You are currently viewing ԵՂԱՆԱԿ ՍՏԵՂԾՈՂԸ

ԵՂԱՆԱԿ ՍՏԵՂԾՈՂԸ

Ամառն արդեն դուռը կիսաբաց էր թողել ու հեռացել, իսկ աշունը շատ չուշացավ, դրսից ներս եկավ և փակեց դուռն իր հետևից։ Դրսում աշնան հովանավորներն ամենուր են՝ դեղնած տերևներ գետնին, տաք շարֆեր մարդկանց ուսերին, իսկ երեխաների համար էլ՝ դեղնած տերևներ ծառերին։ Օդի մեջ սկսում է նշմարվել ձմռան սառնությունը, թթվածնի հետ եկող ծուխը, որը միայն ձմռանն է բնորոշ։ Երևանյան ամենասովորական փողոցներից մեկում, որտեղ ասֆալտը անտունի հագուստի պես կարկատած է համարյա ամեն տեղից, քայլում էին տատիկն ու թոռնիկը։ Տատիկն իր սովետական տարիներից մնացած կաշվե վերարկուով, որին եթե հեռվից նայես, կմտածես՝ ևս մի տերև է աշնանային, թոռնիկի ձեռքը բռնած՝ քայլում է՝ փոքրիկին նայելով։ Տատիկը պատրաստ սպասում է, թե իր չորսամյա թոռնիկն այս անգամ ի՞նչ հարցերով է հեղեղելու իրեն։ Հարցն իրեն սպասեցնել չտվեց։

— Տատի,- քաղցր ձայնով կանչեց փոքրիկ տղան,- էս տերևները ինչի՞ են մեկ կանաչ, մեկ դեղին։

— Էն օրն ասեցի քեզ, որովհետև աշուն է,- լուրջ պատասխանեց տատիկը։

— Հա հետո՞ ինչ, ամառն էլ ամառ է,- պատասխանեց թոռնիկը։
— Ամեն եղանակ իր հագուստն ունի, աշունը դեղին հագուստ է սիրում, ձմեռը՝ սպիտակ, ամառը՝ կանաչ։
— Իսկ գարո՞ւնը։

— Գարունն էլ խառն է հագնվում, ա՛յ էն սիրունիկ աղջկա պես,- հայացքով ցույց տվեց տատիկը առջևից եկող աղջկան, որ հազար ու մի գույնի հագուստներով, ժպիտը՝ դեմքին, ականջակալներն՝ ականջներին, քայլում էր ինչ-որ լավ տեղ։
Փոքրիկը ծիծաղելով նայեց աղջկան, հետո տատիկին ու հարցրեց.

— Բա ես հիմա ո՞ւմ պես եմ հագնվել։

— Դու՝ աշնան ու գարնան նման,- ասաց տատիկն ու գրկեց փոքրիկ տղային։

— Բայց ես ամառն եմ սիրում,- պատասխանեց փոքրիկը։
— Ուրեմն՝ մյուս անգամ կանաչ գույնի հագուստ կգնենք քեզ համար։

— Ուռաաա,- գոռաց փոքրիկը։

Փողոցի վերջում՝ խաչմերուկի մոտ, հացթխարան կա։ Թոռանը գրկին՝ տատիկը մի քանի աստիճան բարձրացավ, բացեց խանութի դուռը, և նրանք ներս մտան։
Երեխան նայեց իրենց առջևում գեղեցիկ շարած հացերին ու բարձր ասաց.

