You are currently viewing «Մեր երիտասարդության հետ միշտ  հույսեր  եմ կապում, այդ իսկ պատճառով հետևողականորեն շարունակում  եմ աշխատել կինոկրթության ոլորտում». Սիրանույշ Գալստյան

«Մեր երիտասարդության հետ միշտ հույսեր եմ կապում, այդ իսկ պատճառով հետևողականորեն շարունակում եմ աշխատել կինոկրթության ոլորտում». Սիրանույշ Գալստյան

Հարցազրույց կինոգետ Սիրանույշ Գալստյանի հետ

-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կա կինոգիտական բաժին, սակայն ինչո՞ւ են դիմորդները քիչ և, ընդհանրապես, ինչո՞ւ են կինոգետները քիչ։


-Անցյալ տարի չորս դիմորդ է եղել այդ բաժնում, սակայն նախորդ տարիների հետ համեմատած, դա այնքան էլ քիչ չէ: Կինոյի տեսաբանները շատ չեն առհասարակ, քանզի այդ մասնագիտությունը պահանջված չէ մեզանում, և տեսական կրթությունը մեծ աշխատանք է պահանջում՝ մասնագիտական կայացման համար։ Այլ երկրներում նույն այդ կրթությունն ստանալուց հետո և այդքան աշխատանքներ տանելուց հետո, ինչ-որ հորիզոններ են երևում, իսկ մեզ մոտ, մեր երկրում շատ աղոտ է այդ հեռանկարը։ Որտե՞ղ կիրառել ստացած գիտելիքները, ինչպե՞ս գտնել համապատսխան աշխատանք, վարձատրության խնդիրը և նմանատիպ շատ հարցեր, որոնք պատնեշ են հանդիսանում մեր երիտասարդների համար։ Շատերը կարծում են, որ ֆիլմի մասին գրելը շատ հեշտ է, սակայն իրականում ահռելի աշխատանք է պետք տանել և կուտակելհամապատասխան գիտելիքներ, որպեսզի ֆիլմերի հիրավի մասնագիտական մեկնություն տալ։ Մեծ մասը, հավանաբար, մտածում են, որ ավելի հեշտ ճանապարհ կակինոժուռնալիստիկան, էլ ինչ կարիք կա գնալ և ստանալ այդ նեղ մասնագիտական կրթությունը, մի մասին էլ պարզապես հայտնի չի այս մասնագիտության մասին։

Մեր օրերում նկարահանվող հայկական ֆիլմերն արտացոլո՞ւմ են արդյոք մեր իրականությունը:

-Երբ հետահայաց դիտում ենք վերջին ժամանակներում նկարվածը, մի տեսակ ամբողջական պատկեր է ստացվում, որում նկատելի են և՛ հաջողված կողմերը, և՛ բացթողումները: Տարվա մեջ մեկ-երկու ֆիլմ էր նկարահանվում, եթե լիամետրաժ խաղարկային կինոյի մասին է խոսքը, որը բնականաբար քիչ էր թվում, սակայն երբ երեք տասնամյակի հեռավորությունից ես դիտում, հասկանում ես, որ բարդ տնտեսական պայմաններում բավականին աշխատանք է կատարվել, և արդյունքում, օրինակ, անկախության երկրորդ տասնամյակում մոտ 60 խաղարկային ֆիլմ է նկարահանվել, բացի այդ, առավել մեծ թվով վավերագրական ֆիլմեր են ստեղծվել, որոնք մեր ժամանակի տարեգրությունն են նաև։ Թերևս սա կարելի է կապել մեր ապրած կյանքի և դրանում տեղի ունեցած առատ պատմաքաղաքական իրադարձությունների հետ. ազատամարտը և այն ամենը, ինչ կատարվում էր մեր շուրջ։ Պատերազմական թեմաներով խաղարկային ֆիլմերը շատ չեն, և դրանք բավականին ուշացումով են հայտնվել: Այսպես, օրինակ «Կյանք ու կռիվ»-ը: Երբ տեսա այս ֆիլմը, հասկացա, որ այն պետք է մի 20 տարի առաջ հայտնված լիներ։ Բայց լավ է, որ ունեցանք: Այդ թեմայով էլի մի երկու ֆիլմ եմ ուզում նշել«Եթե բոլորը», «Եվա»: Իսկ հիմա եկել է մեզ հետ կատարվածի վերաիմաստավորման ժամանակը…

-Ի՞նչն է պակասում հայ էկրաններին, որ մարդիկ չեն դիտում կամ անտեղյակ են մեր ֆիլմերից:

