Մարդկության պատմությունը հաճախ է կրկնվում։ Նրա բոլոր հանգրվաններում մարդը կարծես կրկին ճաշակում է բարու և չարի գիտության ծառից և սեփական դրախտը ստեղծելու պատրանքը սրտում` կամովին հեռանում Աստծուց ու Նրա պատվիրաններից։ Ամեն դարաշրջան Աստծուն հավատարիմ լինելու կամ չլինելու իր պտուղն է տալիս։ Եվ երբ բացակայում է հավատի ճշմարիտ դավանությունը, և գիտակցված կամ անգիտակցորեն աստվածամերժությունը դառնում է կենսակերպ, այնժամ հավատը փոխակերպվում է` իր տեղը զիջելով հոգևոր դատարկությանը, որ այլ կերպ կոչվում է «սնահավատություն»։ Սնահավատությունը բազմադեմ է։ Դրա դրսևորումներից մեկը աստղագուշակությունն է, որի քրմերը հազարամյակներ ի վեր պնդում են, թե ամեն երևույթ և իրադարձություն, որ կատարվում են մեր կյանքում, պայմանավորված են աստղերի շարժմամբ։ Ըստ նրանց` աստղերն են տնօրինում մարդկանց, ժողովուրդների, ազգերի և պետությունների ինչպիսին լինելը։ Եվ այս հարկադրվող կանխորոշվածության վիհից հառնում է մի ստվերակերպ չաստված, որին հնուց կոչում են «ֆատում»` ճակատագիր։ Մեր օրերում էլ նրան իրենց պաշտամունքն են մատուցում նախասահմանվածության քրմերը։ Առօրյա կյանքում հաճախ կարելի է հանդիպել առաջին հայացքից անմեղ կատակ հիշեցնող մի երևույթի, երբ մարդու անձի, բնավորության գծերի, խառնվածքի մասին կարծիք հայտնելիս հոլովում է նրա անհատական հորոսկոպի անունը։ Ծանոթանալիս սովորություն է դարձել հետաքրքրվել, թե ով երբ է ծնվել, որ համաստեղության տակ։ Շատ է տարածված, երբ երիտասարդ տղան կամ աղջիկը երջանկության մասին իրենց պատկերացումները կառուցում են ըստ իրենց հորոսկոպային տվյալների։ Եվ դրանով միմյանց մասին հաճախ թերի և կանխակալ կարծիք են ձևավորում։ Նման մոտեցումը տարածված է նաև ընկերների շրջանում և երբեմն էլ վճռորոշ գործոն է հանդիսանում փոխհարաբերությունների մեջ։ Այս արտառոց երևույթն արդեն այնքան առօրեական է դարձել, որ նույնիսկ միմյանց հատկանիշները բնորոշելիս ասում են` ես ձուկ եմ, դու ցուլ ես, նա խեցգետին է, առանց նկատելու, թե որքան զավեշտալի ու անբնական է հնչում։ Այս յուրատեսակ ինքնաճանչումն այսօր կատարվում է լայն տարածում գտած և հանրամատչելի հորոսկոպների միջոցով։ Այսօրինակ կեղծ ճանաչողությանը իրենց մեծ ավանդ են բերում զանգվածային լրատվության միջոցները։ Անգամ դպրոցներ ու կենտրոններ են բացվում, որտեղ հաճախողին ըստ աստղերի դասավորության սովորեցնում են ապագայի մեջ թափանցելու գիտությունը և հորոսկոպ կազմելու արվեստը։ Սրանց միջոցով, իբր, մարդ առավել մանրամասնորեն և խորապես հասու է դառնում իր և ուրիշների բնավորությանն ու ճակատագրին։ Սոկրատեսի «Ճանաչիր ինքդ քեզ» նշանավոր ասույթը մեր օրերում գտել է իր արտառոց ու ծաղրանկարային կիրառությունը։ Այս երևույթն ունի մեկ այլ, ավելի ընդգրկուն ընկալում։ Խոսքս աշխարհում կատարվող խոշորագույն իրադարձությունների մեկնաբանմանն ու կանխատեսմանն է ուղղված։ Արդյո՞ք անհատն ու մարդկային հասարակությունը դատապարտված են կրելու այն