Vardananq.am-ի զրուցակիցը գրականագետ Կարեն Մանուչարյանն է
– Ձեր գնահատմամբ՝ այսօր ի՞նչ դրական եւ բացասական միտումներ կան գրական կյանքում:
-Գրականության յուրաքանչյուր պարբերափուլ ունի իր ընդհանուր բնութագրիչները: Գրականության զարգացման պատմությունը ավանդույթի ու նորարարության անվերջանալի պայքար-համագործակցություն է, որի արդյունքում ձեւավորվում է անցյալի դասական ու մնայուն արժեքների հետ օրգանական առնչություններ ունեցող նորը: Հնի եւ նորի հակադրությանը վերաբերող բանավեճերը չնչին բացառություններով հակագրական եւ հակագիտական են, քանի որ գրականության մեջ «հին» եւ «նոր» բնութագրիչները ոչ այնքան ժամանակագրային են, որքան արժեբանական: Հոմերոսի գրականությունն այսօր էլ նոր է, մինչդեռ մեր ժամանակներում ստեղծվող շատ երկեր արդեն իսկ չեն համապատասխանում «նոր»-ի արժեբանական ասպեկտին:
Այսօր ստեղծվում է շատ հետաքրքիր եւ բազմաբնույթ գրականություն՝ զերծ հասարակական-քաղաքական պարտադրանքներից, 21-րդ դարի ռիթմին համահունչ: Դեռ իննսունականների սկզբին ձեւավորված գրական միտումները զարգանում են՝ աստիճանաբար ավելի ու ավելի հղկվելով: Մերօրյա գրականության ե՛ւ դրական, ե՛ւ բացասական բնութագրիչն ազատության սկզբունքն է, ավելի ճիշտ՝ դրա տարբեր՝ ճիշտ եւ սխալ ընկալումները: Դրական առումով այն ընդլայնում է գրականության թեմատիկ ոլորտը, տեսքտակառուցման մեթոդներն ու միջոցները, պոետիկայի հնարավորությունները, եւ արդյունքում ստանում ենք լիովին նոր որակ՝ համապատասխան գրականության ժամանակակից պարբերափուլին: Բացասական առումով (ազատությունն ամենաթողության հետ շփոթելու դեպքում) այն պատճառ է դառնում ինքնանպատակ պատկերների, անասելիք շարադրանքների, գրագիտության բացակայության, լեզվական աններելի մեղանչումների, եւ այս ամենը կոծկվում է «ամենահաս» «պոստմոդեռնիզմի» անվան տակ: Բացասական են նաեւ որոշ գրողների օտարամոլության եւ ձեւապաշտության հակումները։
Գրական տարբեր նախասիրությունների եւ սկզբունքների բախումները գրականության զարգացման գործընթացում ի վերջո կատարում են դրական գործառույթ: Հենց դրանց արդյունքում է ձեւավորվում նոր որակը: Լիահույս եմ, որ ժամանակակից գրական բանավեճ-բախումների վերջնարդյունքը լինելու է առողջի ու մնայունի ամրագրումը:
– Այսօր հատկապես երիտասարդների շրջանում ո՞ր ժամանակաշրջանի գրողների գրքերն են սեր վայելում եւ ասեք, խնդրեմ՝ ինչի՞ հետ է կապված:
– Երիտասարդների գրական նախասիրություններն էլ արդի գրական արտադրանքի պես բազմազան են: Անառարկելի է այն փաստը, որ երիտասարդների շրջանում վերջին տարիներին նկատվում է մեծ հետաքրքրություն գրքի նկատմամբ: Սա, իհարկե, ողջունելի է: Սակայն կա նաեւ հարցի երկրորդ կողմը. ի՞նչ են կարդում երիտասարդները: Սա չափազանց նուրբ հարց է եւ կախված է ընթերցողի գեղագիտական ճաշակից, նախասիրություններից, կրթամակարդակից եւ անգամ հոգեկերտվածքի նկարագրից: Այն երիտասարդները, որոնց համար ընթերցանությունը պարզապես ժամանց է, հիմնականում մնում են զանգվածային գրականության շրջանակներում, նախընտրում են հեշտը, պարզունակը, մակերեսայինը, խուսափում են առավել խորքային, բարդ եւ արժեքավոր ատեղծագործություններից: Տեղին է հիշել Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպի այս տողերը. «Տղա՛ ջան, գրողը հո մատուցող չի՞, որ քիմքիդ հաճելի բաներ մատուցի: Գրականությունը միայն վայելք չի, ցավ էլ կպատճառի, մտածել էլ կստիպի»:
