You are currently viewing ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի նույնպես իր հանդիսատեսին ակտիվ թատերական տարի է խոստանում: Այս պահին բեմադրվում են Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» եւ «Անմահների դիրքը» (ըստ Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսի) ներկայացումները:

Երկու ներկայացումների բեմադրիչը ռեժիսոր Վահան Խաչատրյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ «Մատնաչափիկը» ներկայացման առաջնախաղը ծրագրված է մարտ ամսի առաջին կեսին, իսկ «Անմահների դիրքը» նախապատրաստվում է ապրիլին:

«Առաջին հերթին ես ուզում եմ, որ Արցախի մանուկները ժպտան: «Մատնաչափիկը» շատ լուսավոր եւ գունավոր ներկայացում է, եւ իր մեջ ունի կարեւոր գաղափար՝ թե՛ Մատնաչափիկը, թե՛ արքան պայքարում են իրենց երջանկության համար: Մենք պետք է ցույց տանք մանուկներին, եթե խոչընդոտների միջով մարդ գնում է իր երջանկության հետեւից, այսպես թե այնպես՝ մի օր հասնում է դրան: Կարեւորը ճանապարհից չշեղվելն ու չհանձնվելն է»,-մեզ հետ զրույցում ասել է Վահան Խաչատրյանը:

«Անմահների դիրքը» ներկայացման մասին մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել, ասաց՝ այստեղ լռությունն ավելի կարեւոր է: Փաստ է, որ Արցախում հետպատերազմական շրջանում մշակութային կյանքը զարթոնք է ապրում՝ հանձին դրամատիկական թատրոնի:

2021-ի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերին «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը հյուրախաղերով եղավ Երեւանում: Ինչպես հայտնեց Վահան Խաչատրյանը՝ հիմա նույնպես հյուրախաղեր են պլանավորվում, մասնավորապես փետրվարի 28-ին, մարտի 1-2-ին Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը ռուսերեն լեզվով կրկին կլինի Երեւանում:

Հարցին՝ ի՞նչ ներկայացման կարիք ունի Արցախի հանդիսատեսը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դասական կատակերգության կարիք ունենք: Պետք է այս իրականության հետ ապրել սովորել: Եվ գիտե՞ք, թատրոնի առաջ այսօր կարեւոր մարտահրավեր կա. թատրոնը ստախոս լինելու իրավունք չունի»,-եզրափակեց Վահան Խաչատրյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.02.2022