You are currently viewing «ՍԵՐ ԼՈՒՍՆԵԶՐԻՆ». ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

«ՍԵՐ ԼՈՒՍՆԵԶՐԻՆ». ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

«Եթե կարողանանք օգտագործել մեր էության մեջ դրված աստվածային հայտնատեսության աննշան մասն անգամ, այլ Կյանք կունենանք»: 

Մարգարիտ Դերանց

 

Մարդու էության ամենախորքային բացահայտումների նպատակադրմամբ պետք է բացել հայ ժամանակակից եզակի կին արձակագիրներից Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վեպը: Հեղինակի գրիչը պրպտում է մարդկային ճակատագրերի լուսանցքերում, ձևավորում ինքնուրույն մտածողություն և հաղորդում հետաքրքիր կառուցվածքային բովանդակություն: Արձակագիրը չի վախենում երևույթների մեծությունից, դրանց ներկայացնելու ինքնատիպ կարողությունն իսկապես իր գրականության կարևոր հիմնասյուներից է: Մարգարիտ Դերանցն իր արձակի համար կարևորում է ժամանակը, իրավիճակը և խորությունը: Հենց այս երեք նախապայմանով էլ հեղինակի գրականությունն ընթերցողի համար դառնում է գրավիչ, ինքնաբուխ և կլանող: 

Արձակագիրն ունի գրական ճանապարհի քարտեզ, հյուսած գրական կենսագրություն՝ հեղինակային այլ գրքերով: Սա գալիս է փաստելու, որ Մարգարիտ Դերանցն անընդհատ գրական տեղաշարժերի մեջ է, փնտրում ու գտնում է կարևոր և առանցքային թեմաները, որոնք կարևոր լինելով հանդերձ նաև համոզիչ օրինակներ են մարդու համար: 

«Սեր լուսնեզրին» վեպը կյանքի քառակուսու մեջ է հավաքում երջանիկ կրակներին, արվեստի դևերին, այն մահը, որին փափագեց հեղինակը, սակայն մահն իրեն հետապնդեց և անցյալի չարագույժ տեսիլքը, որը խմորվում է բազմաշերտ ասելիքով: 

Վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքի մասին է, որը ոչ թե սիրային ընդգրկում ունի, այլ հոգեբանական լայն շերտեր: Արձակագիրը սոսկ սիրային պատմություն չի ներկայացնում, այլ իր ձեռագրին հատուկ կտրուկ շեշտադրումներով է ձևավորում արձակը՝ թույլ տալով ընթերցողին կյանքի ոլորապտույտ ճանապարհին ճիշտ ընտրություններ կատարել, ինքնադիտարկել սեփական քայլերն ու ինչու ոչ՝ հոգին: 

Ինչպես վերևում նշեցի, ժամանակն ինքնին կարևոր դեր ունի Մարգարիտ Դերանցի արձակում: Պատահական ընտրված չէ վեպի հերոսուհու ապրած ժամանակաշրջանը՝ Խորհրդային Միության քայքայման և դրան հետևող երևույթների ամբողջությունը, որը տարածք  է ստեղծում հեղինակի համար՝ նոր բացահայտումներ անելու, կերպարը  բնական և ամբողջական պատկերելու համար: 

Սերը այո, միշտ կա նրա արձակում, բայց «Սեր լուսնեզրին» վեպում նա ոչ թե սերն է առաջ բերում, այլ կնոջ պատմությունը, գենետիկ կոդի փնտրտուքը, կյանքը պատկերլն այնպես, ինչպես այն կա: Ժամանակակից մարդը, իհարկե սիրո տարբեր դրսևորումներ ունի, բայց ահա հեղինակը փորձում է այդ ամենը այլ քողի տակ միավորելով ներկայացնել, արդյունքում ստանալով ինքնատիպ և պատկերավոր արձակ, խիտ հյուսված ու տողատակերի կայուն ասելիքով: Սա բոլորին չէ հատուկ, և անգամ ընթերցողը պետք է գիտակցի, որ Մարգարիտ Դերանցի այս վեպի մեկ էջի տակ թաքնված են ևս երեք էջ՝ ավելի կարևոր ասելիքով ու բովանդակությամբ: 