ճակատագիրը, որը կանխագուշակված է աստղերով։ Եկեք հասկանանք, թե ինչպիսին է մեր եկեղեցու դիրքորոշումն այս խնդրի շուրջ։ Հայտնի է, որ ի հակադրություն ճակատագրապաշտության և աստղագուշակության` եկեղեցին վարդապետում է նախախնամության սրբավանդ ուսմունքը։ Մարդու կյանքի և մահվան, ժառանգական հատկանիշների ու խառնվածքի և առհասարակ` նրա կյանքի ընթացքը և կերպը որոշող գործոնների վրա տարածվում է այն, ինչ կոչվում է աստվածային նախախնամություն։ Իրականում ոչինչ չի վրիպում Աստծո ուշադրությունից. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկան է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետնին չի ընկնում, և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշված են» (Մատթեոս Ժ 29-30)։ Սակայն Տիրոջ նախախնամությունը գործում է առանց մարդու անձնիշխան կամքի վրա բռնանալու։ Աստված ոչ թե կանխանշում է մարդու երկրային կյանքի ընթացքը, այլ այն համապատասխանեցնում է տվյալ անձի բարոյական նկարագրին։ Որքանով մարդն իր կյանքը վարում է ըստ Տիրոջ պատվիրանների, այնքանով նրան բացահայտ ու ըմբռնելի է դառնում աստվածային նախախնամությունը, որն անսահման հեռու է ճակատագրի կողմից պարտադրված նախասահմանվածությունից։ Քանզի այն ամենից առաջ վերաբերում է մարդու ներքին, հոգևոր որակին, այլ ոչ թե նրա կյանքի արտաքին, պատահմունքային իրադարձություններին։ Վերջիններս միայն այդ որակի կայացմանը նպաստող գործոններ են։ Եվ նա, ով ձգտում է ապրել աստվածահաճո կյանքով, դժբախտություններն անգամ դիտում է իբրև նշաններ, որոնցով Տերը խոսում և առաջնորդում է իրեն` նպաստելով անձի առավել կատարելագործմանը։ Այս պատճառով ճշմարիտ քրիստոնյան երբեք չի կարող իր հասցեին հանդուրժել նման սահմանափակ ու գռեհիկ բնութագրումներ, որովհետև ինքն իրեն ճանաչում է իբրև ազատ կամքի տեր մարդ արարած` շարունակ կատարելագործվելու ընդունակ, քանի որ բոլոր թերությունները հաղթահարելու մեջ իրեն գործակից և հաջողիչ է Սուրբ Հոգին։
Ոմանք պնդում են, որ հորոսկոպի տվյալներին հավատալը իրականում ամենևին չի հակասում քրիստոնեական պատվիրանների պահպանությանը, այլ ընդհակառակը. օրինակ` աստղերով պայմանավորված բացասական հատկանիշների ճանաչումը օգտակար է դրանք իսկ հաղթահարելու գործում։ Սակայն մի՞թե ինքնաճանաչման և ինքնակատարելագործման աստվածահաճո գործին կարող է նպաստել մի իրողություն, որի առաջացման ակունքները ճշտված չեն։ Ճշմարտապես Աստծո առջև քայլողը այս ամենի հետ հաշվի նստելուց առաջ պետք է հստակեցնի, թե ինչ տեղ է զբաղեցնում աստղագուշակությունը բարու և չարի հարաբերակցության մեջ։ Հայտնի է, որ մարդկությանը վերջնականապես պղծելու և կործանելու ծրագիրը սատանային չհաջողվեց, որովհետև Աստված խնամքով նախապատրաստեց մարդկության փրկությունը։ Գուշակություններով զբաղվող մարդիկ ու ազգերը միշտ պատժվել և չար վախճանի են արժանացել` իրենց ճակատագրով վկայելով աստղագուշակության կործանարարությունը։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