստեղծելու հմտություններով:

Բնականաբար պատկերացումները տարբեր են լինում, նույնը եւ ընկալումները, սակայն մի շարք նրբություններ ու ստեղծագործական-արտահայտչական ընդգրկումներ կան, որոնք եւ որոշում են ֆիլմի արժեքը:

Իմ ուշադրության կենտրոնում դեռ ամիսներ առաջ է հայտնվել «Իմ տխուր խաղալիքներ» կարճամետրաժ ֆիլմը, որը երիտասարդ ռեժիսոր եւ դերասան Պարույր Ներսիսյանի հերթական հեղինակային ֆիլմն է: Այն թեմատիկ ընտրության առումով կարող է կրկնվող թվալ, բայց ֆիլմի ընթացքում պարզ է դառնում ռեժիսորի ստեղծագործական մտացածին ճանապարհը՝ որտեղից ուր է ձգվում, դրա ընթացիկ առանձնահատկությունների մի ամբողջություն երեւում է ընթացքում, երբ կադրը պատմության մեջ խորանալով՝ կյանքը նորովի է ներկայացնում:

Օպերատոր Արշակ Իսոյանը այնպիսի կադրային լուծումներ է տվել, որ դրանք ունենան պատմություն եւ շարունակեն վերապրել, տպավորվել՝ իբրեւ չմոռացվող եւ անընդհատ ճնշող, գուցե եւ բառս սխալ հնչի՝ «հիշեցնող» երեւույթ՝ պատերազմի ծանր, բայց ապրվող ու ընթացող պահի մասին: Հենց պահի մեջ էլ խտացված է այն ցավն ու զրկանքը, որը հայը դարեր ի վեր տեսել ու զգացել է: Սակայն այս ֆիլմում հոգեհույզ ու աբսուրդային տեսարաններ չկան, որովհետեւ գերնպատակը դա չէ, եւ մենք գործ ունենք այլ դիտանկյունից ներկայացվող ֆիլմի հետ:

Պետք է նկատել, որ տասնութ րոպեանոց ֆիլմի առաջին վայրկյաններին միանգամայն ճչացող տեսարաններ չկան, այլ զրոյական կետից ֆիլմն իր զարգացումն է ապահովում՝ իբրեւ իրական դեպքերի ներկայացման շղթա:

Ֆիլմը պատերազմի մեջ մանկությունը կորցրած մի փոքրիկի մասին է, որը միշտ իր ունեցած խաղալիքներով է խաղում: Պատերազմից պատերազմ միջանցքը մի ձգվող հավերժություն է՝ տխուր խաղալիքներից, հրդեհվող տնից մինչեւ մահ: Կարծում եմ, որ ռեժիսորը գիտակցաբար մանրամասնորեն կանգ չի առել յուրաքանչյուր երեւույթի սկզբնավորման հիմքի վրա, այլ փորձել է որպես հիմնադուռ ընտրել եւ ֆիլմում ներկայացնել այնպիսի ժամանակահատված, որը կամբողջացնի ոչ միայն զուտ ցավը, այլ պատերազմի մեջ պատերազմով ապրելու գաղափարը, դժվարությունն ու «տխուր» հետաքրքրությունը:

Փոքրիկ դերակատար Հրաչյա Ներսիսյանն իր կերպարով երեւույթներին շարունակականություն է հաղորդում՝ խտացնելով եւ տխուր խաղալիքների պատմությունը, եւ սիրո ու լույսի գծերը, ինչպես նաեւ կյանքում հանդիպած մեծ ողբերգության՝ պատերազմի պատճառով մորը կորցնելու, լացի ու ծիծաղի մեջ ապրելու «օրենքը»: Այդ օրենքը ռեժիսորն է առաջ մղում, զարգացնում եւ վավերական տառապանքի համայնապատկերում տեղավորում:

Ֆիլմը դիտողներից շատերն այն կընկալեն այլ տեսանկյունից, որպես արհավիրքի երկու պատերի արանքում մնացած մանկության մի պատմություն: Բայց իմ խորին համոզմամբ, այն փոքր բաներ շոշափելու նպատակ չունի, այլ ժամանակի ու տարածության մեջ նոր կապեր գտնելու եւ ներկայացնելու բազմաբեւեռ իրականությունը, որը ոչ միայն կապված է մեկ անձի հետ, այլ ամբողջ աշխարհի:

Ֆիլմը «խոստովանություն» է խաղաղությանն ու պատերազմին, որոնք, իրար հերթ չտալով՝ իրենց տեղը չեն գտնում մեր երկրում: Եվ հենց այստեղ էլ միայնակ պահն ամբողջանում է՝ անբացատրելի ապրումներով, պատերազմում ապրող խաղալիքների «համերաշխությամբ»:

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