— Տատի, հացերը աշուն են սիրում։

Տատիկը սկսեց ծիծաղել, իջեցրեց իր գրկից թոռանը, երկու հաց գնեց երեխայի ասածից ժպտացող վաճառողուհուց, որ ոչ երիտասարդ էր, ոչ էլ շատ մեծ, բռնեց թոռան ձեռքն, ու նրանք դուրս եկան խանութից։

— Հիմա գնում ենք շուկա, բալես,- ասաց տատիկը։

— Ինձ բանան կգնես, չէ՞, տատ։

— Անպայման։

Երկու հարյուր մետր ներքև քայլեցին և հասան մեծ շուկա, որտեղ վաճառում էին բացարձակապես ամեն ինչ, ինչը ծագում է բնությունից կամ ընդհանրապես կապ չունի բնության հետ։
Տատիկն ու թոռնիկը քայլում էին շուկայի մեջտեղով։ Նրանցից աջ և ձախ շարված էին տաղավարները՝ մեկը մեկից տարբեր, մեկը մյուսից ապրանքներով ծանրաբեռնված:
Տատիկը նկատեց մի տաղավար, որտեղ միայն միրգ էին վաճառում։ Մոտեցան տաղավարին։

— Ի՞նչ արժե նուռը,- հարցրեց տատիկը։

— 1000 դրամ,- պատասխանեց տատիկի հասակակից վաճառող պապիկը:

— Երեք հատ տվեք,- ասաց տատիկը՝ հայացք գցելով թոռան վրա, որ հանկարծ տեսադաշտից չկորցնի նրան։
Մինչ պապիկը նուռը կշռելու հարցով էր զբաղված, լսվեց թոռան ձայնը, որը զննում էր տաղավարում դրված մրգերը:

— Տատի, հիմա էս կարմիր խնձորն ի՞նչ եղանակ է սիրում, կամ նուռը,- ամենայն հետաքրքրությամբ հարցրեց փոքրիկը։

— Կարմի՞րը,- հարցից այլայլված՝ հարցով պատասխանեց տատիկը, որպեսզի ժամանակ շահի և մտածի այդ հարցի շուրջ։

— Հա՛, այ էս կարմիր խնձորը,- հաստատեց փոքրիկը։

— Ինքը եղանակ չի սիրում բալես,- ամենահեշտ պատասխանն ընտրեց տատիկը, քանի որ արդեն պետք է վճարեր վաճառական պապիկին։

— Բայց տենց չի լինի, ախր,- նեղսրտեց փոքրիկը, դադար վերցրեց ու ասաց.

— Տատի, բանան չեմ ուզում, ինձ էս կարմիր խնձորից վերցրու։

— Խնձոր ես ուզում, խնձոր կվերցնեմ,- ասաց տատիկը:

Մեկ կիլոգրամ էլ կարմիր խնձոր վերցրեց տատիկը, և նրանք հետ գնացին տուն։

Տուն մտնելուց անմիջապես հետո փոքրիկը մի կարմիր խնձոր վերցրեց տոպրակի միջից և վազեց իր սենյակ։ Տատիկը, տեսնելով դա, ասաց.

— Խնձորն առանց լվանալու չեն ուտում, հետ արի:

Փոքրիկը պատասխանեց.

— Չե՛մ ուտում, տատ։

— Բա ի՞նչ ես անում։

— Նկարում եմ։

Տատիկը զարմացավ, բայց վստահեց երեխային ու անցավ իր տնային գործերին։

Մի քանի ժամ հետո թոռնիկը՝ ժպիտը դեմքին, եկավ հյուրասենյակ՝ ձեռքին կանաչ խնձոր։ Տատիկը, բազմոցին նստած, խաչբառ էր լրացնում։
— Տա՛տ, նայի, խնձորն արդեն ինձ պես ամառ է սիրում,- ասաց թոռնիկը։

Տատիկը, նայելով խնձորին, հասկացավ, որ թոռնիկը կարմիր խնձորը ներկել և կանաչ է դարձրել։ Սկսեց ծիծաղել ու հարցրեց.

— Ա՛յ բալա, էս ինչի՞ ես ներկել խնձորը։

Թոռնիկը պատասխանեց.

— Շատ տխուր կլիներ, եթե ես էլ եղանակ չսիրեի։ Խեղճ խնձորը ոչ մի եղանակ չէր սիրում, իսկ հիմա արդեն կսիրի,- ուրախացած պատասխանեց թոռնիկը։

Հովսեփ ՂԱՐԻԲՅԱՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,

«Սցենարադրամատուրգիական արվեստ» 2-րդ կուրս