-Կտրվել է հանդիսատեսի կապը մեր կինոյի հետ, այդ ամենը սկսվեց 90-ական թվականներին, երբ կտրուկ փոխվեց կյանքը։ Խորհրդային տարիներին կար ուրիշ մթնոլորտ և արժեհամակարգ, դրա վառ օրինակներից էր ընթերցելու համար միմյանցից գիրք վերցնելը և, իհարկե, միմյանց գիրք նվիրելը, սա սովորական և հաճելի բան էր։ Ներկա ժամանակներում շատերը դա կարող են պարզապես չընկալել։ Գիրք կարդալը, ձայնասկավառակներ փոխանակելը, երաժշտություն միասին լսելը կենսական անհրաժեշտություն էր շատերի համար։ Ներկայումս կյանքի որակը փոխվել է, երբ մարդ աշխատանքից տուն է գալիս, այնպիսի ճնշման տակ է, հոգնած, նրա մոտ ինֆորմացիոն հեղեղ է, հիմնականում նեգատիվ, նա այլևս ի վիճակի չէ գիրք կարդալ կամ որևէ լուրջ ֆիլմ նայել, սակայն, փա՛ռք Աստծո, այդուհանդերձ կան մարդիկ, որոնք փորձում են պահել այդ ապրելակերպը։


-Կարո՞ղ ենք ասել, որ կինոթատրոնները վերացան, և վերացավ նաև ֆիլմ դիտելու ավանդույթը:


-Երբ հասարակարգ փոխվեց, մեզ թվում էր, որ մենք դեպի լավ ապագա ենք գնումդեմոկրատիա, բարեկեցություն, մեզ վարդագույն ապագա էին խոստացել կամ ներկայացրել անկախության քողի ներքո… Իսկ անկախությունը դա մեծ արժեք է, և մենք պատրաստ էինք զրկանքներ կրել, շատ բաների դիմանալ հանուն նրա, որ ունենանք անկախ պետականություն, գոնե մասամբ վերականգնենք պատմական արդարությունըազատագրենլով Հայրենիքի ժամանակին մեզնից խլված մասը, սակայն հետագայում պարզվեց, որ այլ նպատակներով էին օգտագործվում մեր ժողովրդի ազնվագույն ցանկությունները և պայքարը։ Երբ քանդվեց Խորհրդային Միությունը, և անկախացանք, արդյունքը եղավ այն, որ շատ գրախանութներ վերացան և վերածվեցին խաղատների, կինոթատրոնների մեծ մասը չգործարկվեց և չվերանորոգվեց։ Իսկ եթե որևէ բան մնում է և չի շահագործվում, ապա դրա գոյությունը նույնպես տարօրինակ է դառնում, մի տեսակ մաշվում է, ու մի օր այն քանդում են: Չնայած, ես հույս ունեմ, որ կհայտնվեն մարդիկ, որոնք կարժևորեն մշակույթը և փորձեր կանեն վերականգնելու մեր կորցրածը։ Կինոթատրոնները քաղաքային մշակույթի շատ կարևոր մաս են, այդ թվումամառային կինոթատրոնը։ Խորհրդային Միության փլուզումից հետո տնտեսության, արդյունաբերության կազմաքանդում սկսվեց, և դրան զուգահեռ, փոխարինելու եկան շուկայական հարաբերությունները, որոնք էլ քանդեցին մինչ այդ եղած մեր ձեռքբերումները։ Կինոթատրոնները պարզապես սկսեցին քանդել կամ վերածել առևտրի կենտրոնների, օրինակ «Ռոսիա» կինոթատրոնը, իսկ մնացածը մատնվեցին մոռացության և դարձան կիսավեր կառույցներ։ Նորքի առաջին զանգվածում հիանալի կինոթատրոն կար այն տարիներին, որտեղ այնպիսի ֆիլմեր էին ցուցադրվում, որոնք այլ կինոթատրոններում չէիր տեսնի, ցավոք, հիմա այդտեղ աղբանոց է։ Պատկերացրեք, Երևանում կար 20 կինոթատրոն ՝ «Արագածը», «Կոմիտասը», «Մոսկվան», որ շքեղ կառույց է և բարեբախտաբար պահպանվեց, «Նաիրին», որն իդեպ մեր մայրաքաղաքի առաջին կինոթատրոնն էր, այդտեղ կար պատմությունմեր քաղաքի, մշակույթի և անցյալի… Ցավոք, այս կինոթատրոնը ևս դարձավ շուկայական հարաբերություններն ամրապնդող կառույց։ -Երևանը ժամանակին եղել է մշակութային կենտրոն, ո՞ւր կորավ այդ Երևանը: -Երևանը, իսկապես մայրաքաղաք է եղել, որտեղ կար մշակութային կյանք, բացառիկ մթնոլորտ։ Աշխարհահռչակ շատ դեմքեր են եկել այստեղ: Խորհրդային տարիներին Հայաստանում կրթված և պատրաստված հանդիսատես էր ձևավորվել, որը սպասում էր ամեն մի նոր ֆիլմի հայտնվելուն, նույն ներկայացումը դիտում էին մի քանի անգամ՝ համեմատական անցկացնելու դերասանական խաղի միջև։ Մարդիկ շատ էին սիրում պոեզիա, ճանաչում էին պոետներին, անգամ անգիր գիտեին շատ գործեր։ Մենք ունեցել ենք մտավորական էլիտա, միանշանակ, ունեցել ենք ինտելեկտուալներ և նրանք պարտադիր չէ, որ միայն արվեստի գործիչներ լինեին, օրինակ, Մերգելյանի անունը կրող ինստիտուտի, Մեխանիկայի ինստիտուտի, Ֆիզիկայի ինստիտուտի, բազմաթիվ այլ գիտահետազոտական հաստատությունների մասնագետները, զուգահեռ, անպայման հետաքրքրվում էին արվեստով և իհարկե ուսումնասիրում, ընթերցում գրականություն։ Մարդկանց մեջ ձգտում կար, քանզի նրանք հասկանում էին, որ կրթությունը լավ ապագայի գրավականն է: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 90-ականներին, լավ կրթություն ստացած շատ մարդիկ հեռացան, իսկ ովքեր մնացին, շատերն ստիպված սկսեցին ամբողջ օրը, ցրտին կանգնած, հագուստ և տարբեր իրեր վաճառել՝ օրվա ապրուստը հոգալու համար։ Ես չեմ ցանկանում իդեալականացնել խորհրդային անցյալը, որտեղ նույնպես դժվարություններ ու թերություններ կային, բայց և չեմ կարող ուրանալ այն դրականը, որ եղել է: Մենք միամտորեն խաբված էինք անկախության ականապատ երազներով, ավաղ, դրանց փոխարինելու եկան շուկայական հարաբերությունները։