Ընթերցանությունը նախ եւ առաջ աշխատանք է, բարդ եւ խորքային աշխատանք, որ պահանջում է ե՛ւ հոգեւոր-զգայական, ե՛ւ տրամաբանական ակտիվ գործունեություն: Իմ ընկալմամբ՝ բարձր ընթերցողը հենց այս սկզբունքով պետք է մոտենա գրական ստեղծագործություններին: Հուրախություն բոլորիս՝ երիտասարդների մեջ կան նաեւ այդպիսի ընթերցողներ: Երիտասարդ ընթերցողների մոտ հետաքրքրություն է նկատվում արդի գրական կյանքի նկատմամբ: Եվ դա հեշտությամբ բացատրելի է: Երկերի հեղինակներն իրենց ժամանակակիցներն են եւ գեղարվեստորեն արտացոլում են հենց իրենց շուրջ կատարվող իրադարձությունները: Սակայն ժամանակակից կյանքի արագ ռիթմը փոքր-ինչ անհամբեր է դարձրել երիտասարդ ընթերցողներին: Նրանց մեծ մասը նախընտրում է փոքր կտավի գործեր: Հազվադեպ եմ հանդիպում այնպիսի երիտասարդների, որոնք նախընտրում են վեպեր կարդալ: Սա փոքր-ինչ մտահոգիչ է, քանի որ այսօր էլ ստեղծվում են գեղարվեստորեն բարձրարժեք վեպեր, որ սպասում են իրենց ընթերցողներին:
– Միշտ էլ լինում են օրակարգային խնդիրներ: Ժամանակակից գրականության ընթացքն ինչպե՞ս կձեւակերպեք:
– Քաոսային (դրական իմաստով), համարձակ, հակասական, ազատ (ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իմաստով), համադրական եւ շրջադարձային:
– Նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում եք դասախոսում: Կցանկանայի գրականություն-արվեստ կապի մասին խոսեք:
– ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում դասավանդելու տարիները բավականին արդյունավետ եղան հատկապես գրականություն-թատրոն կապն ամբողջությամբ պատկերացնելու տեսանկյունից: Վերջին շրջանում մասնաճյուղում արձանագրված դրական փոփոխություններն անդրադարձել են նաեւ ուսանողների գրական հետաքրքրությունների վրա, եւ ամենայն մասնագիտական պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեր մասնաճյուղի ուսանողները նուրբ գեղագիտական ճաշակի տեր ընթերցողներ են: Դասախոսությունների ժամանակ հաճախ ենք անդրադառնում գրականություն-թատրոն կապին: Թատրոնը համադրական արվեստ է, իսկ գրականությունը թատրոնի նախանյութն է: Գրական հիմքի խորքային իմացությունը լավ ներկայացում ստանալու կարեւորագույն նախապայմաններից է: Գրական հիմքի եւ ներկայացման զուգադիր քննությունները չափազանց հետաքրքիր են: Դեպքեր են լինում, որ ներկայացումն, իրոք, գերազանցում է գրական հիմքին: Սակայն լինում է նաեւ հակառակը: Թատրոնը, ի տարբերություն գրականության, կոլեկտիվ արվեստ է, եւ ներկայացման հաջողությունը կախված է ստեղծագործական ողջ խմբի պատասխանատվությունից եւ տքնաջան աշխատանքից: Իսկ այդ գործընթացում գրական երկը հիմքերի հիմքն է: Անհրաժեշտ է գիտակցել, որ դերասանն էլ լիարժեք ստեղծագործող է, այլ ոչ ռեժիսորի կամակատար, եւ դերասանական հմուտ խաղի արդյունքում կերպարը կարող է ավելի հարստանալ, դառնալ ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ, քան գրական հիմքում է:
– Մամուլում ընթերցելով Ձեր գրականագիտական հոդվածները՝ նկատեցի, որ հիմնական գրանյութը Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունն է:
– Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հոդվածներից մեկում գրել է. «Խանջյանի ստեղծագործությունն իմ ընկալումներում յուրահատուկ բարոմետր է, որ գրեթե անսխալ ցուցանում է նաեւ արդի հայ արձակի հիմնական միտումներն ու գերիշխող հատկականությունը»: Խոսել Գուրգեն Խանջյանի ստեղծագործության մասին՝ նշանակում է այս կամ այն կերպ անդրադառնալ նաեւ արդի գրական կյանքի գերիշխող միտումներին եւ հիմնական ուղղություններին: Դեռ ուսանողական տարիներից ունեի հատուկ հետաքրքրություն այս հեղինակի գրականության նկատմամբ: Այդ հետաքրքրությունը բազմապատկվեց Գուրգեն Խանջյանի հետ ծանոթությունից ու բազմաթիվ հանդիպումներից հետո: Ատենախոսության թեմա ընտրելիս էլ կանգ առա նրա ստեղծագործության վրա: Ինչո՞ւ եմ հետազոտական ակտիվ հետաքրքրություն ցուցաբերում Գուրգեն Խանջյանի ստեղծագործության նկատմամբ: Նախ՝ այն ինձ գրականագիտական «էքսպերիմենտների» լայն հնարավորություն է տալիս: Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունն ինձ օգնեց հղկել եւ ամրացնել գրականագիտական մեթոդաբանության զինանոցս, ընդլայնեց հետազոտական հետաքրքրություններիս ոլորտը: Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունը նաեւ ժամանակակից գրականության ընթացքն ուսումնասիրելու հարմար պատուհան է, որ տալիս է համաժամանակյա եւ տարժամանակյա զուգահեռների լայն հնարավորություն: Գրական մամուլում եւ գիտական ժողովածուներում անդրադարձել եմ նաեւ ժամանակակից այլ հեղինակների՝ Լեւոն Խեչոյանի, Ռաֆայել Նահապետյանի, Խաչիկ Մանուկյանի, Սամվել Խալաթյանի, Արամ Պաչյանի, Արփի Ոսկանյանի, Էլֆիք Զոհրաբյանի եւ այլոց ստեղծագործություններին, գրականագիտական կառուցվածքաբանության խնդիրներին, լեզվաբանություն-գրականագիտություն առնչություններին: Հետաքրքրված եմ նաեւ հայ հին եւ միջնադարյան պատմագրությամբ: Ունեմ անտիպ աշխատանք՝ վերնագրված «Առաջաբանի դերը պատմագրական երկի կառուցվածքում», որին կանդրադառնամ ատենախոսությունս ավարտելուց հետո:
– Հեղհեղուկ խաղաղություն է մեր սահմաններում եւ կարծես ժամանակն էլ է միշտ պարտադրում՝ յուրաքանչյուրս լինենք մեր տեղում:
– Լավատես չեմ, բայց չեմ ուզում մռայլություն պարտադրել ընթերցողներին: Այո՛, բոլորս պետք է լինենք մեր տեղում եւ նվիրվենք մեր աշխատանքին: Մարդկանց՝ իրենց տեղում չլինելու եւ թերացումներով աշխատելու հանգամանքն է նաեւ պայմանավորել այս վիճակը, որը հուսադրող չէ: Այսքանից հետո այլ տարբերակ չկա. լինե՛նք մեր տեղում եւ աշխատենք ամենայն նվիրվածությամբ ու անհրաժեշտության դեպքում՝ նաեւ անձնազոհությամբ:
Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