You are currently viewing «Դպրոցի նյութատեխնիկական բազան տուժել է, սակայն համալրման փուլում է». Զինաիդա Արզումանյան 

«Դպրոցի նյութատեխնիկական բազան տուժել է, սակայն համալրման փուլում է». Զինաիդա Արզումանյան 

Ճարտարի թիվ 2 դպրոցը մինչեւ պատերազմն ուներ 168 աշակերտ, այժմ՝ 177: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում նշեց Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Արա Ավանեսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Զինաիդա Արզումանյանը: Վերջինս հայտնեց, որ դպրոցն ապահովված է բոլոր առարկաների մասնագետներով, դպրոցական շենքն ունի կենտրոնացված ջեռուցում եւ բարելավված շենքային պայմաններ: 


«2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, չնայած մի շարք դժվարություններին, սկսեցինք բնականոն ուսումնական գործընթացը: Ճիշտ է, մեր դպրոցի նյութատեխնիկական բազան խիստ տուժել է, սակայն այս պահին համալրման փուլում է»,- մեզ հետ զրույցում ասաց Զինաիդա Արզումանյանը, ավելացնելով, որ ամենամեծն ու անդառնալին հազարավոր հայորդիների կորուստն է: Մեր զրուցակիցն ավելացրեց, որ Ճարտար քաղաքային համայնքը 44 օրերի ընթացքում ունեցել է 44 զոհ, որոնցից շատերն էլ իր կողմից ղեկավարվող դպրոցի շրջանավարտներն էին: 
Խոսելով դպրոցում սովորող տեղահանված աշակերտների մասին, զրուցակիցս նշեց, որ նրանք յուրաքանչյուրն արժանանում են աշակերտական եւ ուսուցչական կոլեկտիվների ուշադրությանն ու հոգատարությանը: Դպրոցն ունի նաեւ մասնաճյուղ՝ Վերի շենի Պերճ Գասպարյանի անվան տարրական դպրոցը, որը հիմնադրել է դպրոցի նախկին շրջանավարտ եւ գլխավոր բարերար Աշոտ Ջիվանյանը: Վերջինս նաեւ աջակցում է ոչ միայն նյութատեխնիկական եւ շենքային պայմանների բարելավմանը, այլեւ մեծ հոգածություն է ցույց տալիս ուսումնական գործընթացի որակի բարձրացման ուղղությամբ՝ խրախուսելով կրթական եւ սպորտային մրցույթներում հաղթած աշակերտներին:

Դպրոցում գործում է նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների աջակցության մանկավարժահոգեբանական խումբ, որն ունի համապատասխան գույքով ու տեխնիկական միջոցներով կահավորված սենյակ: «Բարդ ու պատասխանատու աշխատանք են կատարում սոցիալական մանկավարժը, հատուկ մանկավարժը եւ հոգեբանները»,-նշում է դպրոցի տնօրենը, վստահեցնելով, որ ԿԱՊԿՈՒ աշակերտները լիարժեք ներգրավվում են բոլոր դասերին: Զինաիդա Արզումանյանը տեղեկացրեց, որ դպրոցում գործում է շախմատի խմբակ, որին մասնակցում են մինչեւ 12 տարեկան դպրոցականները: «Աշակերտները մեծ սեր են տածում սպորտի նկատմամբ եւ մասնակցում են համայնքում գործող տարբեր սպորտային խմբակներին»,-ասում է դպրոցի տնօրենը: Դպրոցի աշակերտների մեծ մասն այցելում են Արվեստի դպրոց՝ հիմնականում պարի, դաշնամուրի, թատերական եւ այլ խմբակների, իրենց ակտիվությամբ մասնակիցը դառնում ոչ միայն արտադպրոցական, այլեւ համայնքային միջոցառումների եւ մասնակցում են տարբեր մրցույթների: 

Չնայած դպրոցական նոր շենքը շահագործման է հանձնվել 2005 թվականին, չունի ակումբ եւ ամենակարեւորը՝ նկուղային հարկ, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել որպես ապաստարան: «Քանի որ մեր սահմաններին տիրում է հեղհեղուկ խաղաղություն, վստահեցնում եմ, որ ապաստարանն ամենակարեւորն է, որ պետք է ունենա դպրոցը՝ տարհանման գործընթացը լիարժեք եւ ապահով կազմակերպելու համար»,-տեղեկացրեց դպրոցի տնօրենը, ավելացնելով, որ դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԱՀ օրենսդրությամբ, դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն, կրոնական քարոզչություն՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինչպես նաեւ ազգային եւ համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

«Առավոտ» օրաթերթ, 2022 թ.