-Ո՞րն է մերօրյա հայ կինոն:


-Շատերը, մի տասը, տասնհինգ տարի առաջ, երբ իմանում էին, որ կինոգետ եմ, առաջին հարցը, որ տալիս էին ինձ«հայկական կինո կա՞»… Ոմանց այսօր թվում է, թե հայկական կինոն հեռուստասերիալներն են: Նրանք անգամ չեն դիտել Վիգեն Չալդրանյանի, Սուրեն Բաբայանի ֆիլմերը։ Իսկ այդ ֆիլմերում արտահայտված է մեր իրականությունը, մեր ժամանակը։Իսկ թե ինչո՞ւ չգիտեն, դա հարցի այլ կողմն է։ Կտրվել է կապը հանդիսատեսի և մեր կինոյի միջև: Ոչ միայն կյանքն է փոխվել… Տարիներ շարունակ ոչինչ չէր արվում, օրինակ, թեկուզ հեռուստատեսությամբ գովազդելու, ներկայացնելու ժամանակակից հայ կինոն: Խիստ հազվադեպ, հատուկենտ ցուցադրություններով դրությունը չես շտկի: Սակայն, 2016-ին, անկախության 25–ամյա հոբելյանի տարում, «Ոսկե Ծիրան» ՄԿՓ ժամանակ, ես ժամանակակից հայկական ֆիլմերը հարթակից ներկայացնելուց հետո հատուկ մնում էի դահլիճում, որպեսզի վերջում, երբ հանդիսատեսը դուրս գալիս լինի, իրենց հարցնեմ. «Հավանեցի՞ք ֆիլմը, հետաքրքի՞ր էր»։ Իրենք զարմացած կամ հիացած դուրս էին գալիս և ինձ հարցնում. «Իսկ ինչո՞ւ չգիտեինք, որ նման ֆիլմեր ունենք…»։ Խնդիրն այն է, որ հետխորհրդային շրջանում, որքան էլ զարմանալի թվա, նկարահանվել են բավական թվով ֆիլմեր, իհարկե, մի մասը ոչ պրոֆեսիոնալ և անգամ, ցածրակարգ կոմեդիաներ, որոնք դիտելու համար մարդիկ այցելել են կինոթատրոններ և սահմանափակվել դրանով։


Մեր երիտասարդության հետ միշտ հույսեր եմ կապում, և դա է պատճառը, որ իմ երիտասարդությունը և հետագա տարիները կապեցի մեր այն երիտասարդության հետ, որը մեր ապագան է դառնալու։ Պարտավորված եմ ինչ-որ տեղ ինձ զգացել, գիտակցելով, որ պետք է իմ գիտելիքները փոխանցեմ հաջորդ սերունդներին… Ու եթե այս տարիների ընթացքում չլինեին խոստումնալից ուսանողներ, դժվար կլիներ այս գործը շարունակել՝ առանց արդյունք տեսնելու։ Սակայն խնդիրն այն է, թե ի՞նչ է լինելու այդ խոստումնալից երիտասարդների հետ, մեր պետության մեջ կա՞ հոգածություն` այդ երիտասարդների հեռանկարի առումով։ Եթե մենք իրենց պետք է կրթենք, պատրաստենք և որոշակի մակարդակի հասցնենք, իսկ հետագայում նրանք գնան արտերկիր և այլևս չվերադառնան՝ հարստացնելով ուրիշների մշակույթը, ուրեմն այս ամենը ինչ-որ իմաստով դառնում է անիմաստ։ Հարկավոր է, որ լավ սովորելը խրախուսվի, ուսանողը դա պետք է զգա, որ լավ սովորելը իր երկրում նպաստավոր է, և պետք է հասկանա, որ ուսումը ոչ միայն կայացման, այլ նաև նրա բարեկեցիկ ապագայի գրավականն է։

Զրուցեց Էրիկ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, մագիստրատուրա 2-րդ կուրս