Համամարդկային արժեհամակարգային  խնդիրները հեղինակի վեպում ակնառու է։ Սակայն դրանով ոչ թե հիասթափեցնում է մարդուն, այլ նոր ուժ որոնում` ինքնաբացահայտվելու,  հաղթահարելու, կյանքը նորովի ընկալելու համար:

Անհատ ու ազգ իրական կապը դժվար է ներկայացնել։ Առավել ևս դժվար է դրա խորքային` մարդ-հայրենիք կապի մասին խոսելը, բացեիբաց խոսելը։

«Հրեշտակները և դևերը շոշափելի են, նրանք մեր մեջ են, մեր շուրջը: Մարդիկ են, որ քայլում են…»:

Գրականությունը սիրում է գրողի անկեղծությունը, եթե այն փաստարկված է: Այս առումով յուրահատուկ է Մարգարիտ Դերանցի վեպը, որը հոգեբանական շերտերի խտացում է և ասելիքով բազմաբովանդակ: Սրան զուգահեռ վեպում ընթացող գործողությունները փիլիսոփայական դատողություններ ունեն, որոնք նաև շեշտադրում են մարդու անձնականության կարևոր բաղադրիչները: Այնպես չէ, որ հեղինակը փորձում է այդ անձնականության որակների մեջ խորանալ և մանրամասնորեն ներկայացնել, ինչն ավելի շատ կձանձրացներ: Այլ փորձում է իրական փոփոխություն անել գրական հերոսի անձնականության  դաշտում, այն դարձնելով կոփված, նպատակաուղղված: 

Առաջին հայացքից սիրավեպ թվացող «Սեր լուսնեզրին» գնալով բացահայտում է իր հերոսը, տալիս կոնկրետ պատասխաններ՝ ինչո՞ւ կա սերը և ինչերի է պատրաստ: Գրական կին հերոսը մյուս հերոսին լրացնելով նոր հորիզոն են բացում, և հեղինակը սկզբնակետից էլ դասական սիրավեպի ժանրում չի ձևավորում իր արձակը, որովհետև դասականությունը կարող է խանգարել այն ասելիքին, ինչը հենց Մարգարիտ Դերանցի մատնանշածն է: 

Մենք շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել հեղինակի նախորդ ստեղծագործությունների հետ, հիմնականում թեմատիկ որոշ շերտերի խտացմամբ, բայց այս վեպում զգացվում է ասելիքի թարմությունը, խնդիրների պարզ ներկայացումը, հոգեբանական և մշակութային տվայտանքը: 

«Հեղինակի կերտած կերպարների հուզառատությունն, էմոցիոնալ զեղումները սենտիմենտալիստական չեն. գրական միտումներ, որ առկա են հատկապես կին գրողների գործերում (Ժորժ Սանդ, Սրբուհի Տյուսաբ): Մարգարիտ Դերանցի գրչին ավելի հատուկ է ինտելեկտուալիզացված- անալիտիկ սենտիմենտը, որը բնորոշ է Ֆրանսուազ Սագանի գրական մեթոդին: Պիտի ասեմ, որ Մարգարիտի կողմից ապրումների, հոգեվիճակների, ծայրահեղ զգացողությունների այդ սպեկտրալ անալիզը կարող է դեռ նոր, հետաքրքիր բացահայտումներ անել իր հերոսների ներաշխարհում: Դերանցի կին հերոսները ուժեղ կերպարներ են, ոգով ուժեղ, թուլությամբ` ուժեղ, միայնակության մեջ` կատարյալ»,-բ.գ.թ., գրականագետ, հոգեբույժ Վարդգես Դավթյանը ժամանակին գրել է Մարգարիտ Դերանցի «Սեր և էմիգրացիա» գրքի մասին, որը կարծես արտացոլում է ընդհանուր Դերանցի գրական հերոսներին, նրանց ապրած կյանքն ու հոգեվիճակները: Եվ պատահական չէ, որ հեղինակը գնալով առատապես իր բծախնդրությունն է դնում իրավիճակների հիմքում, սակայն հերոսների կատարած քայլերի արդյունքում ցույց տալիս այդ ամենն ու բացում նոր տիրույթ, որտեղ ներկա են կյանքի ու հիշողության, ապրելու և պայքարելու ազդակները: 

Օտար ու հարազատ զգացումների կողքին արձակագիրը վարպետորեն կարևորը զատում է երկրորդականից, առավել կարևոր բաների մասին խոսելիս իրեն հատուկ ձևակերպումներով հարստացնում տողը՝ ինքնության դաշտում պահելով սեփականը, ազգայինն ու ապրվածը: 

Վիպական հյուսվածքն առանձնանում է անցյալի ու ներկայի համադրմամբ՝ անշեղորեն կապելով մարդկանց հույզերն ու սպասումները: Դրանց հետ մեկտեղ մարդկային  հարաբերությունների խնդիրն է գլուխ բարձրացնում՝ ֆիզիոլոգիապես ներդաշնակ մանրամասներով: Մարգարիտ Դերանցը գտել է բանալին՝ կին և տղամարդ հարաբերությունների ճշգրիտ ներկայացման, սեփական սկզբունքներն առաջ բերելով և դրանք գրական ստեղծագործության մեջ գործնականորեն կիրառելով: 

«Մեր «ես»-ը կազմավորվում է ամենախոր ապրված զգացմունքներով: Հաճախ՝ հենց դրանք են մեր շղթաները»:

Վեպի հիմնանյութը կարևոր ստեղծարարության է ենթարկվել, որը ապահովում է գրական գործի շնչառությունը՝ սկզբնամասից մինչև ավարտակետ: Պետք է նշել, որ այդ ընթացքը ինչ-որ չափով որոշակիանում է՝ ժամանակակից աշխարհի  լուծումներով, խոչընդոտներին հակադարձելու և սեփական մտքերը պատմելու համարձակությամբ: 

Հեղինակն իր տողերին խորհրդավորություն է հաղորդում՝ զգացմունքների դիտարկմամբ և դրանց կիառմամբ: Կյանքի, սիրո, տառապանքի ու մի շարք այլ հարցեր են վեպի հիմքում, որոնք քայլ առ քայլ բացահայտում են ինչպես կերպարներին, այնպես էլ նրանց փիլիսոփայությունն ու մտածողությունը: Եվ դրա շնորհիվ է, որ իր վեպի հերոսները նշաձող են սահմանում ու փորձում դրանց հասնել՝ թեկուզ դժվար, բայց իմաստային ուղիներով: Այդ ուղիներից մեկը հայրենիք է տանում, ծրարվում է բառը՝ կարոտի և սիրո եզրին թողնելով կյանքի հայացքը՝ մե՛րթ երևացող, մե՛րթ՝ ցավից խղճացած: Բայց ահա արմատներն այնքան ամուր են, որ հողեղեն տառապանքներից կարող ես մենանալ հեղինակի ստեղծած այն տարածությունում, որն այս դեպքում երկինքն է, ասել է թե՝ անհունությունը:

«Թեկուզ արմատներդ հասել են մինչև դժոխք, դու կարող ես սաղարթներդ մխրճել Երկինք: Սովորաբար, Երկինք են տենչում նրանք, ովքեր ապրել են դժոխքի ցավը…»:

Վեպի վերջաբանում «ռումբերի պայթյուններ հիշեցնող համառ հեռախոսազանգերը» կարծես մարգարեական կանխատեսում լիներ սպասվելիք պատերազմի մասին, որ ունենում են ճշմարիտ գրողները (Վեպը հրատարակության է հանձնվել 2020 թվականի մայիսին):

Անխոս, արձակի երկրում դժվարությունները շատ են, նաև դյուրին չէ համարձակ գործելը: Մարգարիտ Դերանցը կոտրում է մի շարք կարծրատիպեր, որոնք հաճախ վերագրում են արձակագիրներին: Նա իր խոսքով, տարբերվող ոճով, լեզվով, բառամթերքով կայուն և մնայուն արձակ է ստեղծում՝ խոսելով կարևորի մասին և չսահմանափակվելով թեմատիկ ընտրության հնարավորություններից:

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